Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 98-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) «փորձառություն է» բառից հետո լրացնել «համարվում նաեւ» բառերը.
2) «հաստատությունում» բառից հետո լրացնել «կամ հետբուհական, լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 106-րդ հոդվածի առաջին մասից հանել «եւ վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 106-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը, որը բավարարում է Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:
Վերոշարադրյալ հոդվածից պարզ է, որ նպատակ է հետապանդվում միաժամանակ ապահովելու գիտական եւ գործնական հարթություններում առավել հմտացած եւ փորձառու իրավաբանների ներգրավումը որպես դատավորներ, սակայն առաջանում է այդչափ խիստ պահանջները դատավորների թեկնածուներին վերաբերող ընդհանուր պահանջների հետ համադրելու եւ դրանք միասնական համակարգային տրամաբանության մեջ տեղավորելու անհրաժեշտություն, իսկ համակարգային տրամաբանության տեսանկյունից այս մոտեցումնն անհասկանալի է:
Օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենքի 106-րդ հոդվածում, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում եւ 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառություն է բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունքի դասավանդումը կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում կատարած գիտական աշխատանքը:
Նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ընդհանուր պահանջներ նախատեսող՝ Օրենքի 97-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանված «առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն» ասվածը իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող դատավորների թեկնածուների հավակնորդների պարագայում պետք է հասկանալ միայն բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունքի դասավանդումը կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում կատարած գիտական աշխատանքը:
Մասնավորապես, թե ինչու է ամրագրվել բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած լինելու պահանջը՝ սահմանափակելով այն գիտական աստիճան ունեցողների ընդգրկման հնարավորությունը, որոնք դասավանդել են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հետբուհական եւ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում կամ ունեն ընդհանուր պահանջներին համապատասխան՝ տվյալ պարագայում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն՝ զուգահեռ չզբաղվելով դասախոսությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգի 2-րդ կետի համաձայն՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) եւ հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ եւ թեկնածուի գիտական աստիճան:
«Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով տրված են «հետբուհական մասնագիտական կրթություն» հասկացությունը, որի համաձայն՝ այն բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթությունն է եւ «լրացուցիչ կրթություն» հասկացությունը, որի համաձայն՝ այն մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթությունն է:
Կան կազմակերպություններ, որոնք առավել նեղ մասնագիտական կրթական ծրագիր են իրականացնում, սակայն չեն հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատություն, որքանով որ չեն տեղավորվում «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված «բարձրագույն ուսումնական հաստատություն» հասկացության մեջ, ինչպես օրինակ «Դատախազության դպրոց» ՊՈԱ կազմակերպությունն է եւ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունն է:
Առաջարկվող նախագծով գիտական հարթությունում փորձառու իրավաբանների որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը:
Մեծարգո պարոն նախագահ,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ