Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-420-12.12.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 79.1-ին հոդվածով.

«Հոդված 79.1. Համայնքներին կատարվող նվիրատվությունները կամ նվիրաբերություններ

Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր է ստանալուց հետո` ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն սույն հոդվածով սահմանված չափը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաեւ սահմանված կարգով այն տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը բարելավելու, նրանց կողմից կատարվող գործողությունների ընթացակարգերը առավել թափանցիկ դարձնելու եւ դրանց նկատմամբ հասարակական վերահսկողությունը խթանելու անհրաժեշտությամբ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամրագրված տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության, հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքի իրագործման համար անհրաժեշտ իրավական գործիքների նախատեսումը կարեւոր նախապայման է ժողովրդավարական հասարակության զարգացման համար:

Մինչդեռ բազմաթիվ են դեպքերը, երբ մասնավոր հատվածի կողմից համայնքներին կատարվում են օրենքով չարգելված նվիրատվություններ՝ ամենայն հավանականությամբ ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ տնտեսական կամ որեւէ այլ տեսակի առավելություն տրամադրող գործողության կատարում։ Սույն օրինագիծը մասնավոր ընկերությունների եւ համայնքների՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձանց, միջեւ նմանօրինակ կասկածելի գործարքների բացառման նպատակ է հետապնդում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում:

3. Ակնկալվող արդյունքը.

Համայնքների կողմից օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջը վերջիններիս գործելակերպը կդարձնի առավելագույնս թափանցիկ, զերծ կպահի նրանց կասկածելի հովանավորչություններից եւ ազդեցություններից, ինչն էլ իր հերթին կնպաստի հանրային իշխանության մարմինների, մասնավորապես՝ համայնքների, նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ ամրապնդմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 


 

«11» դեկտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1. օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝     թերթ։   
  
 
 ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՐԱՆՏ ՄԱԴԱԹՅԱՆ
ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՋԱՆԻԲԵԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ