Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-432-24.12.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն oրենքի՝

1) 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող իրավական ակտերով:»,

2) 8-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ?Գնումների մասին? ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի անհրաժեշտությունը

 «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» (այսուհետ՝ Օրենք) ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, էներգասպառող սարքերի եւ սարքվածքների շրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, բայց էներգաարդյունավետության բնութագրերի մասով պահանջներ չի ներառում: Կարգավորման բացակայության հետեւանքով պետական գնումների համակարգով ձեռք են բերվում էներգասպառող ապրանքատեսակներ, որոնք խիստ անարդյունավետ են եւ դրանց հետագա շահագործման ընթացքում ծախսած էներգիայի դիմաց վճարումները պետությանը հասցնում են զգալի վնասներ:

Հայաստանի Հանրապետությունում էներգաարդյունավետության եւ էներգախնայողության ոլորտի կարգավորման իրավական հիմքերն ամրագրված են «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, որը պարբերաբար փոփոխվում եւ լրամշակվում է՝ արդի զարգացումներին եւ պահանջներին համահունչ: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում են Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները: Մասնավորապես՝ նշված հոդվածի 2-րդ մասի բ) ենթակետով, որպես Էներգախնայողության ոլորտի պետական քաղաքականության սկզբունք, նշվում է էներգախնայողության իրականացումը խթանող իրավական եւ տնտեսական մեխանիզմների ստեղծումը եւ կիրառումը:

Միեւնույն ժամանակ պետության կարիքների ապահովման համար ապրանքատեսակների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացն իրականացվում է պետական գնումների համակարգի միջոցով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, իսկ գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ: Նշված որոշման 21-րդ հոդվածը սահմանում է, որ գնման առարկայի բնութագրերը հանդիսանում են գնման հայտի բաղկացուցիչ մաս, ընդ որում՝ ապրանքների գնման դեպքում պարտադիր է որակի սերտիֆիկատի առկայությունը, եթե դա կիրառելի է տվյալ ապրանքի համար:

Ելնելով վերոգրյալից եւ ի կատարումն ՀՀ կառավարության  2019թ. մայիսի 16-ի ? 650–Լ որոշման 126-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի եւ ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 2-ի նիստի ? 4 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած էներգախնայողության գործողությունների ծրագրի միջոցառումների 6-րդ կետի, ինչպես նաեւ պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել պետության կարիքների համար ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների որոշակի խմբերի սարքերի եւ սարքվածքների ցանկի համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ՝ հետագայում դրանց արդիականացման հնարավորությամբ, ինչպես նաեւ ակնկալվող արդյունքների վերստուգելի մեխանիզմների ստեղծմամբ ու չափանիշների սահմանմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության պետական գնումների շրջանակներում պետական կարիքների ապահովման նպատակով էներգասարքավորումների ձեռք բերմանը ներկայացվող նվազագույն էներգետիկ բնութագրերի պահանջները սահմանող կարգավորող շրջանակի ներդնումը: Էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության եւ էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:

3. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

-  Պետության կողմից սեփական օրինակով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածման խրախուսում ու սպառողների լայն զանգվածներին դեպի էներգաարդյունավետ ապրանքատեսակների ձեռք բերման ուղղորդում,

- Պետական կարիքների ապահովման նպատակով ձեռքբերվող ապրանքատեսակների էներգաարդյունավետության պահանջների սահմանում:

-  Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող սարքերի նկատմամբ պետական միջոցների տնտեսում երկարաժամկետ հատվածում,

-  ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի ներդրման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու պատրաստականություն,

- ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով  ստանձնած պարտավորությունների մի մասի՝ կարգավորումների ներդաշնակեցման վերաբերյալ դիրքորոշման հստակեցում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ oրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

5 դեկտեմբերի  2019 թվականի  N 1745 - Ա


«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հավանություն տալ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 9
       Երեւան 
  
                                                              

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

19 դեկտեմբերի 2019 թվականի  N 1939 - Ա     
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 19
        Երեւան
  
   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                                                                                                       պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1745 -Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ