Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-348-06.08.2004,03.05.2005-ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի  անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ԳԼՈՒԽ 1.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական  ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի եւ բարձրագույն արժեք: Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված այդ իրավունքներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման հիման վրա:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի գերակայությունը եւ օրենքի իշխանությունը:

Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ նորմատիվ եւ անհատական բնույթի իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, օրենքներին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքները եւ այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակումից հետո:

Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

Միջազգային պայմանագրերի կնքման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը:

Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին:

Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

Հոդված 7.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու պատմական բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Հոդված 7.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոչված են ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են շուկայական տնտեսական հարաբերությունների սկզբունքների հիման վրա տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:

Տնտեսական մրցակցության պաշտպանությունը սահմանվում է օրենքով։

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

Հոդված 11. Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո: Պետությունը նպաստում է ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգությանը յուրաքանչյուրի ազատ հաղորդակցվելուն:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:

Հոդված 11.1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:

Վարչատարածքային միավորների անվանումներն ու սահմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:

Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարման կարգը սահմանվում է օրենքով: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:

Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է:

ԳԼՈՒԽ 2.

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատությունների ու իրավունքների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Հոդված 14.1. Մարդիկ՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, իրավահավասար են, ունեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտականությունները եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Հայաստանի Հանրապետությունում մահապատիժն արգելված է։

Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում:

1) երբ նա դատապարտվում է ազատազրկման իրավասու դատարանի կողմից.

2) դատարանի օրինական վճիռը չկատարելու համար կամ օրենքով նախատեսված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.

3) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում, կամ երբ դա անհրաժեշտ է նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

4) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու  դատարանին ներկայացնելու նպատակով.

5) վարակիչ հիվանդությունների տարածումը եւ հասարակական այլ վտանգները կանխելու նպատակով.

6) նրա անօրինական մուտքը Հանրապետության տարածք կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։

Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների եւ ներկայացվող մեղադրանքի մասին: Ձերբակալության մասին անհապաղ տեղեկացվում է ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից ընտրված անձը։

Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որեւէ ցուցմունք տալ։

Ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում որոշում կայացնի նրա նկատմամբ կալանք կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Անձի ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ձերբակալման, կալանավորման եւ խուզարկման օրինականությունն ու հիմնավորվածությունը  բողոքարկել վերադաս դատական ատյանում:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապօրինի ձերբակալման, կալանավորման եւ խուզարկման կամ կալանքի տակ պահվելու համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պատճառված վնասի հատուցման:

Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները:
Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի: Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական եւ այլ  փորձերի:

Մինչեւ 16 տարեկան երեխաներին արգելվում է ենթարկել գիտական, բժշկական եւ այլ  փորձերի:

Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։ Եթե խախտվել են անձի իրավունքներն ու ազատությունները, ապա նա պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք ունի։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին։

Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել օրենքով։

Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Դատապաշտպանի ծառայության դիմաց վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, մեղադրանքի առաջադրման կամ կալանավորման պահից պաշտպան ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Հոդված 22. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատապարտվել միեւնույն արարքի համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Պետական իշխանության մարմինները չեն կարող անձի վերաբերյալ հավաքել, պահպանել, օգտագործել եւ տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է օրենքով:

Յուրաքանչյուր ոք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը եւ պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում, եթե դրանք հավաստի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ:

Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ:

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ յուրաքանչյուր ոք, ով օրինական հիմքերով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ եւ համազգային ռադիոյի եւ հեռուստատեսության հանրային ծառայության առակայությունը եւ գործունեությունը։

Լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության նպատակներից ելնելով` հեռարձակող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորում է օրենքով ստեղծված անկախ մարմինը, որի  անդամները նշանակվում են ժողովրդավարական եւ հրապարակային եղանակով, եւ որի որոշումները ենթակա են դատական կարգով վերանայման:

Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության եւ պետական այլ վարչական մարմինների ծառայողների նկատմամբ:

Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության կամ միավորման:

Միավորումների, այդ թվում՝ կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի  հավաքներ անցկացնելու իրավունք:

Զինված ուժերում, ոստիկանությունում եւ պետական այլ վարչական մարմիններում ծառայության մեջ գտնվող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով։

Հոդված 30. Տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքը:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները: Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով։

Հոդված 30.1. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով պետական ծառայության ընդունվելու իրավունք:
Պետական ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 31. Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք:

Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում եւ օգտագործում է իրեն պատկանող գույքը, իր մտավոր գործունեության արդյունքները: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ հողի սեփականության իրավունքը կարող է սահմանվել օրենքով:

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:

Հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որի իրականացման հետ կապված սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Պետությունն իրականացնում է գործազրկության կրճատման եւ արդյունավետ զբաղվածության ծրագրեր։ Մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

Հարկադիր աշխատանքն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն:
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:

Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Ամուսնական տարիքի կանայք եւ տղամարդիկ ունեն ամուսնանալու եւ ընտանիք ստեղծելու իրավունք։ Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում եւ ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:

Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար:

Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների համար:

Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ սոցիալական ապահովության իրավունք:

Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության եւ սպասարկման կարգը սահմանվում է օրենքով: Պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:

Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Միջնակարգ կրթությունը պետական եւ համայնքային ուսումնական հաստատություններում անվճար է:

Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:

Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցույթային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 41. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների պահպանման, էթնիկական, լեզվական, մշակութային եւ կրոնական ինքնությունն անարգել արտահայտելու, պահպանելու եւ զարգացնելու իրավունք:

Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու եւ քաղաքացու այլ հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների բացառում:

Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտականություններով սահմանված շրջանակները:

Հոդված 43. Սահմանադրության 23-30-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի չորրորդ մասով ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Հոդված 44. Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 15, 17-22, 26-րդ եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 48. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով օժտված են նաեւ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 49. Հայաստանի Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահը  հետամուտ է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության  երաշխավորն է:

Հոդված 50. Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի  հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հոդված 51 . Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ քվեարկությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։

Հանրապետության Նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրն անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն։ Հանրապետության

Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել երկու այն թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։

Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, նա համարվում է ընտրված, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումի մուտքագրումից հետո տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը։

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը։
Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ տասնօրյա ժամկետում։

Հոդված 52. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Սինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։

Հոդված 53. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը։

Հոդված 54 . Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու  հիմնարար ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն  Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»:

Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝

1) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

3) Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո, Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, կարող է արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակելուց ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում։

Իր պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող արձակել Ազգային ժողովը.

4) Խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների հետ  նշանակում եւ ազատում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում է վարչապետ եւ կազմավորում կառավարություն.

5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.

6) կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.

7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

8) նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը.

9) նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.

10) նշանակում է սահմանադրական դատարանի եւ արդարադատության խորհրդի անդամներ:

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

11) Սահմանադրության 95-րդ հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի, եւ մասնագիտացված դատարանների նախագահներին ու դատավորներին, համաձայնություն է տալիս դատավորին՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.

13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել եւ ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում  իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն  եւ իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին.

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով։

15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.

16) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ.

17) ներում է շնորհում դատապարտյալներին:

Հոդված 56. Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հոդված 57. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

Հոդված 58. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Տասնօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հոդված 59. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը՝ կառավարության առաջարկով եւ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:

Հոդված 60. Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա՝ վարչապետը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե,  ազատել վարչապետին, գլխավոր դատախազին:

Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը ժամանակավորապես չի կարող կատարել իր պարտականությունները, ապա այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ ժամանակահատվածում իր վրա է վերցնում Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը՝ բացառությամբ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-6-րդ եւ 8-12-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Հոդված 60.1. Ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական դրության ավարտից հետո քառասուներորդ օրն անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն:

Հոդված 61. Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը: Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

ԳԼՈՒԽ 4.

Օրենսդիր իշխանությունը

Հոդված 62. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59, 66, 67, 73, 74, 74.1., 75, 77, 80,  81, 83, 84, 94.1, 110, 111-րդ, 111.1-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 63. Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նրա ընտրությանը հաջորդող հինգերորդ տարվա հունիսին՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները:

Ազգային ժողովը կարող է արձակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով:

Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաեւ, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված։

Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական եւ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

Հոդված 64. Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, ինչպես նաեւ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:

Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:

Հոդված 66. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:

Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունը կատարվում է հանցագործության վայրում եւ բխում է գործի քննության շահերից։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 67. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ագզային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում:

Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ  օրենքով:

Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

Ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:

Մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

Հոդված 69. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են գարնանը եւ աշնանը, օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով:

Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 70. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Արտահերթ նստաշրջան կարող է հրավիրվել միայն հերթական նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Հոդված 71. Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրության 57-րդ հոդվածի երրորդ մասով, 59, 72, 74, 84, 110, 111-րդ եւ 111.1-րդ հոդվածներով, 75-րդ հոդվածի երրորդ,  չորրորդ եւ վեցերորդ, 79-րդ հոդվածի առաջին մասերով, 83-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 72. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը քննարկում է արտահերթ:

Հանրապետության Նախագահի առարկությունները եւ առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 73. Ազգային ժողովում կարող են ստեղծվել ոչ ավելի, քան տասը մշտական հանձնաժողովներ:

Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար:

Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Հոդված 74. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի կամ իր կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագրի հիմնադրույթները 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պարբերությունները հանվել են։

Եթե Ազգային ժողովը ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ հավանություն չի տալիս կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

Հոդված 74.1. Եթե Ազգային Ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում վստահության քվե չի տալիս կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին, ապա Հանրապետության Նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով արձակում է Ազգային Ժողովը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ, որոնք անցկացվում են Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված կարգով:

Հանրապետության Նախագահի կողմից  Ազգային ժողովը կարող է արձակվել նաեւ.

ա) եթե Ազգային ժողովը երկու աշխատանքային ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.

բ) եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երկու ամսից ավելի չեն գումարվում.

գ) եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երկու ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:

Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ կառավարությանը:

Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

Կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովը ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությունն իր կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

Եթե Ազգային ժողովը որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ապա կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված։

Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

Հոդված 76. Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 77. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։

Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում եւ հաստատում է վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ:

Հոդված 78. (հանված է)

Հոդված 79. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ:

Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային Ժողովի նյութական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Ազգային Ժողովն ընտրում է Ազգային Ժողովի Նախագահի երկու տեղակալ:

Հոդված 80. Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր եւ բանավոր հարցերով իսկ խմբակցությունները եւ խմբերը նաեւ հարցապնդումներով դիմել կառավարությանը: Հերթական նստաշրջանի լիագումար մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։

Հարցապնդումները ներկայացվում են գրավոր եւ քննարկումից առնվազն տաս օր առաջ։ Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 80.1. Ազգային ժողովի գործունեությունը կազմակերպելու համար ստեղծվում է Ազգային ժողովի խորհուրդ: Խորհրդի կազմը եւ գործունեության կարգը սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝

1) հայտարարում է համաներում.

2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ սահմանում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն օրենքներում,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.

3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության Նախագահը:

Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Հոդված 82. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ հաստատում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:

Հոդված 83. Ազգային ժողովը՝

1) Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կենտրոնական բանկի նախագահին եւ վերահսկիչ պալատի նախագահին.

2) Ազգային ժողովի Նախագահի առաջարկությամբ նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ եւ սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահ:

3) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

4) նշանակում է մարդու իրավունքների պաշտպանին: Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով.

5) նշանակում է Արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնականների։

Հոդված 83.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։

Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։

Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս անկախ է։

Հոդված 83.2. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։

Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրության համար նախատեսված պահանջներին։

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել վերահսկիչ պալատի նախագահ։

Վերահսկիչ պալատի աշխատանքային ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը։

Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։

Վերահսկիչ պալատի գործունեության կարգը եւ իրավասությունը սահմանվում են օրենքով։

Հոդված 83.3. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանց կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

3) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը.

4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց՝ առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական եւ վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, դատախազության ու փաստաբանների կարգավիճակը եւ լիազորությունները.

7) հանրաքվեի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձեւավորման եւ դրա ծախսման կարգը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը եւ պայմանները.

10) կուսակցությունների եւ այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը:

Հոդված 84 . Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնում կառավարությանը: Այդ իրավունքից Ազգային ժողովը չի կարող օգտվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

ԳԼՈՒԽ 5.

Գործադիր իշխանությունը

Հոդված 85. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ օրենքով սահմանված գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:

Կառավարությունը՝ որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, Ազգային ժողովի եւ Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա եւ դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Նախարարներից մեկը կարող է նշանակվել փոխվարչապետ, եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ:

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվում են վարչապետը եւ բոլոր նախարարները:

Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Կառավարության կառուցվածքը, ինչպես նաեւ կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում են Նախագահի հրամանագրով:

Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը:

Կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել Հանրապետության Նախագահը:

Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:

Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով եւ դիմել սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը եւ օրենքներին դրանց համապատասխանության հարցը պարզելու համար։

Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վարչապետը կառավարության անդամների մեծամասնության պահանջով անհապաղ կառավարության նիստ է հրավիրում:

Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում նախարարների աշխատանքը:

Վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:

Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող լինել որեւէ ներկայացուցչական մարմնի անդամ, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 88.1. Մարզպետները եւ Երեւանի քաղաքապետը նշանակվում եւ ազատվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից՝ վարչապետի ներկայացմամբ:

Երեւանի քաղաքապետը օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ արվել Երեւանի ավագանու կողմից։

Մարզպետները իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, անմիջականորեն ղեկավարում գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 89. Կառավարությունը՝

1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագրի հիմնադրույթները.

2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.

3) կառավարում է պետական սեփականությունը.

4) ապահովում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականության իրականացումը.

4.1) ապահովում է տարածքային զարգացման պետական քաղաքականության իրականացումը.

5) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում.

6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.

7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ:

Հոդված 90. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն՝ կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում քսան օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով՝ երեսուն օրվա ընթացքում:
 


ԳԼՈՒԽ  6

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Դատական որոշումները, վճիռները եւ դատավճիռները ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:

Հոդված 92. Հայաստանի Հանրապետությունում գործում են սահմանադրական դատարանը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ մասնագիտացված դատարաններ:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 93. Ընդհանուր իրավասության եւ այլ մասնագիտացված դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են վերանայվել վճռաբեկ դատարանի կողմից:

Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հոդված 94.1. Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավորվում եւ գործում է Արդարադատության խորհուրդը:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան գիտնականներ:

Արդարադատության խորհրդի կազմից Հանրապետության Նախագահը նշանակում է  խորհրդի նախագահ:

Հոդված 95. Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝ ՝

1) կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.

3) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ:

4) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին։

Արդարադատության խորհուրդը՝ գլխավոր դատախազի առաջարկով, Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին:

Արդարադատության Խորհրդի գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 96. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի է: Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Նրա լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 97. Արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին:

Դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող որպես մեղա-դրյալ ներգրավվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Սահմանադրությամբ նախատեսված մարմնի համաձայնության։ Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կատարվում է հանցագործության վայրում եւ բխում է գործի քննության շահերից։ Նման դեպքում անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը եւ համապատասխան դատարանի նախագահը:

Հոդված 98. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հոդված 99 . Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին՝ Հանրապետության Նախագահը:

Հոդված 100. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:
Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

3.1) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

7) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու մասին.

8) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

Հոդված 101. Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 2, 3, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3, 5,  7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում.

4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 6,  եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների՝ նորմատիվ ակտերի սահմանադրությանը համապատասխանության հարցով.

6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի ուժի մեջ մտած վերջնական ակտը, սպառվել են ընդհանուր իրավասության դատարաններում իրավունքի վերականգնման հնարավորությունները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը.

7) դատարանները եւ գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-ին եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով.

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Հոդված 102. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ  եւ 8-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-7-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները եւ 8-րդ կետով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Քաղաքացիների անհատական դիմումների հիման վրա սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է գործը քննել եւ որոշում կայացնել սահմանադրական դատարանի երեք անդամի կազմով, եթե որոշումն ընդունվել է միաձայն։ Ձայները բաժանվելու դեպքում որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ՝

1) հարուցում է քրեական գործ եւ իրականացնում քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, օրենքի հիման վրա:

ԳԼՈՒԽ 7.

Տեղական ինքնակառավարումը

Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Տեղական ինքնակառավարումը համայնքի՝ պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեղական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար:

Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:

Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:

Հոդված 105. Համայնքի սեփականությունը կառավարելու եւ տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ՝ իր անունից եւ իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է համարվել պարտադիր:

Պետական իշխանության լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային մարմիններին:

Հոդված 105.1 Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:

Հոդված 106. Համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն:

Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:

Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:

Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման:

Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 107. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի միջոցով, որոնք, օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով:

Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:

Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:

Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 108. Երեւան քաղաքը համայնք է: Համայնքի ղեկավարի լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մարմինների լիազորությունները սահմանվում են Երեւան քաղաքի մասին օրենքով:

Օրենքով Երեւան քաղաքի համար կարող է նախատեսվել նաեւ տեղական ինքնակառավարում թաղային մակարդակով:

Երեւան քաղաքն ունի ինքնուրույն բյուջե:

Հոդված 108.1. Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով: Համայնքի ընդհանուր գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, իրականացվում է իրավական հսկողություն:

Հոդված 109. Կառավարությունը, օրենքով նախատեսված դեպքերում դատարանի վճռի հիման վրա  կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին կամ կրճատել համայնքի գործող ավագանու լիազորությունների ժամկետը:

Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի՝ իր պարտականությունների ստանձնումը մարզպետը, ոչ ավելի, քան մինչեւ երեք ամիս ժամկետով, նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հոդված 110. Համայնքների միավորում կամ բաժանում կարող է կատարվել ինչպես համայնքների կամքով, այնպես էլ Ազգային ժողովի կողմից՝ կառավարության առաջարկությամբ: Մինչեւ Ազգային ժողովում հարցի քննարկումը կառավարությունը հրապարակում է այդ համայնքներում անցկացված տեղական հանրաքվեների արդյունքները։

Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից։

Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն ու կարգը սահմանվում են օրենքով:
 

ԳԼՈՒԽ  8
 
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ   կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Այդ որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում կարող է այն իր առարկություններով եւ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո եռամսյա ժամկետում նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, եւ այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։

Հոդված 111.1. Սահմանադրական փոփոխություններ կարող են նախատեսվել նաեւ օրենքով, որի նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կամ Հանրապետության Նախագահը։

Սահմանադրական փոփոխություն նախատեսող օրինագիծն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով։

Օրենքով կարող են փոփոխվել սահմանադրության 2-րդ գլխի դրույթները, բացառությամբ 42-րդ, 45, 46 եւ 47-րդ հոդվածների, ինչպես նաեւ 51, 52, 53, 54 եւ 64-րդ հոդվածները։

Ազգային ժողովն իր լիազորությունների ժամանակահատվածում չի կարող ավելի քան երկու անգամ նախաձեռնել օրենքով սահմանադրական փոփոխությունների գործընթաց։

Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամանակահատվածում չի կարող ավելի քան երկու անգամ նախաձեռնել օրենքով սահմանադրական փոփոխությունների գործընթաց։

Սահմանադրական փոփոխություն չի կարող նախաձեռնվել ռազմական կամ արտակարգ իրավիճակներում։

Հոդված 112. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ կառավարության առաջարկով` Սահմանադրության 111-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Հոդված 113. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:

Հոդված 114. Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 115. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա` Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո։

Հոդված 116. Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից`

1) Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում եւ համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին.

2) Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում ձեւավորվում են Արդարադատության խորհուրդը, Երեւան քաղաքի ավագանին, եւ նշանակվում է Երեւանի քաղաքապետը։ Մինչ այդ նրանք գործում են իրենց նախկին լիազորությունների շրջանակում.

3) տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց գործունեությունը մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը։ 107-րդ հոդվածի առաջին մասում  նշված ժամկետն ուժի մեջ է մտնում Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների համար։