Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 1-ի Հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն, այսուհետ՝ Օրենսգիրք) 380-րդ հոդվածի 1-ի մասը խմբագրել հետեւյալ կերպ.
«Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առեւտրի օբյեկտների, առեւտրի կետերի (այդ թվում՝ շարժական առեւտրի կետերից եւ տրանսպորտային միջոցներից ապրանքների վաճառքի դեպքում), առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, առցանց վաճառքի իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս (այդ թվում՝ առաքման եւ այլ ծառայություններ, որոնք իրականացվում են ապրանքներ ձեռքբերողի, աշխատանքներ ընդունողի կամ ծառայություններ ստացողի կողմից նշված վայրում), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 380 հոդվածի 2-րդ կետը:
Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը «վճարումը:» բառից հետո, լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝
«Առցանց կամ շրջիկ վաճառք իրականացնելու եւ շրջիկ ծառայություններ մատուցելու պարագայում Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում կազմակերպության անունով գրանցված եւ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենան կարող է կիրառվել ապրանքներ ձեռքբերողի, աշխատանքներ ընդունողի կամ ծառայություններ ստացողի կողմից նշված վայրում:»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Անհրաժեշտությունը
Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման եւ շրջիկ ծառայությունների մատուցման խոչնդոտների վերացմանը եւ մի շարք բիզնես պրոյեկտների ավելացմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Համաձայն Հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի՝ Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի եւ տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռք բերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն: Միեւնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենան տեղադրվում է առեւտրի օբյեկտի, առեւտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման նշված կանոների համաձայն փաստորեն հսկիչ դրամարկղային մեքենաները կարող են կիրառվել բացառապես դրանց գրանցման հասցեում:
Գործնականում նման կարգավորումը խնդիրներ է առաջացնում բիզնեսի վարման մի շարք փուլերում:
1. Առցանց գնումներ կատարելու պրակտիկան արդեն իսկ լայն տարածում ունի Հանրապետության ամբողջ տարածքում եւ օրեցօր նոր ոլորտներ է ներգրավում, սակայն օրենսդրական նման կարգավորումը թույլ չի տալիս կամ բարդություններ է ստեղծում իրականացնելու առցանց վաճառք: Օրինակ՝ ցանկացած ապրանքի առաքում կատարելիս բախվում ենք օրենքի տվյալ խնդրի հետ, այսինքն՝ կամ պետք է առաքում չկատարել կամ կատարել օրենքի խախտմամբ, այն է՝ ՀԴՄ կտրոն տպել նախապես, առանց վճարում կատարելու կամ առաքումն իրականցանելուց հետո միայն:
Կտրոնը նախապես տպելու պարագայում կա ռիսկ, որ հաճախորդը կարող է չընդունել առաքվող ապրանքը, որի ՀԴՄ-ն արդեն իսկ տպված է: ՀԴՄ-ն առաքումից հետո տպելու պարագայում խախտվում է ՀԴՄ կտրոնը վճարման պահին տրամադրելու օրենքը: Ստացվում է, որ եւ՛ օնլայն վաճառքներ իրականացնելը, եւ՛ հեռախոսով պատվեր ընդունելով առաքում իրականացնելը պրակտիկայում կատարվում է օրենքի խախտմամբ կամ գործարարը մեծ ռիսկեր է կրում:
2. Օրենսդրական նման կարգավորումը խնդիրներ է առաջացնում նաեւ ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Մի շարք ծառայություններ մատուցվում են ոչ թե ֆիքսված հասցեում, այլ պատվիրատուի տարածքում, օրինակ՝ համակարգչային ծրագրային սպասարկման ծառայությունները, ավտոմեքենաների շտապ օգնության ծառայության մատուցումը, զբողաշրջային ծառայությունների մատուցումը եւ մի շարք այլ շրջիկ ծառայություններ:
Ստացվում է, որ ցանկացած շրջիկ ծառայության մատուցում գործարարը ստիպված է կատարել օրենքի խախտմամբ՝ քանի որ ՀԴՄ-ն նախատեսված է կիրառել կոնկրետ հասցեում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ գործող օրենքով սահմանվող Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոներում:
Առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցել ոչ թե ապրանքների վաճառքի եւ ծառայությունների մատուցման կոնկրետ վայրում, այլ միայն Կազմակերպության անունով, հնարավորություն տալով կիրառել այն շարժական՝ ցանկացած հասցեում:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ նշված խնդրի կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, հնարավորություն կտա աշխատել օրենքի տառին համապատասխան, կվերացնի շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առեւտուրը եւ նոր բիզնեսի տեսակների աճը:
5. Ռուսական փորձը
Առցանց առեւտրի կամ հեռախոսով առեւտրի ժամանակ առաքիչը կամ ավտոն հանդիսանում են պահեստ , որին կցվում է ՀԴՄ եւ POS տերմինալ: Հդմ-ն կարող է գրանցվել իրավաբանական հասցեով: Վաճառքի ժամանակ ապրանքը գլխավոր պահեստից տեղափոխվում է առաքիչ-պահեստ կամ ավտո-պահեստ: Ապրանքը կանխիկ կամ POS տերմինալով վաճառելիս տալիս են ՀԴՄ կտրոն: Եթե մի ապրանք էլ չեն գնում , դա մնում է պահեստում:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
-նախագծի ընդունման հիմնավորումը,
-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պաապոյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ Գեւորգ Պապոյան