Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-412-05.12.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ պարագրաֆով.

« 7.  ՌԵՊՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 570.2 Ռեպո պայմանագիր

1. Ռեպո պայմանագրով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը եւ վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետեւ պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռքբերված  արժեթղթերին համարժեք արժեթղթեր, վաճառողն էլ պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը եւ վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար:

2. Սույն գլխի իմաստով արժեթղթերը համարվում են համարժեք, եթե թողարկվել են միեւնույն թողարկողի կողմից, միեւնույն թողարկման մաս են կազմում, ունեն նույն տեսակը, անվանական արժեքը, բնութագրիչ հատկանիշները եւ նույն քանակի կամ ծավալի են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով

3. Սույն գլխի առաջին պարագրաֆով սահմանված կանոնները  տարածվում են ռեպո պայմանագրերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջեւ կնքված պայմանագրով եւ եթե դա չի հակասում սույն օրենսգրքի գլխի դրույթներին կամ ռեպո պայմանագրի էությանը:

4. Ռեպո պայմանագիրը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործարք:

5. Ռեպո պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է ռեպո պայմանագրի անվավերության:

Հոդված 570.3 Ռեպո պայմանագրի պայմանները

1. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել, որ գնորդը պարտավոր է պայմանագրի գործողության ընթացքում արժեթղթերի դիմաց թողարկողի կողմից վճարվող եկամուտներին, մասնավորապես՝ պարտատոմսերի դիմաց վճարվող տոկոսներին, մարումներին եւ նմանատիպ այլ վճարումներին համարժեք գումար փոխանցել վաճառողին:

2. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել ռեպո պայմանագրով վաճառված արժեթղթերի շուկայական գնի տատանման հետեւանքով հավելյալ ռիսկ ստանձնած կողմի իրավունքը իր ռիսկը ծածկելու նպատակով պահանջելու մյուս կողմից իրեն որպես սեփականություն հանձնել արժեթղթեր կամ դրամական միջոցներ՝ միաժամանակ ստանձնելով դրանք կամ դրանց համարժեքը վերադարձնելու պարտականություն (մարժային փոխանցումներ): Լրացուցիչ արժեթղթերը կամ դրամական միջոցները ստանալու եւ (կամ) դրանց համարժեքը վերադարձնելու կարգը, ժամկետները եւ դրանց հետ կապված այլ հարցերը կարգավորվում են պայմանագրով: Կողմերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները կարող են կիրառել մարժային փոխանցումների ժամանակ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վճարումները չեն համարվում նվիրատվություն:

4. Որպես մարժային փոխանցում տրամադրվող դրամական միջոցների վրա կարող են հաշվեգրվել տոկոսներ:

5. Այն դեպքերում, երբ ռեպո պայմանագրով վաճառված կամ որպես մարժային փոխանցում տրամադրված արժեթուղթը մարվում է նախքան պայմանագրով սահմանված դրա համարժեքը վերադարձնելը, ապա հետ վաճառքի ժամանակ համարժեք արժեթղթի փոխարեն վերադարձվում են մարման գումարները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ռեպո գործարքները աշխարհում ընդունված ֆինանսական գործարքներ եւ ֆինանսավորում ներգրավելու միջոցներ են: Ռեպոն իրենից ներկայացնում է արժեթղթերի առուվաճառքի գործարք, որը ներառում է հետեւյալ 2 փուլերը.

Ռեպո գործարքները հիմնականում օգտագործվում են պարտքով լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու, պարտքով գումար տրամադրելու միջոցով եկամուտ ստանալու, իրացվելիության կառավարելու նպատակով: Դրանք հիմնականում կնքվում են ֆինանսական կազմակերպությունների միջեւ եւ բարձր իրացվելիություն ունեցող արժեթղթերով:

Քանի որ ռեպո գործարքները լայն տարածում ունեն միջազգային ֆինանսական շուկաներում, մասնավոր հատվածը եւ պետությունները ձգտում են ստանդարտացնել գործարքների նկատմամբ կիրառելի պայմանագրերը եւ օրենսդրությունները:

Պայմանագրերի ստանդարտացման նպատակով բավականին լայն աշխատանք է տարվել: Արդեն իսկ տարիներ գործում է միջազգայնորեն ընդունված պայմանագրի ստանդարտ օրինակելի ձեւ՝ GMRA (Global master repurchase agreement - Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագիր): Այն մշակվել է ICMA (Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիա) միջազգային ասոցիացիայի կողմից:

Երկրների մեծամասնությունը ռեպո գործարքները կարգավորում են օրենսդրական մակարդակով, որպեսզի գործարքների նկատմամբ կիրառելի իրավական դաշտը հստակ լինի: Պետությունները աշխատում են օրենսդրությունը նախատեսել այնպես, որ միջազգայնորեն ընդունված GMRA պայմանագիրը կիրառելի լինի իրենց մոտ: Այս առումով երկրներն ապահովում են որոշակիություն եւ գրավչություն՝ ֆինանսական շուկաներում օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների համար:

Օրինակ՝ ԵՄ մակարդակով՝ 2002թ. ընդունվեց ֆինանսական ապահովման միջոց հանդիսացող գործարքների մասին ԵՄ դիրեկտիվը (EU directive on financial collateral arrangements): Ի թիվս այլ հարցերի այն անդրադառնում էր նաեւ սեփականության իրավունքի փոխանցմամբ պարտավորության ապահովման միջոցներին (title transfer collateral):  Մասնավորապես, դիրեկտիվում սահմանված է, որ անդամ երկրները պետք է ապահովեն, որ սեփականության իրավունքի փոխանցմամբ ապահովության պայմանագրերը ունենան իրավական ուժ՝ իրենց պայմաններին համապատասխան:

Դիրեկտիվը տարածվում է որպես ապահովման միջոց տրամադրվող հետեւյալ ակտիվների վրա.


ICMA-ն իր կայքում հրապարակում է տարբեր պետություններում GMRA պայմանագրի կիրառելիության վերաբերյալ իրավական կարծիք: Նպատակը՝ հաստատումն է, որ տվյալ պետությունում օրենսդրությունը թույլատրում է ֆինանսական կազմակերպությունների հետ GMRA պայմանագրով ռեպո գործարք կնքել:

ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է աշխատանքներ տանել, որ Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիա (ICMA) կայքում տեղադրվի իրավական եզրակացություն ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ:

Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի կայքում ՀՀ-ում այդ պայմանագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրումը (ապացույցը որ GMRA-ը ՀՀ-ում «աշխատում է») մեծ գովազդ կլինի ՀՀ-ի համար  եւ այդպիսով կնպաստի օտարերկրյա ներդրողների՝ ՀՀ ռեպոյի շուկա մուտք գործելուն:

Բացի այդ՝ եթե ICMA անդամ կազմակերպությունները ցանկանան ՀՀ բանկերի հետ ռեպո կնքել, նրանք ստիպված չեն լինի ՀՀ-ում GMRA-ի կիրառելիության վերաբերյալ առանձին իրավական եզրակացություն հայցելու համար  լրացուցիչ ծախս կրել:

ICMA-ի կայքում տեղադրված եզրակացություններին հասանելիություն ունի շուրջ 500 ֆինանսական կազմակերպություն (այդ թվում՝ աշխարհահռչակ ֆինանսական կազմակերպությունների մեծ մասը):

GMRA-ի կիրառելիության վերաբերյալ որոշակիություն ապահովելու նպատակով եւ ICMA-ի կայքում իրավական եզրակացություն տեղադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կարգավորել ռեպո գործարքները եւ դրանց հետ կապված որոշ մանրամասներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվի հետեւյալը.

1) ռեպո պայմանագրի հասկացությունը:

2) Նշել, որ ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ եւ նախատեսել դրանց հասկացությունը: Ռեպո գործարքի ընթացքում կախված վաճառված արժեթղթի տատանումից գործարքի կողմերից մեկը հավելյալ ռիսկ է ստանձնում եւ հավելյալ ռիսկ ստանձնած կողմը իրավունք է ձեռք բերում դիմացի կողմից պահանջելու լրացուցիչ ապահովման միջոց՝ որպես սեփականություն փոխանցվող արժեթղթերի, ֆինանսական այլ գործիքների կամ դրամական միջոցների տեսքով:

3) Ռեպո գործարքով կարող է նախատեսվել, որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները (տոկոսային վճար, շահաբաժին եւ նմանատիպ այլ եկամուտներ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին: Քանի որ ռեպո գործարքներում արժեթղթերը տրամադրվում են ժամանակավորապես (հետո հետգնում է տեղի ունենում), տրամաբանական է, որ թողարկողի կողմից արժեթղթի հետ կապված վճարումները անցնեն ոչ թե գնորդին, այլ՝ վաճառողին: Այդ իսկ պատճառով պայմանագրում հաճախ նշում են, որ արժեթղթի դիմաց թողարկողի վճարած եկամուտները Գնորդը պարտավոր է անմիջապես փոխանցել վաճառողին: ՀՀ օրենսդրության ներքո պարզ չէ նման փոխանցման բնույթը, այն կարող է դիտվել որպես անհատույց գործարք եւ ընկնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածով նախատեսված արգելքի տակ, համաձայն որի՝ առեւտրային կազմակերպությունների միջեւ հարաբերություններում նվիրատվությունը արգելվում է:  Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ այդ փոխանցումները նվիրատվություն չեն համարվում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային (ICMA), որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար մուտք գործել ՀՀ շուկա:

5. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ

7 նոյեմբերի 2019 թվականի  N 1537-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   որոշում  է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 11
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1537-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
 
 

Հարգանքով՝     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ