Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11621-05.06.2007-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենդական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-52, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«է) կենդանիների Կարմիր գրքի եւ դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը,»

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի ընդունումը նպատակաուղղված է կանոնակարգելու կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար թուլտվությունների տրման ընթացակարգը: Ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի /Հայաստանի Հանրապետության կառավարության 20.04.06թ N15 նիստի արձանագրություն, 12-րդ կետ, 2-րդ ենթակետ/ իրականացվել է Կարմիր գրքում /ցուցակում/ ընդգրկված կենդանատեսակների օգտագործման համար թույլտվություն տրամադրելու վերաբերյալ օտարերկրյա փորձի /հիմնականում եվրոպական երկրների /ուսումնասիրում, որը վկայում է, որ նշված տեսակները մեծամասամբ օգտագործվում են համապատասխան լիազորություններով օժտված մարմինների կողմից տրված թույլտվությունների հիման վրա:

Հաշվի առնելով, որ ըստ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի կենդանիների Կարմիր գիրքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառներում լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը /ՀՀ կառավարության 13.09.2000թ N560 որոշում/, նպատակահարմար է կատարել համապատասխան փոփոխություն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքում` հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման համար թույլտվություն տրամադրելու լիազորությունը վերապահելով այդ բնագավառում լիազորված մարմնին: