Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է նյութական պահուստի ձեւավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման եւ թարմացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Նյութական պահուստի ոլորտում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) նյութական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը բաղկացած է պետական, զորահավաքային եւ ռազմավարական պաշարների պահուստներից.
2) պետական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ներառում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի եւ այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման եւ առողջապահության համար անհրաժեշտ հումքի, նյութերի եւ ապրանքների պաշարները, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար.
3) արագ արձագանքման պաշար՝ պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի դեպքում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական հրատապ օգնության համար եւ ներառում է արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների, անհատական պաշտպանության միջոցների եւ այլ ապրանքների պաշարներ.
4) զորահավաքային պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը նախատեսված է երկրի զորահավաքային կարիքները բավարարելու, այդ թվում՝ Զինված ուժերի եւ այլ զորքերի ծավալման համար անհրաժեշտ ռազմական եւ արդյունաբերական ապրանքների արտադրության եւ վերանորոգման, ռազմական դրության ժամանակ տնտեսության անխափան աշխատանքը ապահովելու համար: Այն ձեւավորվում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կողմից եւ ներառում է դրանց զորահավաքային առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ հումքի, նյութերի եւ ապրանքների չնվազող պաշարները.
5) ռազմավարական պաշարների պահուստ՝ ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող եւ մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ:
6) լիազոր մարմին՝ նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.
7) նյութական պահուստի համակարգի կառավարում՝ նյութական պահուստի համակարգի արդյունավետ գործունեության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նյութական պահուստի պաշարների ձեւավորման, պահպանման եւ սպասարկման հետ կապված գործընթացների կառավարում.
8) նյութական պահուստի չնվազող պաշար՝ նյութական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող անձեռնմխելի նվազագույն ծավալ.
9) նյութական պահուստի նյութական արժեքների մատակարարում՝ նյութական պահուստի ձեւավորման նպատակով նյութական արժեքների գնում եւ (կամ) բեռնաթափում (փոխադրում) դրանց պահպանման համար նախատեսված կազմակերպություններում.
10) նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ պետական, զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների իրացում կամ անհատույց փոխանցում որոշակի ստացողի (սպառողի), կամ դրանց իրացում շուկայում.
11) նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում՝ նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում այն իրականացնող կազմակերպություններում՝ առանց այդ արժեքներից օգտվելու իրավունքի վերապահման, մինչեւ նյութական պահուստից դրանք բաց թողնելու մասին սահմանված կարգով որոշման ընդունումը.
12) նյութական պահուստի պաշարների թարմացում՝ տարայի եւ փաթեթավորման վնասման, պահպանվող նյութական արժեքների փչացման կամ որակի վատթարացման (որոշ հանգամանքների հետեւանքով), ինչպես նաեւ դրանց պահպանման սահմանված ժամկետը լրանալու պատճառով նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ հավասար քանակությամբ համանման նյութական արժեքներ ամբարելու պայմանով.
13) նյութական պահուստի նյութական արժեքների փոխարինում՝ զորահավաքային առաջադրանքով նախատեսված կամ արտադրանքի պատրաստման ստանդարտների եւ տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված՝ նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ նույն քանակությամբ նույն նշանակության նյութական արժեքներ ամբարելու պայմանով.
14) նյութական պահուստի նյութական արժեքների փոխառնում՝ որոշակի պայմաններով նյութական պահուստից նյութական արժեքների բացթողում՝ նույն քանակությամբ համանման նյութական արժեքների հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանով.
15) նյութական պահուստի նյութական արժեքների ապաամրագրում՝ սույն օրենքով սահմանված կարգով ընդունված առանց հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանի նյութական արժեքների բացթողման կամ օգտագործման թույլտվություն.
16) նյութական պահուստի նյութական արժեքների ինքնակամ օգտագործում՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ նյութական պահուստի նյութական արժեքների օգտագործում կամ օտարում.
17) զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություն` կազմակերպություն, որին օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջադրվել է պետական պատվեր:
Հոդված 4. Նյութական պահուստի նշանակությունը
1. Նյութական պահուստը նախատեսված է օգտագործել հետեւյալ նպատակներով`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները.
2) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
3) պարենային, հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ անհամամասնությունների առաջացման դեպքում աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.
4) ցուցաբերել մարդասիրական օգնություն.
5) պետական պաշարների պահուստների մասով պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա:
Հոդված 5. Նյութական պահուստի միասնական հանրապետական համակարգը
1. Նյութական պահուստի պաշարների ձեւավորումը, պահպանումն ու սպասարկումն ապահովվում է լիազոր մարմնի եւ նյութական պահուստի պաշարների ձեւավորումը, պահպանումն ու սպասարկումն իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են նյութական պահուստի միասնական հանրապետական համակարգը (այսուհետ՝ նյութական պահուստի համակարգ):
2.Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը եւ նյութական պահուստի կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Նյութական պահուստի նյութական արժեքների անվանացանկը եւ դրանց կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները
1.Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը եւ ամբարման ժամկետները, ինչպես նաեւ այդ անվանացանկի եւ նորմերի մշակման եւ հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2.Պետական պահուստում նյութական արժեքների կուտակման ամենամյա ծավալը պլանավորվում է պետական գնումների կազմում՝ այդ նպատակով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
3. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկը իր մեջ ներառում է ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի եւ դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարները, որոնց կուտակման ժամանակացույցը եւ հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի եւ բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը եւ ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ռազմավարական պաշարների պահուստի յուրաքանչյուր անվանման կուտակման ծավալները սահմանվում են այդ ապրանքները ներմուծող բոլոր կազմակերպությունների համար՝ նախորդ տարում այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալի 10%-ի չափով, եւ յուրաքանչյուր տարի վերահաշվարկվում են մինչեւ ապրիլի 10-ը՝ մաքսային վերադաս մարմնից մինչեւ մարտի 15-ը լիազոր մարմնին տրամադրված յուրաքանչյուր կազմակերպության նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա: Նշված տեղեկությունների տրամադրման կարգը եւ ձեւաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց ներմուծված ապրանքների ծավալները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող նվազագույն ծավալը:
6. Ռազմավարական պաշարների պահուստի մեջ չեն հաշվառվում`
1) բեռնափոխադրման ընթացքում (խողովակաշարերում, երկաթուղային ցիստեռներում) կամ բենզալցակայաններում գտնվող դիզելային վառելիքը եւ ավտոմոբիլային բենզինը.
2) պահեստարաններում դիզելային վառելիքի եւ ավտոմոբիլային բենզինի այն մնացորդը, որի բացթողումը անհնար է տեխնիկական կամ որեւէ այլ պատճառով:
7. Զորահավաքային պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ամբարման ժամկետները, ինչպես նաեւ այդ անվանացանկի եւ նորմերի մշակման եւ հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Նյութական պահուստի չնվազող պաշարը
1. Նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաեւ օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Նյութական պահուստի չնվազող պաշարում եղած նյութական արժեքները փոխառնման ենթակա չեն:
3. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման արդյունքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը եւ նորմատիվները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Նյութական պահուստի համակարգի ֆինանսավորումը
1. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման եւ զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում է պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով ուղղում է բացառապես պետական պահուստի ձեւավորմանն ու պետական պահուստի համակարգի զարգացմանը:
3. Զորահավաքային պահուստի կուտակման եւ զարգացման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների ֆինանսական միջոցներով: Զորահավաքային պահուստի կուտակումից մինչեւ ապաամրագրում ընկած ողջ ժամանակահատվածում կազմակերպությունների կողմից կատարված եւ լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
4. Պետական պահուստի ձեւավորման, պետական պահուստի համակարգի պահպանման եւ զարգացման ծախսերը, ինչպես նաեւ զորահավաքային պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունների ծախսերի հատուցման միջոցները առանձին Հոդվածով արտացոլվում են յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
5. Պետության կողմից կարգավորվող բնագավառներում (հանրային ծառայությունների բնագավառի պետական լիազորված մարմնի կարգավորման ոլորտում գործող կազմակերպությունների) զորահավաքային պահուստի ձեւավորման եւ պահպանման ծախսերը հատուցվում են սակագնի հաշվարկում ներառված շրջանառու միջոցների ծախսերի հաշվին:
Հոդված 9. Նյութական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը
1. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման պետական պատվիրատուն լիազոր մարմինն է:
2. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը պայմանագրերի հիման վրա իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 10. Նյութական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը
1. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը դրանց պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է լիազոր մարմինը, համաձայնեցնելով համապատասխան ոլորտները կարգավորող պետական կառավարման համակարգի մարմինների հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Պետական պահուստի նյութական արժեքները կարող են պահպանման հանձնվել կազմակերպությունների` անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից:
3. Պետական պահուստի պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները եւ պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիազոր մարմնի եւ պահպանումն իրականացնող կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով, որի օրինակելի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունները`
1) իրավունք ունեն լիազոր մարմնից պահանջել ու պահպանման հանձնվող նյութական արժեքները բնութագրող փաստաթղթեր.
2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որեւէ այլ գործարք.
3)պատասխանատվություն են կրում պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական եւ որակական պահպանության, հաշվառման եւ հաշվետվության կազմակերպման համար, որոնց վերաբերյալ տեղեկատվության ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` զորահավաքային եւ պետական այլ ծրագրերի համաձայն:
6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին:
7. Զորահավաքային պահուստի նյութական արժեքները պահպանում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունները՝ իրենց պատկանող պահեստարաններում կամ բազաներում՝ տեղաբաշխման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
8. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները պահպանվում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների պահեստներում կամ բազաներում, իսկ դրա տեխնիկական անհնարինության դեպքում կարող են պահպանվել լիազոր մարմնի համակարգի կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում, կամ լիազոր մարմնի համաձայնությամբ այլ կառույցների ու կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում:
9. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունները ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն իրենց կողմից կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ: Հաշվետվությունների ձեւն ու լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Նյութական պահուստից նյութական արժեքների բաց թողնելու հիմքերը եւ կարգը
1. Նյութական պահուստից նյութական արժեքների բացթողումը իրականացվում է հետեւյալ դեպքերում`
1) թարմացման
2) փոխարինման.
3) փոխառնման.
4) ապաամրագրման:
2. Պետական պահուստի նյութական արժեքների բացթողումը թարմացման եւ փոխարինման նպատակով իրականացվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որով սահմանվում է նաեւ փոխառման պայմանագրի օրինակելի ձեւը: Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը փոխառնման կարգով կատարվում է գրավոր պայմանագրով, որը կնքվում է լիազոր մարմնի եւ ստացողի միջեւ: Պայմանագրում նշվում են ստացողի տվյալները, պետական պահուստից բաց թողնվող նյութական արժեքների վերաբերյալ տվյալները, դրանց բաց թողնելու պայմանները եւ ժամկետները, դրանց վերադարձման ժամկետներն ու կարգը, վերադարձման ժամկետների խախտման դեպքում կիրառվող տույժերը կամ տուգանքները: Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման համար նախատեսվում է վճար, որի չափը որոշում է լիազոր մարմինը` ելնելով փոխառնված նյութական արժեքների ընդհանուր արժեքից, փոխառնման ժամկետից: Նախատեսված վճարը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը:
4. Զորահավաքային եւ ռազմավարական պաշարների պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է այդ պաշարների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կարիքների համար՝ համապատասխան ոլորտը կարգավորող պետական կառավարման համակարգի մարմնի եւ լիազոր մարմնի համաձայնությանբ, ոչ ավել, քան պահպանվող պաշարի 30%-ի չափով եւ ոչ ավել, քան երեք ամիս ժամկետով:
5. Նյութական պահուստից նյութական արժեքների բացթողումը ապաամրագրման կարգով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների:
6. Արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բացթողումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը եւ արժեքը:
7. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձեւավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Զորահավաքային եւ ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների բացթողումը թարմացման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր հանդիսացող կազմակերպության որոշմամբ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
9. Զորահավաքային եւ ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների բացթողումը փոխարինման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր կազմակերպության որոշմամբ՝ համապատասխան բնագավառի պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
10. Թարմացման եւ փոխարինման նպատակով նյութական արժեքների բացթողումը զորահավաքային եւ ռազմավարական պաշարների պահուստներից իրականացվում է թարմացված կամ փոխարինված նյութական արժեքների ամբարման հետ միաժամանակ:
Հոդված 12. Նյութական պահուստի պաշարների օգտագործման կարգը
1. Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքներն արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:
3. Պարենային, հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհամամասնության, ինչպես նաեւ տնտեսության կայունությանը խոչընդոտող այլ իրավիճակների առաջացման դեպքում երկրի պարենային անվտանգությունն ապահովելու, տնտեսության կայունացման եւ շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու նպատակով պետական եւ ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Զորահավաքային պահուստի նյութական արժեքների օգտագործումը կատարվում է կազմակերպությունների զորահավաքային առաջադրանքների կատարման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել ինչպես այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների, այնպես էլ այլ սպառողների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում ապրանքների արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
Հոդված 13. Լիազոր մարմնի լիազորությունները եւ պարտականությունները նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում
1. Լիազոր մարմինը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում նյութական պահուստի համակարգի զարգացման եւ կատարելագործման վերաբերյալ.
2) համապատասխան ոլորտներ կարգավորող պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա մշակում է պետական եւ զորահավաքային պահուստների նյութական արժեքների անվանացանկը, ինչպես նաեւ դրանց կուտակման նորմերն ու չափորոշիչները եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
3)մաքսային վերադաս մարմնի կողմից ներկայացվող տվյալների հիման վրա մշակում է ռազմավարական պաշարների պահուստի կուտակման ժամանակացույցը եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
4) սահմանված կարգով մշակում ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման եւ փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.
5) հաստատում է նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների ամենամյա ժամանակացույցը.
6) առաջարկություն է ներկայացնում իրավասու տեսչական մարմնին նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներ իրականացնելու վերաբերյալ.
7) մասնակցում է տեսչական մարմնի կողմից նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներին
8) Կառավարության սահմանված կարգով ապահովում է նյութական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից կառավարության սահմանած կարգով նյութական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տրամադրված տեղեկատվության հիման վրա տալիս է ամփոփ հաշվետվություն եւ տեղեկատվություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
9) հսկողություն է իրականացնում պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման եւ այդ կազմակերպությունների սահմանած կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.
10) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 14. Նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. Նյութական պահուստի օրենսդրության, այդ թվում՝ պահանջների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը եւ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմիններ):
2. Տեսչական մարմինները նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակներում ստուգումներն իրականացնում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ամենամյա ժամանակացույցին համապատասխան կամ վերջինիս կողմից տեսչական մարմիններին ներկայացված առաջարկության հիման վրա:
3. Տեսչական մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ստուգումներն իրականացնում են լիազոր մարմնի համապատասխան ներկայացուցչի ներգրավմամբ, իսկ զորահավաքային պահուստի մասով նաեւ զորահավաքային առաջադրանք պատվիրող մարմինների ներկայացուցչի (ներկայացուցիչների) ներգրավմամբ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ստուգումների իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 15. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը նյութական պահուստի մասին օրենսդրությունը խախտելու դեպքում
1. Նյութական պահուստի մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են նյութական պահուստի մասին օրենսդրությամբ եւ այլ օրենքներով սահմանված, ինչպես նաեւ դատական կարգով:
2. Նյութական պահուստի մասին օրենսդրությունը խախտող անձինք ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է նյութական պահուստի համակարգի կառուցվածքը եւ նյութական պահուստի կառավարման կարգը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը եւ ամբարման ժամկետները, ինչպես նաեւ այդ անվանացանկի եւ նորմերի մշակման եւ հաշվառման կարգը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների կուտակման ժամանակացույցը եւ հաշվառման կարգը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի եւ բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը եւ ժամանակացույցը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է Նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաեւ օգտագործման կարգը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման կարգը:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձեւն ու լրացման կարգը:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման նպատակով բացթողման կարգը:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման կարգը:
10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձեւավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարների օգտագործման կարգը:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանում է ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը:
Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-116-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել: