Հոդված 1. «Հողի հարկի մասին» 1994 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-101-Ն (այսուհետ՝ Օրենք) օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ հողի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորմամբ հողամասի առուվաճառք իրականացնելիս վաճառողը պարտավոր չէ կատարել հողի հարկ գծով իր պարտավորությունները, քանի որ Օրենքը այդպիսի պարտավորություն չի սահմանում: Գործող կարգավորումը հետագայում առաջացնում է խնդիրների գնորդների համար, քանի որ վաճառողները մոլորության մեջ են գցում գնորդին, եւ գնորդները հաճախ անգամ ուշադրություն չեն դարձնում հարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ նոտարի զգուշացմանը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Օրենսդրական առկա կարգավորումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
1. Արդեն իսկ առկա է նման կարգավորում այլ գույքատեսակի, մասնավորապես տրանսպարտային միջոցների դեպքում, բացի այդ ՀՀ հարկային օենսգրքի վերջին փոփոխությունները նախատեսում են նման կարգավորում նաեւ անշարժ գույքի համար:
2. Գործող կարգավորումը գործնականում առաջացնում է ռիսկեր գնորդ հաճախորդների համար, բոլոր այն դեպքերում, երբ հողամասի վաճառողը դրսեւորում է ոչ բարեխիղճ վարքագիծ եւ պատշաճ կարգով չի տեղեկացնում գնորդին՝ հողամասի հետ կապված այդ պահին առկա չկատարված հարկային պարտավորությունների չափի մասին, իսկ գնորդը տեղեկացված չէ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի այն դրույթների մասին, համաձայն որոնց նոր սեփականատիրոջն են անցնում օտարվող գույքի հետ կապված նախորդ սեփականատիրոջ չկատարած հարկային պարտավորությունները:
4. Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԻՄ-երին, հատկապես գյուղական բնակավայրերին, որոնք հաճախ աչքի են ընկնում սեփական եկամուտների թերհավաքագրմամբ, նկատելիորեն բարելավել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ չծախսելով լրացուցիչ վարչական ռեսուրսներ:
5. Հողամասի օտարման դեպքում կբացառվեն բոլոր այն իրավիճակները, որոնք այժմ առկա են գործնականում, մասնավորապես, երբ գնորդը միայն գործարքից հետո է տեղեկանում իրեն փոխանցված՝ նախորդ սեփականատիրոջ կողմից չվճարված հողի հարկի պարտավորությունների մասին, ինչը երբեմն հանգեցնում է միջանձնային հարաբերությունների լարման եւ դատական վեճերի:
3. Առաջարկվող կարգավորումը
Առաջարկվում է պարտադիր դարձնել հողամասը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում հողամաս, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած հողի հարկով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
20 դեկտեմբեր 2019թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
-նախագծի ընդունման հիմնավորումը,
-օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Արգիշտի Մեխակյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ (4) էջ:
Հարգանքով՝ Արգիշտի Մեխակյան /065/
Գեւորգ Պապոյան /057/