ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 66-րդ հոդվածում.
1) վերնագրում «տրանսպորտային» բառից հետո լրացնել «եւ հանգստի» բառերը.
2) լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով:»:
ՀՈԴՎԱԾ 2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց հանգստի կազմակերպման գործընթացն ապահովելու հանգամանքով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործում է «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանը՝ զորամասի կարգավիճակով, որը երկու տասնամյակից ավելի իրականացնում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից արտոնյալ պայմաններով (անվճար եւ (կամ) զեղչված գներով) հանգստի եւ որոշակի վերականգնողական առողջարանային գործընթաց, ինչը սակայն չի ներառվել զինծառայողների սոցիալական երաշխիքները սահմանող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ գլխում, ինչը խնդիրներ է առաջացնում հանգստյան տուն-առողջարանի բնականոն գործունեության ապահովման գործընթացում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների իրացման պատշաճ կազմակերպումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով օրենքի 66-րդ հոդվածում կատարվում են լրացումներ, որոնց համաձայն՝ զինվորական ծառայություն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմնի համակարգում հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց հանգստի կազմակերպման գործընթացը:
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով սահմանել մարմնի ենթակայությամբ գործող հանգստյան տներում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի կազմակերպման կարգը եւ պայմանները:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1631 - Ա
«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. նոյեմբերի 26
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2019 թվականի N 1800 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. դեկտեմբերի 3
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումները, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1631-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ