Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2925-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի թիվ ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի (այսուհետ` նաեւ կատարման ենթակա ակտեր) հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)` որպես պետական ծառայության առանձին տեսակի, առանձնահատկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերը եւ 4-րդ մասի 6-րդ եւ 7-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի`

1) 1-ն մասում «Հայաստանի Հանրապետության օրենքից» բառերը փոխարինել «օրենքից եւ «Հանրային ծառայության մասին» օրենքից,» բառերով:

2) Հոդվածը լրացնել 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Հարկադիր կատարողների բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են հարկադիր կատարողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

4. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները

1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ.

2) հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոններ:

3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է գլխավոր հարկադիր կատարողը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Անվանացանկում չեն ներառվում գլխավոր հարկադիր կատարողի եւ նրա տեղակալների պաշտոնները:

4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ` հարկադիր կատարողներ):

5. Գլխավոր հարկադիր կատարողը եւ նրա տեղակալները համարվում են հարկադիր կատարման ծառայության պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկում?

6. Սույն օրենքով հարկադիր կատարողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են գլխավոր հարադիր կատարողի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը գլխավոր հարադիր կատարողի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհվում է գլխավոր հարկադիր կատարողին եւ նրա տեղակալներին: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը եւ 5-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

3. Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

4. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած եւ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո` մինչեւ պաշտոնի նշանակվելը, ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու եւ դասընթաց անցնելու կարգը, պայմանները եւ դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններում նշանակելու պայմանները, հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները

1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի` հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն եւ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոն կամ առնվազն երեք տարի` հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

3. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երկու տարի` առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի:

5. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո:»:

Հոդված 10. Օրենքի 12.1 հոդվածի`

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ գլխավոր հարկադիր կատարողի եւ նրա տեղակալների, մյուս հարկադիր կատարողները պաշտոնի նշանակվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 9-րդ, 12-րդ եւ 40-րդ հոդվածների պահանջները:».

2) 3-12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 12.2-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:».

2) 2- 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) Վերնագրում «ատեստավորման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «կատարողականի գնահատումը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:».

3) 2-11-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի`

1) 1-ի եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողի վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու (կիրառել) հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը

1. Հարկադիր կատարողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երեւանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք եւ առավելագույնը հինգ տարվա ծառայություն անցնելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ:

3. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր»:»:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկադիր կատարողի հիմնական իրավունքներն են`».

2) 1-ին մասի 1- 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի 9-րդ կետից հանել «եւ ատեստավորման» բառերը.

4) երկրորդ մասը հանել:

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկադիր կատարողի հիմնական պարտականություններն են`»

2) 1-ին մասի 1- 4-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննություն անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:».

4) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. 2-րդ կետում «այլ» բառից առաջ լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի» բառերը.

բ. 9- րդ եւ 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

գ. 12-րդ կետից հանել «մասնագիտական եւ» բառերը.

2) 3-րդ մասի`

ա. 1-ին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

բ. 2-րդ նախադասությունից հանել «նաեւ» բառը հանել, իսկ «այլ հանձնարարություններ» բառերը փոխարինել «հանձնարարությունները» բառերով:

Հոդված 19. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում «ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ» բառով:

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը:

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` հարկադիր կատարողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի:»:

Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածի`

1) վերնագրում «խրախուսանքի տեսակները» բառերը փոխարինել «խրախուսանքները» բառով.

2) 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկադիր կատարողների նկատմամբ խրախուսանք կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը եւ գլխավոր հարկադիր կատարողը` իրենց կողմից նշանակված հարկադիր կատարողների նկատմամբ:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:

3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկադիր կատարողը կարող է պարգեւատրվել մեդալով կամ կրծքանշանով:

4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

3) 5-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հարկադիր կատարողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը` ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:

3. Մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի եւ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր կատարողների նկատմամբ կիրառում է վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:

4. Ծառայությունից ազատում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:

5. Կարգապահական տույժերը կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը եւ գլխավոր հարկադիր կատարողը` իրենց կողմից նշանակված հարկադիր կատարողների նկատմամբ:»:

Հոդված 24. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը

1. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 25. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 26. Օրենքի 38-րդ հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. 7-րդ եւ 8-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.».

8) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.».

բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ. 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

 14) երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.».

 2) վերջին պարբերությունը հանել.

3) լրացնել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով.

«2. Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկադիր կատարողի լիազորությունները:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:»:

Հոդված 27. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 29. Օրենքը լրացնել 52.1. եւ 52.2. հոդվածներով.

«Հոդված 52.1. Պաշտոնի անձնագիրը

1. Բացառությամբ գլխավոր հարկադիր կատարողի եւ նրա տեղակալների պաշտոնների` հարկադիր կատարման մյուս պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման եւ փոփոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) հարկադիր կատարման ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող հարկադիր կատարողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

3. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնների անձնագրերը հաստատում է գլխավոր հարկադիր կատարողը:

Հոդված 52.2. Հարկադիր կատարողի անձնական գործը

1. Հարկադիր կատարողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Հարկադիր կատարողի անձնական գործը վարում է կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 30.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ