Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-403-04.12.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը

1. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման եւ բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու եւ ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ոչ գաղտնի օպերատիվ հարցումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները տրամադրվում են՝

1) հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին.

3) Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

5. Նախնական քննության տվյալներ պարունակող տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ միայն վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունը ստանալու պարտականությունը կրում  է ոստիկանությունը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված անձանց տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված ժամկետներում:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված անձանց կարող են տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ ժամկետներում:

8. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության եւ օպերատիվ հարցման համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում արգելվում է հարցաքննությունների եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ օպերատիվ հարցումների իրականացումը տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):

9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով իրականացվող տեսաձայնագրությունները հարցաքննության արդյունքների քրեադատավարական ամրագրման ձեւ չեն հանդիսանում եւ քրեական գործի նյութերին չեն կցվում:

10. Սույն հոդվածով նախատեսված նպատակների համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների եւ տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաեւ տեսագրմանն առցանց հետեւելու, տեսագրություններին եւ տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»:

Հոդված 2.

Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը եւ դրանց հանրորեն վտանգավոր բնույթը» բառերը փոխարինել «կանխարգելման անհրաժեշտությունը» բառերով, իսկ 4-րդ մասում վերջին նախադասության «նախազգուշացնել» բառից հետո լրացնել «իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին» բառերը:

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ինչպես նաեւ Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող  ոչ գաղտնի օպերատիվ հարցումների համար օգտագործվող բոլոր տարածքները (աշխատասենյակները) համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո  3 տարվա ընթացքում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ:

Օրինագծի ընդունմամբ կերաշխավորվի նաեւ Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ԵՄ ԹԻՎ ENI/2014/032-771 ֆինանսավորման համաձայնագրի (CRIS համարը՝ ENI/2014/032-771) շրջանակներում ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր բյուջետային օժանդակության ծրագրի խոշտանգումների դեմ պայքարին ուղղված մասով ստանձնած պարտավորության կատարումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Թեեւ ոստիկանությունում տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերի տեղադրման եւ կիրառման տեխնիկական հնարավորություններն առկա են, սակայն անհրաժեշտ է իրավական հստակ կարգավորումներ նախատեսել տեսագրությունների եւ տեսաձայնագրությունների իրականացման, տեսագրությունների պահպանման ու օգտագործման հետ կապված հարաբերությունների համար:

Խոշտանգման եւ վատ վերաբերմունքի ռիսկեր են առաջանում ինչպես հետաքննության ընթացքում՝ որպես անհետաձգելի քննչական գործողություն իրականացվող հարցաքննությունների, այնպես էլ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի հետ օպերատիվ հարցում կատարելու ընթացքում, երբ վերջինս չունենալով դեռեւս կասկածյալի կարգավիճակ, այնուամենայնիվ հրավիրվում է ոստիկանություն եւ հարցման ենթարկվում:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ոստիկանության մասին օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների եւ օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների եւ տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները եւ երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:

2. Կարգավորման առարկան

Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին եւ ելքերին, ինչպես նաեւ ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության եւ օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում  տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու եւ տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է:

Բացի այդ,  օրինագծով Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածում հստակեցվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը: Մասնավորապես, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար: Միաժամանակ, ոստիկանության ծառայողի հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին բանավոր նախազգուշացման պահանջը լինելու է պարտադիր:

3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտ կլինի ՀՀ ոստիկանության պետի հրամանով սահմանել ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների եւ տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաեւ տեսագրմանն առցանց հետեւելու, տեսագրություններին եւ տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 նոյեմբերի 2019 թվականի  N 1625-Ա

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 26
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի   N 1625 - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը:
 
 

         Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ