Armenian ARMSCII Armenian
Կ-415-06.12.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-99-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «լրատվական» բառից հետո լրացնել «կամ մարզական կամ հանգստի կազմակերպման» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը եւ գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ՝ զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի՝

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում՝ զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում՝ զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել պաշտպանության նախարարին: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով եւ չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

5. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության վրա տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով:

6. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայություն կազմակերպելու, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ հիմնարկի կանոնադրությամբ:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: