Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված  օտարերկրյա ֆիզիկական անձի, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ՝  նշված անձանց պատկանող նախկինում օգտագործված (գործածության նշաններ ունեցող) ապրանքներ (բացառությամբ՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների), որոնք նախատեսված են ֆիզիկական անձի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային եւ այլ կարիքների համար, ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն  տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից Հայաստանի Հանրապետության  օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ եւ չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերը եւ անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային եւ մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝  յուրաքանչյուր տեսակից 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, որոնք գրանցված են եղել եւ գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում՝ նախքան ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչելու փաստը հաստատող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ունենալու փաստը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն  տեղափոխված անձ կամ Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը 8-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.

«Անձնական օգտագործման ապրանքներ՝ ապրանքներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային եւ այլ կարիքների համար եւ Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով:»:

Հոդված 3. Օրենքի 249-րդ հոդվածում 10-րդ մասում «մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքը» բառերը փոխարինել «սույն օրենքի 249.1 հոդվածում նշված անձանց անձնական օգտագործման ապրանքները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 249-րդ հոդվածը լրացնել նոր՝ 23.1 մասով.

«23.1 Սույն օրենքի իմաստով` դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա  ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր եւ ավելի բնակված անձը համարվում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության վայր չունեցող ֆիզիկական անձ` անկախ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից»:

Հոդված 5. Օրենքի 249-րդ հոդվածի 11-23-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր՝ 249.1. հոդվածով.

«Հոդված 249.1. Մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունները

1. Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ մինչեւ Հայաստանի Հանրապետություն ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված միության անձանց, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից սահմանված մաքսային վճարների արտոնություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման մասին» 2017թ.-ի ապրիլի 11-ի պայմանագրով  ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 266-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող անձ է ճանաչվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, կամ Հայաստանի Հանրապետության  հատուկ, կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը, ստորեւ նշված պայմանների միաժամանակյա բավարարման դեպքում.

1) մինչեւ մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը ֆիզիկական անձի կողմից չի իրականացվել միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծում՝ նրա մշտական  բնակության ժամանման փաստով պայմանավորված մաքսատուրքերի, հարկերի վճարման ազատումով,

2) մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման օրվան նախորդող՝ վերջին երեք տարում մշտապես  բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս,

3) հաշվառված չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակության վայրի (կացարանի) հասցեով,

4) մաքսային մարմիններին է ներկայացնում օտարերկրյա պետությունում օրինական բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (օտարերկրյա պետության մշտական (երկարաժամկետ) կացության քարտ, օտարերկրյա պետության անձնագիր):

3. Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով՝ անձը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված, եթե նույն կետում դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր եւ ավելի:

4. Սույն հոդվածի իմաստով՝ մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած եւ չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները եւ տարիներն են, ընդ որում «տարի» դիտարկվում է տվյալ օրվան նախորդող 365 օրը:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային բնագավառը կարգավորող օրենսդրության իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի  ճանաչումը հաստատող փաստաթուղթ է համարվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ Հայաստանի Հանրապետության հատուկ, կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակության վայրի (կացարանի) հասցեով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը, իսկ օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի  ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման օր  է հանդիսանում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակության վայրի (կացարանի) հասցեով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձի հաշվառման օրը:

6. Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի վրա, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած, Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ստացած, Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի վրա եթե.

1) նախկինում երբեւէ նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,  Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ, եւ մշատական (երկարաժամկետ) կացության կարգավիճակներ չի տրամադրվել, եւ

2) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (կացարանի) հասցեով անձը հաշվառվել է ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կամ սույն կետում նշված կարգավիճակներից որեւէ մեկի տրամադրման օրվանից 180 օրվա ընթացքում:

7. Փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձիք կարող են արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:

8. Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի  ճանաչումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվելու հանգամանքի եւ ժամանակահատվածի որոշումը իրականացնում է  մաքսային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից մաքսային մարմնին պաշտոնապես տրամադրած` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու, ինչպես նաեւ ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեով հաշվառում ունենալու վերաբերյալ անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա:

9. Սույ հոդվածին համապատասխան որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակված լինելու հանգամանքը եւ ժամանակահատվածը ստուգելու կարգերը, եւ սույն հոդվածում հիշատակված լիազոր մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող անձ ճանաչված, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը մաքսատուրքերի հարկերի վճարումից ազատմամբ կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի  ճանաչումը կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակի  ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում:

11. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով Հայաստանի Հանրապետություն ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ,  բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների եւ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքի, եթե նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն 12 ամիս բնակվել է օտարերկրյա պետությունում:

12. Սույն հոդվածի 11-րդ մասի  իմաստով դիտարկվող ժամանակահատված է համարվում անձի կողմից ուղեկցող եւ (կամ) չուղեկցող ուղեբեռի տեղափոխման փաստով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվան նախորդող 420 օր տեւողությամբ ժամանակահատվածը:

13. Արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին` դիմումին կցելով  օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ:

14. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից  սահմանված գործունեության ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող եւ (կամ) չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով:

16. Սույն հոդվածով սահմանված մաքսային վճարների արտոնություններով  ձեւակերպված ապրանքների մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը եւ դադարումը, դրանց վճարման ժամկետներն ու հաշվարկումը կարգավորվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 268-րդ եւ 269-րդ հոդվածներով:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքի 4-րդ հոդվածի կարգավորումը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ գործում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ մաքսային մարմինը՝  աձի դիմումի հիման վրա, վերանայում է 2018 թվականի հուլիսի 1-ից  մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը, սույն օրենքի 4-րդ հոդվածի կարգավորման բացակայության պատճառով արտոնության տրամադրման մերժման կապակցությամբ մաքսային մարմնի կողմից իրականացված վարչարարությունը:

3.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ներկայումս Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածների կամ փախստականների կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով արտոնության տրամադրման հարցը կարգավորվում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 45-րդ գլխի 249-րդ հոդվածի իրավակարգավորումներով, որը ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված որոշ իրավակարգավորումների հակասելու պատճառով բազմաթիվ թյուըմբռնումների տեղիք է տալիս՝ այդ արտոնությունից օգտվելու մտադրություն ունեցող անձանց համար: Միաժամանակ՝ ներկայումս այն օտարերկրյա ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ-ում մշտապես բնակվելու իրավունք տվող փաստաթուղթ են ստանում, կամ  ցանկանում են ՀՀ մշտական բնակության տեղափոխվել Հայաստանի Հանրապետությունում 180 օր եւ ավել բնակվելուց հետո ՀՀ օրենսդրության տեսանկյունից այլեւս չեն դիտարկվում որպես ՀՀ մշտական բնակության ժամանող անձ եւ կորցնում են արտոնությունից օգտվելու իրենց հնարավորությունը:

Բացի այդ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված եւ ազգային օրենսդրությամբ լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն պահանջող այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետություններում բնակվելուց հետո ՀՀ վերադարձող անձանց  կողմից տեղափոխվող   անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ արտոնության կիրառման,  ՀՀ-ում աշխատելու թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տեղափոխված օգտագործված ապրանքների նկատմամբ արտոնություն կիրառելու հարցերը:

Հետհեղափոխական Հայաստանում ստեղծված իրողություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել դյուրացնել օրենքի պահանջները, հնարավորություն տալով ՀՀ վերադարձող անձանց եւ ՀՀ մշտական բնակության ժամանող անձանց ավելի խոշոր զանգվածի օգտվել մաքսային արտոնություններից, ինչն էլ իր հերթին կնպաստի թե՛ ՀՀ-ում բնակչության թվի աճին, թե՛ տնտեսական հնարավոր ներդրումներին եւ թե՛  ներգաղթին:

Գաղնիք չէ, որ սփյուռքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ ցանկություն են հայտնում տեղափոխվել ՀՀ մշտական բնակության՝ իրենց հետ բերելով իրենց անձնական օգտագործման ապրանքները: ՀՀ Սահմանադրության 19-րդ` «Սփյուռքի հետ կապերը» վերտառությամբ հոդվածը, պոզիտիվ պարտականություն է դնում պետության վրա, սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը եւ հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը: ՈՒստի հրատապ անհրաժեշտություն կա ընթացակարգերը պարզեցնելու եւ առավել հասանելի դարձնելու:

Վերը նշված հիմնավորումներով՝ առաջարկվում է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխել 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը՝ հստակեցնելով «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված  օտարերկրյա ֆիզիկական անձի, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությունը,  հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, հստակեցնելով՝ «Անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությունը: 249-րդ հոդվածի 11-23-րդ կետերով նախատեսված իրավակարգավորումները ուժը կորցրած ճանաչել եւ նախատեսել վերը հիշատակված խնդիրները կարգավորող նոր՝  հոդված «Մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունները» վերնագրով, որի համաձայն ՀՀ-ում առաջին անգամ մշտական բնակության իրավունք ստացած անձինք, անկախ ՀՀ-ում բնակվելու ժամանակահատվածից, ՀՀ-ում մշտական բնակության իրավունք տվող փաստաթուղթ  ստանալուց հետո ՀՀ բնակության վայրի հասցեով 180 օրվա ընթացքում հաշվառվելու դեպքում կկարողանան օգտվել արտոնությունից: Արտոնությունից կկարողանան օգտվել նաեւ առնվազն 12 ամիս ՀՀ տարածքից դուրս բնակված միության անձ հանդիսացող անձիք, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործունեության ոլորտներում աշխատելու թույլտվությւոն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձիք: Բացի այդ մշտական բնակության ժամանող անձանց համար՝ արտոնությունից օգտվելու համար սահմանված՝ օտարերկրյա պետությունում առնվազն հինգ տարի բնակված լինելու նախապայմանը  իջեցվել է հավասարեցվելով 3 տարվա:

Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է խթանել հայրենադարձությունը, ընդլայնել արտոնությունից օգտվող անձանց շրջանակները եւ դյուրացնել արտոնության տրամադրման ընթացակարգը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


06 դեկտեմբերի 2019թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

-օրենքի նախագիծը,

-օրենքի նախագծի հիմնավորումը,

-գործող օրենքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ԱԺ պատգամավոր`                                        Սիսակ Գաբրիելյան