Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-370-17.09.2004,03.05.2005-ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 4-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես անօտարելի եւ բարձրագույն արժեք: Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված  այդ իրավունքներով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Մարդու հիմնական իրավունքները եւ ազատությունները կանխորոշում են օրենքների իմաստը եւ բովանդակությունը, գործադիր իշխանության ու տեղական ինքնակառավարման գործունեությունը եւ ապահովված են արդարադատությամբ:»:

Հոդված 2. Սահմանադրությունը 4-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 4.1 հոդվածով.

«Հոդված 4.1. Պետությունը Հայաստանի Հանրապետության  ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչն է եւ արտահայտում է նրա կամքն ու շահերը: Պետության գլխավոր առաքելությունը մարդու եւ քաղաքացու   հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման ապահովումն է: Պետությունը, նրա մարմիններն ու պաշտոնատար անձինք ծառայում են ժողովրդին, հաշվետու եւ պատասխանատու են ժողովրդի առջեւ:»:

Հոդված 3. Սահմանադրության 5-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանգրերին եւ օրենքներին համապատասխան՝  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման  հիման վրա:

Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում գործում են ինքնուրույն, փոխգործակցում, զսպում եւ հակակշռում են միմյանց:

Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է պետական իշխանության միասնությունը:

Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունն իրականացնում են Հանրապետության Նախագահը, Ազգային Ժողովը, Կառավարությունը, օրենքով սահմանված գործադիր  իշխանության գործառույթներ  իրականացնող այլ մարմինները, դատարանները եւ օրենքով սահմանված  պետական իշխանության գործառույթներ  իրականացնող այլ մարմիններ:

Պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով:»:

Հոդված 4.   Սահմանադրության 6-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի գերակայությունն ու օրենքի իշխանությունը:

Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ նորմատիվ ու անհատական բնույթի իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, օրենքներին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքները եւ համապարտադիր վարքագծի կանոններ պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում միայն օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակումից հետո:

Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում  միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, օրենքի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված առանձին նորմերը, ինչպես նաեւ Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին եւ օրենքներին հակասող ճանաչված  այլ իրավական ակտերը կամ դրանց՝ Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին եւ օրենքներին հակասող ճանաչված  առանձին նորմերը իրավաբանական ուժ չունեն:

Սահմանադրությանը հակասող ճանաչված միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

Միջազգային պայմանագրերի կնքման եւ վավերացման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 5. Սահմանադրության 7-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվում  են  բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը:

Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին:

Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:»:

Հոդված 6. Սահմանադրության 8-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում  երաշխավորվում են շուկայական տնտեսական հարաբերությունների սկզբունքների հիման վրա տնտեսական գործունեության ազատությունն ու  ազատ տնտեսական մրցակցությունը:

Արգելվում են շուկայում մենաշնորհ վիճակի չարաշահումն ու  անբարեխիղճ մրցակցությունը:

Պետության եւ հասարակության շահերից ելնելով` մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակներն ու դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել  միայն  օրենքով:»:

Հոդված 7. Սահմանադրության 9-րդ հոդվածը «իրավունքի» բառից հետո լրացնել «սկզբունքներին եւ» բառերով:

Հոդված 8 . Սահմանադրության 10-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը, բարելավումը եւ բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝   ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքներով:»:

Հոդված 9. Սահմանադրության 11-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո: Պետությունը նպաստում է  ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգությանը  յուրաքանչյուրի  ազատ հաղորդակցվելուն:

Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում, նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:»:

Հոդված 10.  Սահմանադրությունը 11-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 11.1, 11.2, 11.3, 11.4, 11.5.   հոդվածներով՝ հետեւյալ բովանդակություններով.

«Հոդված 11.1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:

Վարչատարածքային միավորների անվանումները, վարչատարածքային բաժանումը եւ  սահմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:

Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարման կարգը սահմանվում է օրենքով: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիությունից   հրաժարվելու  իրավունքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը:

Այլ երկրների քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց օտարերկրյա պետությանը հանձնելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում: Հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

Քաղաքական համոզմունքների համար հետապնդվող այլ երկրների քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք օգտվում են քաղաքական ապաստանի իրավունքից:

Հոդված 11.4. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում  է Հայաստանյաց Առաքելական  Սուրբ եկեղեցու  պատմական  բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում  է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական  կազմակերպությունների գործունեության  ազատությունը:

Հոդված 11.5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոչված են ապահովելու  Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների  անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը ապաքաղաքականացված են եւ գտնվում են  քաղաքացիական վերահսկողության ներքո։»:

Հոդված 11. Սահմանադրության հոդված 13-ի 3-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության  օրհներգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված  12. Սահմանադրության 14-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդու արժանապատվությունը` որպես նրա ազատությունների ու իրավունքների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու եւ քաղաքացու այլ հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների բացառում:»:

Հոդված 13. Սահմանադրությունը 14-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 14.1.   հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 14.1. Մարդիկ` անկախ ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, իրավահավասար են, ունեն Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իրավունքները, ազատությունները եւ պարտականություններն ու առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:»:

Հոդված  14. Սահմանադրության 15-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում մահապատիժն արգելված է:»:

Հոդված  15. Սահմանադրության 16-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք:

Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել  կամ ազատությունը սահմանափակել  այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով՝

1) երբ անձը դատապարտվում է ազատազրկման իրավասու դատարանի կողմից,

2) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում  կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

3) հանցագործությունը կանխելու նպատակով՝ երբ առկա են այն կատարելու մասին հիմնավոր կասկածներ,

4)  անչափահասի դաստիարակչական հսկողության համար,

5) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաեւ՝ երբ հոգեկան հիվանդությամբ տառապելու հետեւանքով անձը վտանգի է ենթարկում իր կամ այլ անձանց կյանքը, առողջությունը կամ խախտում է հասարակական կարգը:

6) անձի  անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն  կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով,

Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է  իր ձերբակալման պատճառների եւ  ներկայացվող մեղադրանքի մասին:

Հարցաքննվող յուրաքանչյուր անձ նախապես պետք է տեղեկացվի իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ անձանց դեմ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին:

Հարցաքննվող, ձերբակալված, կալանավորված կամ մեղադրվող յուրաքանչյուր անձ նախապես պետք է տեղեկացվի  սեփական ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի մասին:

Ձերբակալության մասին անհապաղ տեղեկացվում է ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից ընտրված անձը: Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որեւէ ցուցմունք տալ:

Ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք  է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում  որոշում կայացնի նրա  նկատմամբ   խափանման միջոց ընտրելու  կամ ազատ արձակելու  վերաբերյալ:

Մարդուն կարելի է կալանավորել կամ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Մարդուն չի կարելի  խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված  դեպքերում եւ  կարգով:

Յուրաքանչյուր ոք  իրավունք ունի  իր ձերբակալման, խուզարկման, կալանավորման կամ նշանակված խափանման այլ միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը  վիճարկել վերադաս  դատական  ատյանում:

Ոչ ոքի չի կարելի  ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել  միայն  այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու  պայմանագրային պարտավորությունները:»:

Հոդված 16. Սահմանադրության 17-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ձերբակալված, կալանավորված, ազատազրկված  յուրաքանչյուր անձ ունի  մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք: Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի:

Մարդուն չի կարելի առանց իր գրավոր համաձայնության ենթարկել գիտական,  բժշկական եւ այլ  փորձերի:

Մինչեւ 16 տարեկան երեխաներին արգելվում է ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի:»:

Հոդված 17. Սահմանադրության 18-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար, օրենքով սահմանված հիմքերով ու կարգով, ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջպետական եւ միջազգային  մարմիններին, եթե սպառվել են ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:»:

Հոդված  18. Սահմանադրության 19-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարադատության  բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ  ժամկետում  իր գործի հրապարակային քննության իրավունք:

Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել օրենքով, սակայն վերջնական դատական ակտերը ենթակա են հրապարակման դռնբաց դատական նիստում:

Դատական ակտը կարող է հրապարակվել դռնփակ նիստում, եթե դա վերաբերում է  անչափահասի շահերին, ամուսնական վեճերին կամ  երեխաների խնամակալությանը:»:

Հոդված  19. Սահմանադրության 20-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Պաշտպանի ծառայության դիմաց վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր ոք ունի  հարցաքննության,  ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից սեփական ընտրությամբ  պաշտպան ունենալու իրավունք: »:

Հոդված 20. Սահմանադրությունը հոդված 20-ից հետո լրացնել նոր՝ 20.1.,20.2.,20.3.,20.4. հոդվածներով ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.1.  Յուրաքանչյուր դատապարտյալ ունի իր նկատմամբ  կայացված դատավճիռը բողոքարկելու իրավունք:
Յուրաքանչյուր տուժող ունի  իր գործով կայացված դատավճիռը բողոքարկելու իրավունք:

Բողոքարկման հիմքերը եւ կարգը սահմանվում են օրենքով։

Հոդված 20.2. Յուրաքանչյուր դատապարտյալ օրենքով սահմանված կարգով ունի ներման եւ պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք։

Հոդված 20.3.Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով ունի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, եթե սպառվել են նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու մյուս բոլոր դատական  միջոցները, եւ եթե նա գտնում է, որ իր նկատմամբ ընդունված դատական ակտի հիմքում ընկած օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Սահմանադրությանը:

Հոդված 20.4. Յուրաքանչյուր ոք ունի պետական իշխանություն  եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց   կողմից իրենց լիազորությունների իրականացման ժամանակ ոչ իրավաչափ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ իրավաչափ որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի  հատուցման իրավունք:  Վնասի հատուցման չափերը եւ սույն իրավունքի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված  21. Սահմանադրության 21-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:»:

Հոդված  22. Սահմանադրության 22-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր անձի,իր  ամուսնու եւ իր մերձավոր ազգականների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության պահին գործող օրենքով:

Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

 Ոչ ոք չի կարող  միեւնույն արարքի համար կրկին անգամ դատապարտվել:»:

Հոդված  23. Սահմանադրության 23-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:

Արգելվում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը եւ տարածելը:
Յուրաքանչյուր ոք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իր վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի եւ կարող է պահանջել դրանց ճշգրտում, հերքում կամ վերացում, եթե դրանք հավաստի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով` դատարանի որոշմամբ:»:

Հոդված  24. Սահմանադրության 24-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
 
Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ:»:

Հոդված  25. Սահմանադրության 25-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
 
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի  Հայաստանի  Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի  Հայաստանի    Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
 
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր ոք, ով օրինական  հիմքերով  բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ունի Հայաստանի  Հանրապետություն վերադառնալու իրավունք:»:

Հոդված 26. Սահմանադրության 26-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է որեւէ կրոն չդավանելու ազատությունը,  կրոնը կամ  համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք  ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու  ազատությունը:
Չի կարելի անձին ստիպել միանալ կամ պատկանել կրոնական համայնքի, մասնակցել կրոնական միջոցառման կամ հետեւել կրոնական ուսմունքի:»:

Հոդված  27. Սահմանադրության 27-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու եւ պնդելու  իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով, անկախ պետական սահմաններից:
 
Զանգվածային լրատվության եւ տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:

Պետությունը  երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ եւ համազգային ռադիոյի եւ հեռուստատեսության հանրային ծառայության առկայությունը եւ գործունեությունը:
 
Լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության  նպատակներից ելնելով՝ հեռարձակող լրատվամիջոցների գործունեությունը   կարգավորում է օրենքով ստեղծված մարմինը, որի անդամները նշանակվում են      ժողովրդավարական եւ հրապարակային եղանակով եւ որի որոշումները ենթակա     են  դատական կարգով վերանայման:»:

Հոդված 28. Սահմանադրությունը հոդված 27-ից հետո լրացնել նոր՝ 27.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք, ինչպես առանձին, այնպես էլ այլ անձանց հետ համատեղ ունի  իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց  դիմումներ, առաջարկություններ  կամ բողոքներ  ներկայացնելու եւ պատշաճ պատասխան ստանալու իրավունք:»:

Հոդված  29. Սահմանադրության 28-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:
Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվել որեւէ կուսակցության կամ միավորման:

Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով, իսկ կուսակցությունների գործունեությունը՝ Սահմանադրական դատարանի որոշմանբ:»:

Հոդված   30.   Սահմանադրության 29-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր  ոք ունի խաղաղ հավաքներին մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունք:
 
Օրենքով սահմանված առանձին դեպքերում խաղաղ հավաքներն անց են կացվում ողջամիտ ժամկետում ներկայացված հայտի հիման վրա:

Փակ շինություններում հավաքների անցկացումն ազատ է:»:

Հոդված  31. Սահմանադրության 30-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն նաեւ այլ քաղաքացիություն: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող  կամ նաեւ այլ քաղաքացիություն ունեցող  անձանց` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքը:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող անձինք: Օրենքով կարող են սահմանվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքի լրացուցիչ սահմանափակումներ:»:

Հոդված 32. Սահմանադրությունը հոդված 30-ից հետո լրացնել նոր՝ 30.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 30.1. Քաղաքացիներն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով պետական ծառայության ընդունվելու իրավունք ունեն:
Պետական ծառայության սկզբունքներն ու կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:»:

Հոդված  33. Սահմանադրության 31-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք:

Սեփականատերը, իր հայեցողությամբ, տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը, իր մտավոր գործունեության արդյունքները:

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում: Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում,  օտարման տվյալ դեպքի բացառիկությունը հիմնավորող, օտարման ընթացակարգը եւ նախնական համարժեք փոխհատուցումը սահմանող  օրենքի հիման վրա:
 
Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում այլ պետությունների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:»:

Հոդված 34. Սահմանադրությունը հոդված 31-ից հետո լրացնել նոր՝ 31.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում է օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:»:

Հոդված  35. Սահմանադրության 32-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի  աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Յուրաքանչյուր ոք  ունի  օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման հետ կապված սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Աշխատողներն  ունեն  իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլի իրավունք: Այս իրավունքի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Պետությունն իրականացնում է  գործազրկության կրճատման եւ  արդյունավետ զբաղվածության ծրագրեր։ Մինչեւ 16 տարեկան երեխաներին  մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

Հարկադիր աշխատանքն արգելվում է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 36. Սահմանադրության 33-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:»:

Հոդված 37. Սահմանադրությունը հոդված 33-ից հետո լրացնել նոր՝ 33.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել շրջակա միջավայրը:

Պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն:
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու  կամ դրա տրամադրումը մերժելու համար:»:

Հոդված  38. Սահմանադրության 34-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական  այս իրավունքի իրականացման համար:»:

Հոդված  39. Սահմանադրության 35-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Ամուսնական տարիքի հասած տղամարդը եւ կինը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք: Տղամարդը եւ կինը ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:
 Ամուսնության եւ ընտանիքի վերաբերյալ իրավահարաբերությունները, ինչպես նաեւ հասարակության եւ պետության հովանավորությունն ու պաշտպանությունը   կարգավորվում են օրենքով:»:

Հոդված 40. Սահմանադրության 36-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ծնողներն իրավունք ունեն եւ պարտականություն են կրում հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար:

Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 41. Սահմանադրության 37-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր  քաղաքացի  ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում ու կարգով  սոցիալական ապահովության իրավունք:»:

Հոդված  42. Սահմանադրության 38-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք  ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության եւ սպասարկման կարգը սահմանվում է օրենքով: Պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:»:

Հոդված  43. Սահմանադրության 39-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք  ունի կրթության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում  կրթության պարտադիր մակարդակը սահմանվում է օրենքով:

Միջնակարգ կրթությունը պետական եւ համայնքային  ուսումնական հաստատություններում իրականացվում է պետական միջոցների հաշվին:

Պետությունը, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:

Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը, ինքնավարության սկզբունքները  սահմանվում են  օրենքով:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցույթային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված  44. Սահմանադրության 40-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:
Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:»:

Հոդված   45. Սահմանադրության 41-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ իրենց ավանդույթների պահպանման, էթնիկական, լեզվական, մշակութային եւ կրոնական ինքնությունն անարգել արտահայտելու, պահպանելու եւ զարգացնելու  իրավունք:»:

Հոդված  46. Սահմանադրության 42-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք ազատ է կատարել այն, ինչն արգելված չէ օրենքով: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ օրենքի հիման վրա:

Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը  վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:»:

Հոդված 47. Սահմանադրության 43-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Սահմանադրության 23-29 հոդվածներով, 32 հոդվածի չորրորդ մասով սահմանված մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում  պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման,  հանրության առողջության ու բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:»:

Հոդված 48. Սահմանադրությունը հոդված 43-ից հետո լրացնել նոր՝ 43.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանադրության 28 եւ 29 հոդվածներով սահմանված իրավունքները չեն խոչընդոտում օրենքով  սահմանված սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության եւ պետական կառավարման համակարգում գտնվող անձանց կողմից իրենց այդ իրավունքների իրականացման նկատմամբ:»:

Հոդված  49. Սահմանադրության 44-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 14, 15, 17-22, եւ 42 հոդվածներում սահմանվածների  կարող են իրավիճակին համարժեք չափով օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ  արտակարգ  դրության ժամանակ՝ արտակարգ  իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:»:

Հոդված 50. Սահմանադրությունը հոդված 44-ից հետո լրացնել նոր՝ 44.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 44.1. Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել միջազգային իրավունքի գործող նորմերով սահմանված շրջանակները կամ խախտել իրավունքի էությունը:

Օրենքը կարող է նախատեսել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք հետապնդում են Սահմանադրությանը համապատասխանող նպատակ եւ պիտանի, անհրաժեշտ ու չափավոր են այդ նպատակին հասնելու համար։»:

Հոդված 51. Սահմանադրությունը հոդված 44.1.-ից հետո լրացնել նոր՝ 44.2. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանադրությամբ սահմանված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների մասին դրույթների իմաստն ու էությունն անխախտելի են։»:

Հոդված  52. Սահմանադրության 45-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:»:

Հոդված  53. Սահմանադրության 46-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:»:

Հոդված  54. Սահմանադրության 47-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պաշտպանելու Սահմանադրությունը, նրանում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքները:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 55. Սահմանադրության 48-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով օժտված են նաեւ իրավաբանական անձինք` այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:»:

Հոդված 56. Սահմանադրության գլուխ 3-ի վերնագիրը «Հանրապետության» բառից առաջ լրացնել «Հայաստանի» բառով:

Հոդված 57.   Սահմանադրության 49-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի  Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահի լիազորությունները եւ գործառույթները սահմանվում են Սահմանադրությամբ:

Հանրապետության Նախագահը հետամուտ  է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության  եւ պետական  իշխանության հաջորդայնության երաշխավորն է:

Հանրապետության Նախագահը պետության բարձրագույն պաշտոնատար անձն է եւ օրինականության պահպանման երաշխավորը:»:

Հոդված 58. Սահմանադրության 51-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ` Սահմանադրությամբ  եւ օրենքով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է վավեր ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրն անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է մասնակիցների  ձայների կեսից ավելին:
 
Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումի մուտքագրումից հետո  տասնօրյա ժամկետում, իսկ սույն  հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

Հանրապետության Նախագահն իր պաշտոնը  ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:
Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը անցկացվում է նոր ընտրություն:
Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրությունից հետո` տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 59. Սահմանադրության 52-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն:

Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն:»:

Հոդված 60. Սահմանադրության 54-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի հատուկ նիստում, Սահմանադրական դատարանի անդամների մասնակցությամբ, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը, երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության  եւ ի բարօրություն մեր ժողովրդի:»:

Հոդված 61. Սահմանադրության 55 հոդվածը առաջին մասից հետո լրացնել նոր՝ 1.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ,»:

Հոդված 62. Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«2) Ազգային ժողովի ընդունած օրենքը ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով եւ/կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում: Ազգային ժողովի կողմից  վերստին ընդունված օրենքը Հանրապետության Նախագահը հրապարակում է հնգօրյա ժամկետում    կամ դիմում է Սահմանադրական դատարան օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումով: Եթե Սահմանադրական դատարանը տալիս է եզրակացություն օրենքի դրույթների` Սահմանադրությանը հակասելու մասին, ապա օրենքը  չի հրապարակվում:

Եթե Սահմանադրական Դատարանը տալիս է եզրակացություն օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին, Հանրապետության Նախագահը օրենքը հրապարակում է եռօրյա ժամկետում:»:

Հոդված 63. Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«3) Սահմանադրության 74 հոդվածով  նախատեսված դեպքերում, բայց ոչ ուշ, քան այդ դեպքերի առաջացման պահից 15 օրվա ընթացքում, կարող է կրճատել Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը եւ նշանակել արտահերթ ընտրություն:

Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կրճատելուց ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված դեպքերում, Ազգային Ժողովի լիազորությունների ժամկետը կրճատվելուց հետո, գործող Վարչապետը պաշտոնանկման ենթակա չէ:

Հոդված 64. Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«4) Սահմանադրությամբ նախատեսված  դեպքերում եւ  կարգով  հրամանագրում է Վարչապետի  նշանակումը եւ ազատումը: Վարչապետի առաջարկությամբ հրամանագրում է Կառավարության անդամների նշանակումը եւ ազատումը:»:

Հոդված 65. Սահմանադրության 55 հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակություններով՝ 4.1 եւ 4.2 մասերով.

«4.1) ընդունում է Վարչապետի հրաժարականը,

4.2) կարող է պաշտոնանկ անել Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարներին՝ առանց Վարչապետի առաջարկության,»:

Հոդված 66. Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում,»:

Հոդված 67. Սահմանադրության 55 հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակություններով՝  5.1, 5.2, 5.3, 5.4 եւ 5.5 մասերով.

«5.1) խորհրդակցելով Ազգային Ժողովի խմբակցությունների հետ նշանակում, Ազգային Ժողովի համաձայնությամբ ազատում է Վերահսկիչ պալատի նախագահին.

5.2) Ազգային Ժողովին է ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու,Կենտրոնական բանկի Նախագահին պաշտոնից ազատելու առաջարկություն,

5.3) նշանակում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներ եւ խորհրդի անդամներ,

5.4.) Սահմանադրության 109.1. հոդվածով նախատեսված դեպքում նշանակում է Երեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար,»:

Հոդված 68. Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում,  որոշում է արտաքին քաղաքականության գերակայությունները,  իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում  է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը,»:

Հոդված 69.  Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«9) հետամուտ է պետական շահերի պաշտպանությանը:

Նշանակում, Ազգային Ժողովի համաձայնությամբ ազատում է գլխավոր դատախազին:

Նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին,»:

Հոդված 70. Սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«10) նշանակում է Սահմանադրական դատարանի անդամներ:

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին,»:

Հոդված 71. Սահմանադրության 55 հոդվածը 10-րդ մասից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 10.1 մասով.

«10.1) Սահմանադրության 83 հոդվածով նախատեսված դեպքում նշանակում է Սահմանադրական դատարանի նախագահ,»:

Հոդված 72. Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«11) Սահմանադրության 95 հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի, մասնագիտացված  դատարանների դատավորներ,

Համաձայնություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին:»:

Հոդված 73.  Սահմանադրության 55 հոդվածը 11-րդ մասից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակություններով՝ 11.1 եւ 11.2 մասերով.
«11.1) նշանակում եւ ազատում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի, մասնագիտացված  դատարանների նախագահներին,

11.2) շնորհում է որակավորման դասեր դատավորներին՝  արդարադատաության խորհրդի առաջարկության հիման վրա:»:

Հոդված 74.   Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում  է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը,»:

Հոդված 75. Սահմանադրության 55 հոդվածը 12-րդ մասից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 12.1 մասով.

«12.1) Սահմանադրության 81 հոդվածով նախատեսված դեպքում որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու մասին,»:

Հոդված 76. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«13) որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն, այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել եւ ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին: Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում, իրավունքի ուժով,  անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ,որը քննության է առնում ձեռնարկաված միջոցառումների՝ իրավիճակին համապատասխանության հարցը:

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով,»:

Հոդված 77. Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի   դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի Նախագահի եւ Վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող համարժեք միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Այս դեպքում  իրավունքի ուժով  անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկաված միջոցառումների՝ իրավիճակին համապատասխանության հարցը:

Մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի եւ/կամ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմաների խախտման հանգեցնող կամ նման վտանգ պարունակող բնական երեւույթների, տեխնածին, տարերային կամ բնապահպանական աղետների, համաճարակների եւ նման այլ իրավիճակների դեպքերում, խորհրդակցելով Ազգային ժողովի Նախագահի եւ Վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող համարժեք միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Այս դեպքում  իրավունքի ուժով  անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկաված միջոցառումների՝ իրավիճակին համապատասխանության հարցը:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով,»:

Հոդված 78. Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ քաղաքական ապաստանի  հետ կապված հարցերը,»:

Հոդված 79. Սահմանադրության 56-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահը  արձակում եւ  հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում եւ պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:»:

Հոդված 80. Սահմանադրությունը հոդված 56-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 56.1. հոդվածով՝

«Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

 Անձեռմխելիությունը վերաբերում է միայն այնպիսի գործողություններին, որոնք բխում են Հանրապետության Նախագահի գործառույթներից:»:

Հոդված 81.   Սահմանադրության 57 հոդվածի առաջին մասը «դավաճանություն» բառից հետո լրացնել «կամ Սահմանադրության խախտման» բառերով:

Հոդված 82. Սահմանադրության 58-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահն իր  հրաժարականը  ներկայացնում է  Ազգային ժողովին: Հանրապետության Նախագահի հրաժարականը քննարկվում է Ազգային Ժողովի նիստում եւ  համարվում է ընդունված:»:

Հոդված 83. Սահմանադրության 59-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովի  կամ  կառավարության առաջարկով եւ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա,  Ազգային Ժողովը,  պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին: Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:»:

Հոդված 84. Սահմանադրության 60-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի Նախագահը, իսկ  եթե  դա անհաղթահարելի խոչընդոտների առկայության հետեւանքով  հնարավոր չէ` Վարչապետը: Ազգային ժողովի Նախագահի կամ Վարչապետի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, դրանք իրականացնում է Սահմանադրական դատարանի նախագահը:

Եթե Հանրապետության Նախագահը ժամանակավոր չի կարող կատարել իր պարտականությունները, այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի Նախագահին, որն այդ ժամանակահատվածում կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները:

Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարողն իրականացնում է Հանրապետության Նախագահին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները՝ բացառությամբ Սահմանադրության 55 հոդվածի 2-6 եւ 8-12 կետերով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 85 . Սահմանադրությունը հոդված 60-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակություններով 60.1. եւ 60.2  հոդվածներով՝

«Հոդված 60.1. Ռազմական դրության պայմաններում Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական դրության ավարտից հետո քառասուներորդ օրն  անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն:

Հոդված 60.2. Ռազմական դրության հայտարարման դեպքում, եթե արդեն կայացել է Հանրապետության Նախագահի ընտրությունը,  գործող Նախագահը անհապաղ իր լիազորությունները հանձնում է ընտրված նոր Նախագահին:»:

Հոդված 86. Սահմանադրության 61 հոդվածը՝ հոդվածի սկզբում լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ  նախադասությունով
«Հանրապետության Նախագահը  օրենքով սահմանված կարգով  ձեւավորում է իր աշխատակազմը:»:

Հոդված 87. Սահմանադրության 4-րդ գլխի վերնագիրը փոխարինել «Օրենսդիր իշխանությունը» բառերով:

Հոդված 88. Սահմանադրության 62-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային Ժողովը՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը, մշտապես գործող պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը եւ Սահմանադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Սահմանադրության 57, 59, 66, 67, 73, 74.2, 77,  80.1, 81, 83, 84, 85.3, 85.4, 111, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի Նախագահը:

Ազգային ժողովն ընդունում է ուղերձներ եւ հայտարարություններ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:»:

Հոդված 89. Սահմանադրության 63-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովը կազմված է հարյուր  քսան մեկ պատգամավորից:

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային Ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների սկսման օրը:

Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել Սահմանադրության 74.1 հոդվածով  նախատեսված  դեպքերում:

Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը չի կարող  կրճատվել Սահմանադրության 55 հոդվածի  3, 13 եւ 14 կետերով  եւ 58, 59 հոդվածներով  նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ՝ երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:»?:

Հոդված 90. Սահմանադրությունը հոդված 63-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 63.1. հոդվածով՝

«Հոդված 63.1. Ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

Եթե մինչեւ ռազմական դրություն հայտարարելու օրը կայացել է Ազգային Ժողովի ընտրությունը, ապա նորընտիր Ազգային Ժողովն իր լիազորությունների կատարմանն է անցնում ռազմական դրության ավարտից հետո՝ առաջին հինգշաբթի օրը:»:

Հոդված 91. Սահմանադրության 65-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, ինչպես նաեւ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:

Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:»:

Հոդված 92. Սահմանադրության 66-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:

Պատգամավորին չի կարելի ձերբակալել  եւ/կամ կալանավորել  առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի Նախագահը:

Պատգամավորն իրավունք ունի հրաժարվել վկայություն տալուց՝ իր պատգամավորական գործունեության ընթացքում իրեն որպես պատգամավոր վստահած անձանց մասին եւ/կամ նրանցից ստացած գրավոր կամ բանավոր տեղեկությունների մասին:»:

Հոդված 93. Սահմանադրության 67 հոդվածում.

ա) առաջին մասում «արձակման» բառը փոխարինել «լիազորությունների ժամկետը կրճատելու» բառերով,

բ) առաջին մասից հանել «մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայելու» բառերը,

գ) երկրորդ մասում «կանոնակարգով» բառը փոխարինել «կանոնակարգ օրենքով» բառերով:

Հոդված 94. Սահմանադրության 68 հոդվածի 4-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով:

Հոդված 95. Սահմանադրությունը հոդված 68-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 68.1. հոդվածով՝

«Հոդված 68.1 Արգելվում է Ազգային Ժողովի ընտրություն անցկացնել Հանրապետության Նախագահի ընտրության հետ համատեղ, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի ընտրությունից վաթսուն օր առաջ եւ հետո ընկած ժամանակահատվածում:»:

Հոդված 96. Սահմանադրության հոդված 69-ում «դեկտեմբերի երկրորդ» բառերը փոխարինել «դեկտեմբերի երրորդ» բառերով, իսկ «փետրվարի առաջին» բառերը՝ «հունվարի երրորդ» բառերով:

Հոդված 97. Սահմանադրության 70-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի Նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Ազգային ժողովի արտահերթ նիստ կամ նստաշրջան կարող է գումարել  Հանրապետության Նախագահը`  սահմանելով օրակարգը եւ ժամկետը:

Արտահերթ նստաշրջան կարող է հրավիրվել միայն հերթական նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում:»:

Հոդված 98. Սահմանադրության 71-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրության 57, 59, 84, 85.3, 85.4, 111 հոդվածներով, 75.1 հոդվածի առաջին, 79 հոդվածի առաջին, 83 հոդվածի երկրորդ մասերով նախատեսված դեպքերի, ընդունվում են նիստին գրանցված  պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Օրենքների, Ազգային Ժողովի որոշումների, ուղերձների, հայտարարությունների նախագծերը քվեարկության են դրվում Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով քննարկումից հետո:»:

Հոդված 99. Սահմանադրության 72-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը քննարկում է արտահերթ:
Հանրապետության Նախագահի առարկություններով եւ/կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքը վերստին  քվեարկվում է:»:

Հոդված 100 . Սահմանադրության 73-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային Ժողովի որոշմամբ Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ:

Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական նախաձեռնությունների եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար:

Մշտական հանձնաժողովներն Ազգային Ժողովի անունից իրականացնում են խորհրդարանական վերահսկողություն: Այդ նպատակով նրանք կարող են անցկացնել խորհրդարանական լսումներ, քննարկումներ, փորձաքննություններ, ուսումնասիրություններ:

Ազգային Ժողովը կարող է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին խնդիրների ուսումնասիրման եւ դրանց վերաբերյալ Ազգային Ժողովին եզրակացություն տալու համար, ինչպես նաեւ քննություն կամ վերահսկողություն կատարելու նպատակով:

Պատգամավորների մեկ հինգերորդի կամ խմբակցության պահանջով Ազգային Ժողովը պարտավոր է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին խնդիրների ուսումնասիրման եւ դրանց վերաբերյալ Ազգային Ժողովին եզրակացություն տալու համար, ինչպես նաեւ քննություն կամ վերահսկողություն կատարելու նպատակով:

Նախարարները եւ այլ պաշտանատար անձինք, Ազգային Ժողովի  հանձնաժողովների պահանջով, պարտավոր են ներկա լինել  հանձնաժողովների նիստերին եւ պատասխանել առաջ քաշված հարցերին:»:

Հոդված 101 . Սահմանադրության 74 հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

« Հանրապետության Նախագահի կողմից Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կարող է  կրճատվել հետեւյալ դեպքերում.

ա) երբ հերթական նստաշրջանի ընթացքում   Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում Հանրապետության Նախագահի կամ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ  քննարկում եւ/կամ քվեարկություն չի անցկացնում,

բ) երբ  հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երկու ամսից ավելի ընդհատվում են,

գ) երբ  հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի ժամկետում ի վիճակի չէ քննարկվող հարցերի առնչությամբ որեւէ որոշում կայացնել:»:

Հոդված 102. Սահմանադրությունը հոդված 74-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 74.1 հոդվածով՝

«Հոդված 74.1. Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված դեպքերում Ազգային Ժողովի լիազորությունների ժամկետը կրճատվելուց հետո, Ազգային Ժողովի նիստ կարող է հրավիրվել միայն Սահմանադրության 55 հոդվածի 13 եւ 14 կետերով նախատեսված դեպքերում՝ իրավունքի ուժով:»:

Հոդված 103. Սահմանադրության 75-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Oրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է Հանրապետության Նախագահին,  պատգամավորներին եւ կառավարությանը:
Հանրապետության Նախագահը եւ Վարչապետը Ազգաին Ժողովում ունեն արտահերթ ձայնի իրավունք:
Հանրապետության Նախագահը եւ Կառավարությունը կարող են անհետաձգելի համարել իրենց կողմից Ազգային Ժողով ներկայացված օրենքների նախագծերը:»:

Հոդված 104. Սահմանադրությունը հոդված 75-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 75.1. հոդվածով՝

«Հոդված 75.1. Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների  եւ/կամ  Կառավարության եզրակացության համաձայն՝ պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերը ավելացնող օրենքների նախագծերը, Ազգային Ժողովը, Կառավարության պահանջով, ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 105. Սահմանադրության 77 հոդվածի 2-րդ մասից հանել «Ազգային Ժողովի» բառերը:

Հոդված 106.   Սահմանադրության 78 հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 107. Սահմանադրությունը հոդված 78-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 78.1. հոդվածով՝

«Հոդված 78.1. Ազգային Ժողովի մարմիններն են՝ Ազգային Ժողովի Նախագահը, խմբակցությունները, պատգամավորները եւ հանձնաժողովները:»:

Հոդված 108. Սահմանադրության 79-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում եւ կարող է հետ կանչել  Ազգային ժողովի Նախագահին, նրա երկու տեղակալներին:

Ազգային ժողովի Նախագահը վարում է Ազգային ժողովի նիստերը,  ապահովում նրա բնականոն գործունեությունը:
Ազգային ժողովի Նախագահը, Սահմանադրությամբ եւ Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով, տնօրինում է Ազգային Ժողովի նյութական միջոցները:»:

Հոդված 109. Սահմանադրությունը հոդված 79-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակություններով՝ 79.1 եւ 79.2 հոդվածներով՝

«Հոդված 79.1. Առանց Ազգային Ժողովի Նախագահի համաձայնության Ազգային Ժողովի տարածքում չի կարող կատարվել որեւէ խուզարկություն, ձերբակալում կամ կալանավորում: Առանց նրա թույլտվության որեւէ զինված կազմավորում չի կարող մտնել Ազգային Ժողովի տարածք:

Ազգային Ժողովի Նախագահը, Սահմանարության 66 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, առաջիկա նիստում տեղյակ է պահում Ազգային Ժողովին:

Հոդված 79.2. Ազգային ժողովի գործունեությունը կազմակերպելու  համար ստեղծվում է Ազգային ժողովի խորհուրդ, կազմված` Ազգային ժողովի Նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների ղեկավարներից,  մշտական հանձնաժողովների նախագահներից:  Խորհուրդը հավանություն է տալիս Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի նշանակմանը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը, թվաքանակը եւ   Ազգային ժողովի ծախսերի  նախահաշիվը: Խորհրդի գործունեության կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ  օրենքով:»:

Հոդված 110. Սահմանադրության 80 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակություններով երկու նոր մասեր.

«Պատգամավորներն իրավունք ունեն նաեւ գրավոր հարցերով դիմելու կառավարությանը,  գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող օրենքով սահմանված այլ մարմիններին,  տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, պետական հիմնարկներին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու ստանալ նրանցից պատասխաններ:
Պատգամավորների գրավոր հարցերի պատասխանները Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:»:

Հոդված 111. Սահմանադրությունը հոդված 80-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 80.1. հոդվածով՝

«Հոդված 80.1. Խմբակցությունները յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում  կարող են գրավոր  մեկ հարցապնդմամբ դիմել կառավարությանը:

Վարչապետը, կառավարության անդամները հարցապնդմանը պատասխանում են հերթական նստաշրջանի ընթացքում` հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ եթե ավարտվել է հերթական նստաշրջանը` հաջորդ նստաշրջանի առաջին նիստում:

Հարցապնդումների պատասխանը ներկայացվում է Ազգային ժողովի նիստում եւ Ազգային ժողովի որոշմամբ կարող է քննարկվել հաջորդ  նիստում:»:

Հոդված 112. Սահմանադրության 81-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ`

1)հայտարարում է համաներում.

2)վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը`

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ  կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ սահմանում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներում,

ե) որոնցով դա նախատեսված է.

3)որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու, խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարվելու անհնարինության դեպքում պատերազմի հայտարարման որոշումը կայացնում է  Հանրապետության Նախագահը,

4)որոշում է ընդունում Վարչապետի պաշտոնանկության մասին,

5)համաձայնություն է տալիս գլխավոր դատախազի ազատմանը

6)համաձայնություն է տալիս Վերահսկիչ պալատի նախագահի ազատմանը.

7)նշանակում եւ ազատում  է կենտրոնական բանկի նախագահին,

8)օրենքով նախատեսված դեպքերում հավանություն է տալիս պետական պաշտոններում նշանակումներին:»:

Հոդված 113. Սահմանադրության 82 հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 114. Սահմանադրության 83-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովը`

1) նշանակում է Սահմանադրական դատարանի անդամներ եւ Սահմանադրական դատարանի կազմից` Սահմանադրական դատարանի նախագահ:

Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ Հանրապետության Նախագահը նշանակում է Սահմանադրական դատարանի նախագահ.

2)Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ  նրա նկատմամբ  դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ,

3)նշանակում է արդարադատության խորհրդի չորս անդամ,

4) նշանակում է մարդու իրավունքների պաշտպանին: Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով

5) Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 55 հոդվածի 13 եւ 14 կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը:»:

Հոդված 115. Սահմանադրությունը հոդված 83-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 83.1. հոդվածով՝

«Հոդված 83.1. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`

1.մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները, այդ իրավունքների եւ ազատությունների երաշխիքները,

2.քաղաքացիությունը, քաղաքացիների իրավասուբյեկտությունը, օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը,

3.բնական պաշարների օգտագործման եւ բնապահպանական անվտանգության հիմունքները,

4.սոցիալական պաշտպանության հիմունքները, կենսաթոշակային ապահովման ձեւերը եւ տեսակները, աշխատանքի եւ զբաղվածության, ամուսնության, ընտանիքի, մանկության ու մայրության պահպանության, երեխաների դաստիարակության, գիտության, կրթության, մշակույթի եւ առողջապահության հիմունքները,

5.աշխատանքային հարաբերությունները եւ սոցիալական ապահովությունը,

6.սեփականության իրավական կարգավիճակը,

7.ձեռնարկատիրության իրավական հիմքերը եւ երաշխիքները, մրցակցության կանոնները եւ հակամենաշնորհային կարգավորման նորմերը,

8.ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կարգավիճակը, քաղաքացիական իրավունքի սուբյեկտները եւ օբյեկտները, գործարքները, ներկայացուցչությունը, պարտավորական իրավունքը,

9.արտաքին հարաբերությունների եւ արտաքին տնտեսական գործունեության հիմունքները,

10.ազատ տնտեսական գոտու կազմավորման իրավական ռեժիմը,

11.ժողովրդագրական եւ բնակչության տեղաշարժի գործընթացների կարգավորման հիմունքները,

12.կուսակցությունների եւ քաղաքացիների այլ միավորումների ստեղծման եւ գործունեության հիմունքները,

13.զանգվածային լրատվամիջոցների իրավական կարգավիճակը,

14.գործադիր իշխանության մարմինների գործունեության եւ պետական ծառայության հիմունքները,

15.պետական վիճակագրության եւ տեղեկատվության հիմունքները,

16.Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կառուցվածքը,

17.տեղական ինքնակառավարման հիմունքները,

18.դատարանակազմությունը, դատավարությունը, դատավորների կարգավիճակը, դատական փորձաքննության հիմունքները, դատախազության, հետաքննության եւ նախաքննության մարմինների, նոտարիատի, պատիժների կատարման մարմինների եւ հիմնարկների կազմակերպումը եւ գործունեությունը, փաստաբանության կազմակերպման եւ գործունեության հիմունքները,

19.Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարգավիճակը, այլ բնակավայրերի հատուկ կարգավիճակները,

20.ազգային անվտանգության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմակերպման եւ հասարակական կարգի ապահովման հիմունքները,

21.պետական սահմանի իրավական ռեժիմը,

22.ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմը,

23.ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման կարգը,

24.ՀՀ Ազգային ժողովի կազմավորման ու գործունեության կարգը, Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակը,

25.հանցագործությունների, վարչական եւ կարգապահական իրավախախտումների ու դրանց համար պատասխանատվության սահմանումը,

26.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ու բյուջետային համակարգը,

27.հարկային համակարգը, հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները,

28.ֆինանսական, վարկային եւ ներդրումային շուկաների կազմակերպման ու գործունեության հիմունքները,

29.ազգային արժույթի կարգավիճակը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա արժույթի կիրառման իրավական ռեժիմը,

30.պետական արժեթղթերի թողարկման եւ շրջանառության կարգը,

31.Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն այլ պետություններ ուղարկելու կարգը, այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվելու կարգը եւ գտնվելու պայմանները,

32.պետական օրհներգը,

33.պետական խորհրդանիշերի օգտագործման եւ պաշտպանության կարգը,

34.պետական պարգեւները,

35.զինվորական կոչումները, դիվանագիտական դասերը եւ այլ հատուկ կոչումները,

36.պետական տոները,

37.կշռի, չափի եւ ժամանակի միավորները, պետական ստանդարտների սահմանման կարգը,

38. պետական ունեցվածքի օտարումը:

39. մարդու իրավունքի պաշտպանի կարգավիճակը

40. վերահսկիչ պալատի կազմավորումն ու գործունեությունը:»:

Հոդված 116. Սահմանադրության 84-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ,  կարող է պաշտոնանկ անել վարչապետին՝ վերջինիս հայտնելով  անվստահություն:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը պետք է ներկայացվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգ երրորդի կողմից: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը Ազգային Ժողովի նիստում քննարկվում է արտահերթ եւ քվեարկության է դրվում ներկայացվելուց հետո՝ քառասունութ ժամվա ընթացքում:

Այդ իրավունքից  Ազգային Ժողովը   չի կարող օգտվել իր  լիազորությունների ժամկետի կրճատման դեպքում, ինչպես նաեւ ռազմական  կամ արտակարգ  դրության ժամանակ:»:

Հոդված 117. Սահմանադրության 5-րդ գլխի վերնագիրը փոխարինել «Գործադիր իշխանությունը» բառերով:

Հոդված 118. Սահմանադրության 85-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում են  Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ օրենքով սահմանված գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:

Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Կառավարությունն է:

Կառավարությունը ղեկավարում եւ իրականացնում  է Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համաձայն:

Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների հիման վրա, Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործառույթներ իրականացնելու նպատակով, ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

Կառավարությունը կազմված է Վարչապետից, փոխվարչապետից եւ նախարարներից:

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակված են Վարչապետը, փոխվարչապետը  եւ բոլոր նախարարները:

Վարչապետի պաշտոնանկությունը եւ/կամ հրաժարականը հանգեցնում է կառավարության լիազորությունների դադարեցմանը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Կառավարության կառուցվածքը եւ գործունեության հիմունքները սահմանվում է օրենքով:»:

Հոդված 119. Սահմանադրությունը հոդված 85-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակություններով՝ 85.1, 85.2, 85.3 եւ 85.4 հոդվածներով՝

«Հոդված 85.1. Կառավարության անդամները  պետք է համապատասխանեն Սահմանադրության 64 հոդվածով պատգամավորներին ներկայացվող պայմաններին։

Հոդված 85.2. Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստում Վարչապետը Հանրապետության Նախագահին է ներկայացնում իր հրաժարականը:

Հոդված 85.3.  Վարչապետի պաշտոնանկությունից եւ/կամ հրաժարականից հետո, հինգ օրվա ընթացքում, Ազգային Ժողովն իր նիստում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, նշանակում է  Վարչապետին: Վարչապետ նշանակելու մասին Ազգային Ժողովի որոշման հիման վրա Հանրապետության Նախագահը  եռօրյա ժամկետում հրամանագրում  է Վարչապետի նշանակումը:
Հանրապետության Նախագահը, Վարչապետի առաջարկությամբ, տասնօրյա  ժամկետում հրամանագրում  է կառավարության կազմավորումը: Վարչապետը՝ Կառավարության կազմավորումից հետո տասնօրյա ժամկետում, Ազգային Ժողովի հավանությանն է ներկայացնում Կառավարության գործունեության  հայեցակարգը:

Եթե Ազգային ժողովը  հնգօրյա ժամկետում չի նշանակում Վարչապետ կամ  հավանություն չի տալիս Կառավարության գործունեության հայեցակարգին,  ապա Ազգային Ժողովի Նախագահը անհապաղ դիմում է Հանրապետության Նախագահին՝ Կառավարություն կազմավորելու խնդրանքով: Հանրապետության Նախագահը  երկշաբաթյա ժամկետում նշանակում է Վարչապետ եւ կազմավորում կառավարություն: Կառավարության կազմավորումից հետո Վարչապետը երկշաբաթյա ժամկետում Ազգային Ժողովի նիստում ներկայացնում է Կառավարության գործունեության հայեցակարգը, որը Ազգային Ժողովի կողմից ընդունվում է ի գիտություն:

Հոդված 85.4 Կառավարության գործունեության հայեցակարգին հավանություն տալու մասին Ազգային Ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային Ժողովի կողմից Կառավարության գործունեության հայեցակարգին հավանություն տալու մասին որոշում չընդունվելու դեպքում՝ Վարչապետը Հանրապետության Նախագահին է ներկայացնում իր հրաժարականը:»:

Հոդված 120. Սահմանադրության 86-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է Վարչապետը:

Կառավարության որոշումները ստորագրում է Վարչապետը:

Հանրապետության Նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝  Կառավարության որոշումները  Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության հարցը պարզելու համար։ Մինչեւ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, այդ որոշումների գործողությունը Հանրապետության Նախագահի հրամանագրով կասեցվում է:»:

Հոդված 121. Սահմանադրության 87-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչապետն իրականացնում է Կառավարության ղեկավարումը եւ Կառավարության, ինչպես նաեւ գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմինների գործունեության համակարգումը:

Վարչապետն ընդունում է որոշումներ կառավարության գործունեության կազմակերպման  հետ կապված հարցերով:

Փոխվարչապետը համակարգում է Կառավարության տարածքային կառավարման եւ ներքին գործերի ոլորտները:

Վարչապետի բացակայության ժամանակ   փոխվարչապետն իրականացնում է Վարչապետի լիազորությունները։

Նախարարը ղեկավարում է կառավարման՝ օրենքով նախատեսված որոշակի ոլորտ, օրենքի հիման վրա ապահովում է այդ ոլորտում կառավարության ծրագրի կատարումը:»:

Հոդված 122. Սահմանադրության 88-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարության անդամը չի կարող լինել որեւէ ներկայացուցչական մարմնի անդամ, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:»:

Հոդված 123.   Սահմանադրությունը հոդված 88-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 88.1. հոդվածով՝

«Հոդված 88.1. Պետական տարածքային կառավարումը մարզերում իրականացվում է մարզպետների կողմից, որոնք նշանակվում եւ ազատվում են  Կառավարության որոշմամբ` Վարչապետի  առաջարկությամբ:

Մարզպետները իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, ղեկավարում գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Երեւան քաղաքում պետական տարածքային կառավարումն իրականացվում է Երեւանի մասին օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 124. Սահմանադրության 89-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարությունը`

1)Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության հայեցակարգը.

2)Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը եւ իր գործունեության  հնգամյա  ծրագիրը` տարեկան կտրվածքով, ապահովում բյուջեի եւ ծրագրի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին.

3)կազմակերպում  է պետական ունեցվածքի կառավարումը եւ տնտեսական օգտագործումը.

4)ապահովում է ֆինանսատնտեսական եւ հարկային միասնական քաղաքականության իրականացումը.

4.1) ապահովում է տարածքային զարգացման քաղաքականության իրականացումը.

5)ապահովում է գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում  զարգացման քաղաքականության իրականացումը.

6)ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.

7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ.

8)  նշանակում է օրենքով սահմանված գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարներին՝ վարչապետի ներկայացմամբ:»:

Հոդված 125. Սահմանադրության 90-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը եւ իր գործունեության  հնգամյա  ծրագիրը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն  օր առաջ:

Կառավարությունը կարող է պահանջել, որ պետական բյուջեի նախագիծը եւ իր գործունեության  հնգամյա  ծրագիրը իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի համատեղ եւ  մինչեւ բյուջետային տարին սկսվելը:

Բյուջեի եւ ծրագրի  հաստատման առնչությամբ Վարչապետը  դնում է  իր վստահության հարցը:Եթե Ազգային ժողովը որոշում է ընդունում Վարչապետին վստահություն հայտնելու մասին, ապա պետական բյուջեն եւ ծրագիրը` կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում են հաստատված:

Բյուջեի եւ ծրագրի  հաստատման առնչությամբ, Ազգային ժողովի կողմից Վարչապետին  վստահություն չհայտնելու  դեպքում, Վարչապետը հրաժարական է տալիս:

Ազգային ժողովին բյուջեի եւ ծրագրի նախագծերը նոր Կառավարությունը ներկայացնում է իր կազմավորումից հետո երեսուն օրվա ընթացքում: Դրանք քվեարկվում են սույն հոդվածով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:»:

Հոդված 126.  Սահմանադրության 91-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն  իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Դատական իշխանությունը պաշտպանում է մարդկանց, իրավաբանական անձանց եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Դատական ակտերը կայացվում են Հայաստանի Հանրապետության անունից:»:

Հոդված 127. Սահմանադրության 92-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը,  ընդհանուր իրավասության՝ առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը,  օրենքով նախատեսված դեպքերում` մասնագիտացված դատարանները:
Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:»:

Հոդված 128.  Սահմանադրության 93-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների  եւ մասնագիտացված դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում  կարող են վերանայվել  վճռաբեկ դատարանի կողմից:»:

Հոդված 129. Սահմանադրության 94-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Դատական նիստերը դռնբաց են։ Դատավարության հրապարակայնությունը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված դեպքերում։

Դատավարությունն ընթանում է մրցակցության սկզբունքի հիման վրա։ Դատավարության ընթացքում երաշխավորվում է կողմերի իրավահավասարությունը։
 
Դատավարության նպատակը ճշմարտության բացահայտումն է:  Դատարանի վճիռները, դատավճիռները եւ որոշումները պետք է հիմնավորված լինեն:

Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության  երաշխիքներն ու  կարգը սահմանվում են  Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության  երաշխիքներն ու  կարգը` Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով:»:

Հոդված 130. Սահմանադրությունը հոդված 94-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 94.1. հոդվածով՝

«Հոդված 94.1. Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավորվում եւ գործում է Արդարադատության խորհուրդը:

Արդարադատության խորհրդի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից, գաղտնի քվեարկությամբ, հինգ  տարի ժամկետով  ընտրված յոթ  դատավորներ,  Ազգային Ժողովի կողմից նշանակված երկուական փաստաբան ու իրավաբան գիտնական:

Արդարադատության խորհուրդն իր կազմից  ընտրում է խորհրդի նախագահ:»:

Հոդված 131. Սահմանադրության 95-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Արդարադատության խորհուրդը.

1) օրենքով սահմանված կարգով կազմում եւ հաստատում  է դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանիության եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները,

2) Հանրապետության Նախագահին առաջարկություն է  ներկայացնում  դատավորներ  նշանակելու  վերաբերյալ,

3) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում դատավորներին որակավորման դասեր շնորհելու վերաբերյալ,

4) դատավորներին  ենթարկում է կարգապահական պատասխանատվության,

5) Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ է անում դատավորին:

6) Հանրապետության Նախագահի  պահանջով  եզրակացություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին:»:

Հոդված 132. Սահմանադրության 97-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքներին:

Դատավորի եւ Սահմանադրական դատարանի անդամի գործունեությանը միջամտելն արգելվում է եւ պատժվում է օրենքով: Նրանց
գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

Դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող որպես մեղադրյալ ներգրավվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Սահմանադրությամբ նախատեսված  մարմնի համաձայնության։ Դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Նման դեպքում անհապաղ տեղեկացվում են Հանրապետության Նախագահը,  Արդարադատության խորհրդի նախագահը,  Սահմանադրական դատարանի նախագահը եւ համապատասխան դատարանի նախագահը:»:

Հոդված 133. Սահմանադրության 98-րդ հոդվածի առաջին մասը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:»:

Հոդված 134. Սահմանադրությունը հոդված 98-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 98.1. հոդվածով՝

«Հոդված 98.1. Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը:»:

Հոդված 135. Սահմանադրության 100 հոդվածում.

ա) առաջին կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության, Վարչապետի, տեղական ինքնակառավարման ներկայացուցչական  մարմինների  որոշումների   եւ իրավական այլ ակտերի  համապատասխանությունը  Սահմանադրությանը,»:

բ) առաջին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակություններով 1.1 եւ 1.2 կետերով.

«1.1.)  լուծում է պետական իշխանության  մարմիններում եւ այդ մարմինների, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ լիազորությունների սահմանադրականության  հարցերով առաջացած վեճերը, նման վեճերի լուծման դեպքում մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը  եւ օրենսդրությունը.

1.2.) որոշում է Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,Ազգային ժողովի որոշումների, կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների  եւ իրավական այլ ակտերի` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության հարցը,»:

գ) Երկրորդ կետը «վավերացումը» բառից հետո լրացնել «կամ հաստատումը» բառերով:

դ) Երրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) լուծում է հանրաքվեների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը,»:

ե)  Առաջին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 կետով.

«3.1.) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների  հետ կապված վեճերը,»:

զ) Հինգերորդ կետը «անելու» բառից հետո լրացնել «Սահմանադրությամբ նախատեսված» բառերով:

է) Ութերորդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«8) եզրակացություն է տալիս Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու մասին,»:

ը)  Ութերորդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակություններով նոր՝ 8.1 եւ 8.2 մասերով.

«8.1.) եզրակացություն է տալիս  դատավորի լիազորությունները  դադարեցնելու՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության  մասին.

8.2.) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի պաշտոնանկության եւ/կամ համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու` օրենքով նախատեսված հիմքերի առկայության մասին,»:

թ) Իններորդ կետից հանել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերը:

Հոդված 136. Սահմանադրության 101-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին  օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 100 հոդվածի 1, 1.1.,1.2., 2, 3,  8,  9 կետերով նախատեսված դեպքերում,

2) Ազգային ժողովը` Սահմանադրության 100 հոդվածի 1, 1.1., 1.2., 3, 5, 6, 7, 8, 9 կետերով նախատեսված դեպքերում.

3) պատգամավորների առնվազն մեկ տասներորդը`  Սահմանադրության 100 հոդվածի 1, 1.1, 1.2 եւ 3  կետերով նախատեսված դեպքերում.

4) կառավարությունը` Սահմանադրության 100 հոդվածի 1, 1.1., 1.2., 7, 8.2. եւ 9 կետերով նախատեսված դեպքերում.

5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքներին առնչվող`  Սահմանադրության 100 հոդվածի 1 եւ 1.2 կետերում թվարկված նորմատիվ ակտերի սահմանադրականության կամ պետական մարմինների` սահմանադրական լիազորությունների գերզանցումը վիճարկելու հարցով.

6) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործերով, երբ առկա է դատարանի վերջնական  ակտը եւ վիճարկվում է իր նկատմամբ կիրառված օրենքի   կամ Սահմանադրության 100 հոդվածի 1.2. կետում թվարկված այլ նորմատիվ ակտի  այս կամ այն դրույթի սահմանադրականությունը կամ օրենքին համապատասխանությունը.

7) դատարանները եւ գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող ենթաօրենսդրական իրավական  ակտերի դրույթների՝ սահմանադրությանը կամ օրենքներին համապատասխանության  հարցերով.

8) Մարդու իրավունքների պաշտպանը՝  Սահմանադրության  100 հոդվածի  1   կետում թվարկված  նորմատիվ ակտերի՝  Սահմանադրության  2րդ գլխի  դրույթներին  համապատասխանության  հարցերով.

9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության  թեկնածուները՝ Սահմանադրության  100 հոդվածի 3.1. եւ 4 կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով.

10) կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Սահմանադրության 100 հոդվածի  4 կետով նախատեսված դեպքերում,

11) արդարադատության խորհուրդը` Սահմանադրության  100 հոդվածի 8.1. կետում նախատեսված դեպքերում.

Սահմանադրական դատարանը գործեր քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:»:

Հոդված 137. Սահմանադրության 102-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Սահմանադրական դատարանն  ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ՝ Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով ։

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն,  ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ավելի, քան Սահմանադրական դատարանի որոշումն ընդունելու պահից վեց ամիս հետո:

Եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի հիման վրա ընդունված դատական ակտով խախտվել են անձի սահմանադրական իրավունքները,    ապա    այդ    օրենքի    կամ    այլ    իրավական ակտի Սահմանադրությանը     հակասող    ճանաչելը    հանգեցնում   է   համապատասխան դատական ակտի անվավերությանը:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության  100  հոդվածի 1,1.1, 1.2, 2, 3, 3.1, 4 եւ 9 կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5, 6, 7, 8, 8.1, 8.2  կետերով  նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները եւ  1.1. ու 9 կետերով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են  անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն  երկու երրորդով, մնացած որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Պատգամավորների ընտրությունների հարցերով, ինչպես նաեւ քաղաքացիների  անհատական դիմումների  հիման վրա Սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է գործը քննել եւ որոշում կայացնել Սահմանադրական դատարանի  երեք անդամի կազմով։
Պետական իշխանության այլ մարմինները Սահմանադրական դատարանի եզրակացություններին  հակասող  որոշումներ  չեն կարող ընդունել։»:

Հոդված 138. Սահմանադրությունը 6 գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակություններով նոր՝ 6.1, 6.2 եւ 6.3 գլուխներով.

«ԳԼՈՒԽ 6.1. Դատախազությունը

Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով `

1) հսկողություն է իրականացնում նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ.

2) հարուցում է քրեական գործ եւ իրականացնում  քրեական հետապնդում.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական  գույքային շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) կարող է բողոքարկել դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ու վարչական  հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝  օրենքի հիման վրա:

ԳԼՈՒԽ 6.2. Վերահսկիչ պալատը

Հոդված 103.1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական սեփականության օգտագործման նկատմամբ։

Վերահսկիչ պալատի նախագահ կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը համապատասխանում է Սահմանադրության 64 հոդվածով նախատեսված պատգամավորին ներկայացվող պայմաններին։

Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողովի նիստում ներկայացնում է վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների մասին զեկույց:Զեկույցին հետեվող քննարկման ընթացակարգը սահմանվում է Ազգային Ժողովի կանոնակարգ  օրենքով:

Վերահսկիչ պալատը եզրակացություն է տալիս պետական բյուջեի կատարման ընթացքի եւ կատարման վերաբերյալ:

Վերահսկիչ պալատի լիազորությունները, գործունեության երաշխիքներն ու կարգը սահմանվում են օրենքով։

ԳԼՈՒԽ 6.3. Կենտրոնական բանկը

Հոդված 103.2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրավաբանական անձ է, որն իրագործում եւ  իրականացնում է օրենքով իր վրա դրված ու իրեն վերապահված խնդիրներն եւ  գործառույթները:

Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրեր:

Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության  արժույթը՝ հայկական դրամը:

Կենտրոնական բանկը Ազգային ժողովին է ներկայացնում  տարեկան զեկույց՝ իր գործունեության մասին:

Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս անկախ է:

Հոդված 103.3 Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինը Կենտրոնական բանկի խորհուրդն է, որը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից եւ խորհրդի չորս անդամներից:

Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է: Կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալները եւ խորհրդի անդամները նշանակվում եւ ազատվում են  Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալների եւ խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 139. Սահմանադրության 7-րդ գլխի վերնագրից հանել «Տարածքային կառավարումը եւ» բառերը:

Հոդված 140. Սահմանադրության 104-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի` պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է` սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեղական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար:»:

Հոդված 141. Սահմանադրությունը հոդված 104-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 104.1. հոդվածով՝

«Հոդված 104.1 Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:

Համայնքը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:»:

Հոդված 142. Սահմանադրության 105-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի սեփականությունը կառավարելու եւ տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ՝ իր անունից եւ իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասը օրենքով կարող է համարվել պարտադիր:

Պետական իշխանության լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային մարմիններին:»:

Հոդված 143. Սահմանադրությունը հոդված 105-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 105.1. հոդվածով՝

«Հոդված 105.1.Համայնքի տարածքում գտնվող հողը` բացառությամբ պետությանը,  ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող, համայնքի սեփականությունն է:»:

Հոդված 144. Սահմանադրության 106-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքներն ինքնուրույն են ձեւավորում իրենց բյուջեն:

Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:

Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:

Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից:

Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր` օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ:»:

Հոդված 145. Սահմանադրության 107-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի միջոցով, որոնք, օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով:

Համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, որոնց  հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:
Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:

Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 146. Սահմանադրության 108-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Երեւանը համայնք է:Երեւանի քաղաքապետն ու ավագանին ընտրվում են չորս տարի ժամկետով:

Երեւանն ունի ինքնուրույն բյուջե:

Երեւանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մարմինների   լիազորությունները սահմանվում են «Երեւանի մասին»  օրենքով:

Հոդված 147. Սահմանադրությունը հոդված 108-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 108.1. հոդվածով՝

«Հոդված 108.1. Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով: Համայնքի ընդհանուր գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով,  օրենքով սահմանված կարգով, իրականացվում է իրավական  հսկողություն:»:

Հոդված 148. Սահմանադրության 109-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարությունը, օրենքով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին  եւ/կամ  կրճատել  համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը:

Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, մարզպետը,  ոչ ավելի, քան իննսուն օր  ժամկետով, նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»:

Հոդված 149.   Սահմանադրությունը հոդված 109-ից հետո լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 109.1. հոդվածով՝

«Հոդված 109.1. Ազգային Ժողովը, օրենքով նախատեսված դեպքերում, Կառավարության առաջարկով եւ ՛Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա որոշում է ընդունում Երեւան համայնքի ղեկավարի պաշտոնանկության եւ/կամ Երեւան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման մասին:

Նման որոշման դեպքում Հանրապետության Նախագահը ոչ ավելի, քան իննսուն օր ժամկետով, նշանակում է Երեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»:

Հոդված 150. Սահմանադրության 110-րդ հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Անհրաժեշտության դեպքում համայնքների խոշորացում կարող է կատարվել ինչպես համայնքների կամքով, այնպես էլ անկախ համայնքների կամքից, Ազգային ժողովի կողմից՝ կառավարության առաջարկությամբ: Մինչեւ Ազգային ժողովում հարցի քննարկումը կառավարությունը հրապարակում է այդ համայնքներում անցկացված տեղական հանրաքվեների արդյունքները: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից:»:

Հոդված 151. Սահմանադրությունը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 110.1 հոդվածով.

«Հանրաքվեի կարող են դրվել նոր Սահմանադրության, Սահմանադրության փոփոխության, օրենքի ընդունման, օրենքի  կամ դրա առանձին դրույթների  վերացման,  ինչպես նաեւ  պետության համար  կարեւոր նշանակություն ունեցող հարցեր:»:

Հոդված 152. Սահմանադրության 111-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ  պարբերությունները շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Նոր Սահմանադրությունն ընդունվում կամ Սահմանադրությունում  փոփոխություններ կատարվում են  հանրաքվեի միջոցով:
 
Հանրաքվեն նշանակվում է Հանրապետության նախագահի հրամանագրով, Ազգային  ժողովի որոշմամբ կամ Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ընտրական իրավունք ունեցող  առնվազն երկու հարյուր հիսուն հազար քաղաքացիների պահանջով:
 
Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվեներ չեն անցկացվում:»:

Հոդված 153. Սահմանադրության 112 հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքի ընդունման, վերացման,  ինչպես նաեւ  պետության համար  կարեւոր նշանակություն ունեցող հարցերով հանրաքվեն նշանակվում է Ազգային  ժողովի որոշմամբ կամ  Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ընտրական իրավունք ունեցող  առնվազն հարյուր հազար քաղաքացիների պահանջով:

Հանրաքվեի չեն կարող  դրվել տարածքային ամբողջականության, հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման, պետական բյուջեի,  հարկերի, պետության ֆինանսական պարտավորությունների, արտակարգ  դրության  հայտարարման եւ վերացման, պատերազմի եւ խաղաղության հայտարարման եւ համաներման հետ կապված հարցերը:

Հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։
 
Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել հանրաքվեով: Հանրաքվեի միջոցով ընդունված պետության համար  կարեւոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշումները կարող են փոփոխվել հանրաքվեով:
 
Հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 154. Սահմանադրության 113 հոդվածը «դրված» բառից հետո լրացնել «սահմանադրության կամ դրանում փոփոխությունների կատարման» բառերով: