Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2019Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրվել է «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր): Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով:
Նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված` կրթության եւ առողջապահության ոլորտներում մի շարք միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է` (ա) նախադպրոցական կրթության եւ բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, (բ) առողջապահական ծառայությունների բարելավում, (գ) նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում, (դ) ներառական կրթության եւ առողջապահական ծառայությունների զարգացում, (ե) կրթության ոլորտի մարմինների կառավարման եւ կարողությունների բարելավում, (զ) կրթության եւ առողջապահության ոլորտների կատարողականի կառավարման եւ այն ռեսուրսներով ապահովելու համար հիմնավորումներ ստանալու նպատակով տվյալների օգտագործման հզորացում, (է) միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն` 2020-2022թթ. ժամանակահատվածում կրթության եւ առողջապահության ոլորտների կայուն ֆինանսավորման ապահովում, (ը) հանրային առողջության քաղաքականությունների միջոցով մարդկային կապիտալի բարելավում:
Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման դեպքում չի առաջանալու նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2019թ?2019Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները.
Համաձայնագրի Հոդված 2-ում սահմանված է, որ ԱԶԲ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել վարկ ԱԶԲ-ի Սովորական կապիտալ ռեսուրսներից 9.1 մլն եվրո գումարի չափով: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + 0.6% ֆիքսված սփրեդ - 0.1% վարկի տրամադրման զեղչատոկոս: Վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականությունը կիսամյակային է: Վարկի չօգտագործված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` վարկի 0.15%-ի չափով սկսած պայմանագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից:
Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով եւ ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1618 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2019 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2019 թ. նոյեմբերի 21
Երեւան