Հոդված 1. «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-99-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լրատվական» բառից հետո լրացնել «կամ մարզական կամ հանգստի կազմակերպման» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել 7.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 7.1. Մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը եւ գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները
1. Պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Կառավարության որոշմամբ:
2. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի`
1) անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.
4) կանոնադրությունը.
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել պաշտպանության նախարարին: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով եւ չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:
4. Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:
5. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ հիմնարկի կանոնադրությամբ:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում: