Armenian ARMSCII Armenian
Կ-403-04.12.2019,11.12.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը

1. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման եւ բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու եւ ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են երեք ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝  երկու տարի:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները տրամադրվում են՝

1) հարցաքննված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին.

3) Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.

4) ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

5. Նախնական քննության տվյալներ պարունակող տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ միայն վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունն ստանալու պարտականությունը կրում  է ոստիկանությունը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված անձանց տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետներում:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված անձանց կարող են տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ ժամկետներում:

8. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում արգելվում է հարցաքննությունների իրականացումը տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):

9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով իրականացվող տեսաձայնագրությունները հարցաքննության արդյունքների քրեադատավարական ամրագրման ձեւ չեն հանդիսանում եւ քրեական գործի նյութերին չեն կցվում:

10. Սույն հոդվածով նախատեսված նպատակների համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների եւ տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաեւ տեսագրմանն առցանց հետեւելու, տեսագրություններին եւ տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը եւ դրանց հանրորեն վտանգավոր բնույթը» բառերը փոխարինել «կանխարգելման անհրաժեշտությունը» բառերով, իսկ 4-րդ մասի վերջին նախադասությունը «նախազգուշացնել» բառից հետո լրացնել «իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին» բառերով:

Հոդված 3. Ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ինչպես նաեւ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող բոլոր տարածքները (աշխատասենյակները) համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: