Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Oրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«ձմեռային անվադող` ռեզինի պարունակությամբ անվադող, որի վրա առկա է ձմեռային տարբերանշան:»
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր`«ժթ» կետով հետեւյալ խմբագրությամբ.
ժթ) եթե չի պահպանվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված կանոնը
Հոդված 3. Օրենքի 181 հոդվածի 1-ին մասում`«ժզ» բառից հետո լրացնել «ժթ» բառը:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր` «ե» կետով հետեւյալ խմբագրությամբ.
ե) դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը երթեւեկել բացառապես ձմեռային անվադողներ ունեցող մեքենայով:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր` «զ» կետով հետեւյալ խմբագրությամբ.
զ) դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը երթեւեկության ընթացքում միացված պահել մեքենայի մոտակա լույսերը:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Այս նախագծով առաջարկում ենք, որ դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Ներկա իրավիճակը ավտոտրանսպորտային ոլորտում բավականին մտահոգիչ է, քանի որ տարեց տարի ավելանում է տրանսպորտային միջոցների պատահարների թիվը, հատկապես` ձմռանը: Այս նախագծով մենք փորձելու ենք լուծել անվտանգության խնդիրը, քանի որ վարորդների մի մասը ձմռանը երթեւեկում է ամառային անվադողերով եւ նրանք հանդիսանում են առավել վտանգավոր հասարակության համար, որի հետեւանքով ունենում ենք անդառնալի կորուստներ:
Նախագծով սահմանվում է նաեւ վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ով խախտել է նախագծով սահմանված պարտադիր դրույթները: Մասնավորապես` դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում եթե վարորդը երթեւեկում է ամառային անվադողերով, ապա ենթարկվելու է տույժի 20.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Վերոհիշյալ ժամանակահատվածում եթե վարորդը երթեւեկում է առանց միացված մոտակա լուսային լապտերների ենթարկվելու է տույժի 5.000 ՀՀ դրամի չափով:
Միջազգային փորձը ուսումնասիրելով հասկանում ենք, որ եվրոպական պետությունները դեռ վաղուց գտել են այս խնդրի լուծումը: Մասնավորապես`
Շվեդիա
Շվեդիայի Հանրապետությունում ձմռանը պարտադիր է օգտագործել ձմեռային անվադողեր, անվադողերի պաշտպանիչ շերտը պետք է կազմի 3 մմ խորություն: Ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր բնույթ է կրում դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: Այս պահանջները տարածվում են ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտերկրում գրանցված տրանսպորտային միջոցների վրա: Ճանապարհային պայմանները համարվում են ձմեռային, երբ ճանապարհի ցանկացած հատվածում կա ձյուն, սառույց կամ խոնավ ճանապարհ` զուգակցված ջերմաստիճանի մոտ 0-ից ցածր ջերմաստիճանի հետ: Շվեդիայի ճանապահային ոստիկանությունն է որոշում, թե որ ճանապարհն է հանդիսանում ռիսկային, քանի որ դժվար է նախապես կանխատեսել եղանակային պայմանները, խորհուրդ է տրվում այդ պահին օգտագործել ձմեռային անվադողեր:
Էստոնիա
Ձմեռային անվադողերի օգտագործումը Էստոնիայում պարտադիր է դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը ընդհանուր տրանսպորտային միջոցներով մինչեւ 3.5 տոննա: Այս պայմանները կարող են փոփոխվել` կախված եղանակային պայմաններից: Պաշտպանիչ շերտի նվազագույն խորությունը պետք է լինի 3 մմ:
Չեխիա
Նոյեմբերի 1-ից մարտի 31-ը` համապատասխան եղանակային պայմաններում, մինչեւ 3,5 տոննա ընդհանուր քաշ ունեցող տրանսպորտային միջոցները պետք է ունենսն ձմեռային անվադողեր եւ անվադողի պաշտպանիչ շերտի խորությունը պիտի կազմի նվազագույնը 4 մմ: Բոլոր անվահեծերը պետք է լինեն ձմեռային անվադողերով: Այն ճանապարհները, որոնց համար պարտադիր են ձմեռային անվադողերը, նշված են համապատասխան ցուցանակով: Առաջարկվում է օգտագործել ձմեռային անվադողեր, երբ օդի ջերմաստիճանը իջնում է 4օ C- ից ցածր: Ձմեռային անվադողերի բացակայության դեպքում կիրառվում է տուգանք (60-100 եվրո)
Խորվաթիա
Մինչեւ 3.5 տոննա զանգվածով տրանսպորտային միջոցները նոյեմբերի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը ձմեռային անվադողեր օգտագործելը կրում է պարտադիր բնույթ: Անվադողերի պաշտպանիչ շերտը պիտի կազմի ոչ պակաս 4 մմ-ից: Օրենքին չենթարկվելու դեպքում կիրառվում է տուգանք շուրջ 100 եվրո:
Ֆինլանդիա
Ձմեռային անվադողերի օգտագործումը Ֆինլանդիայում պարտադիր է դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 1-ը: Սակայն վարորդներին խորուրդ է տրվում, որ անվադողերը փոխեն արդեն նոյեմբերի 1-ից եւ այն օգտագործեն մինչեւ ապրիլի 15-ը: Պաշտպանիչ շերտի խորությունը պետք է կազմի 3 մմ-ից ոչ պակաս:
Սլովենիա
Ձմեռային անվադողերի օգտագործումը Սլովենիայում պարտադիր է նոյեմբերի 15-ից մարտի 15-ը: Օրենքին չենթարկվելու դեպքում կիրառվում է տուգանք 40 եվրոյի սահմաններում, բացի այդ, եթե այդ տրանսպորտային միջոցը խանգարում է երթեւեկությանը, ապա տուգանքը սահմանվում է 500 եվրոյի չափով:
Ռուսաստան
Մինչեւ 3,5 տոննա ընդհանուր քաշ ունեցող տրանսպորտային միջոցների համար ձմեռային անվադողերի օգտագործումը Ռուսաստանում պարտադիր է դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում: Օրենքը չկատարելու դեպքում վարորդը տուգանվում է 500 ռուբլու չափով: Բացի այդ, քանի որ Ռուսաստանի տարածքն ընդգրկում է տարբեր կլիմայական գոտիներ, ՌԴ Երթեւեկության մասին դաշնային օրենքը նախատեսում է տարբեր շրջանների համար ձմեռային անվադողեր օգտագործելու պարտադիր ժամանակահատվածի կանոնակարգումը թողնել տեղական ինքնակառամարման մարմինների հայեցողությանը:
Հայաստանի Հանրապետությունում նախագծի ընդունվելու դեպքում տեսանելի ապագայում ակնկալում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարները զգալիորեն կնվազեն, հատկապես` ձմռանը, ինչի հետեւանքով մենք կլուծենք անվտանգ երթեւեկելու խնդիրը, ինչպես նաեւ հնարավորինս զերծ կմնանք անդառնալի կորսուտներից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Արթուր Դալլաքյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը
Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով` | ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ |