ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու եւ ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները:
Հոդված 2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարգավորող օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:
2. Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) Գույք - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված գույք, այդ թվում՝ կրիպտոակտիվներ.
2) Ապօրինի ծագում ունեցող գույք - գույք, այդ թվում՝ մեկ միավոր գույք, մի քանի միավոր գույք կամ մեկ միավոր գույքի բաժին, որի ձեռքբերումը սույն օրենքով նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ այդպիսի գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները).
3) Օրինական եկամուտ - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1277-րդ հոդվածի համաձայն որոշված կիրառելի իրավունքի նորմերի պահպանմամբ, դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները առանց հարկերի եւ պարտադիր վճարների, այդ թվում.
ա) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը.
գ) ստացված փոխառությունները (վարկերը).
դ) տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը.
ե) շահաբաժինները.
զ) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).
է) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
ը) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները.
թ) ժառանգության կարգով ստացված գույքը (նաեւ դրամական միջոցները).
ժ) ապահովագրական հատուցումները.
ժա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
ժբ) գույքը օտարելուց ստացված եկամուտը.
ժգ) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը.
ժդ) միանվագ վճարները.
ժե) գույքային իրավունքներից ստացված եկամուտը.
ժզ) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
ժէ) կենսաթոշակը.
ժը) գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտը.
4) Սույն օրենքով նախատեսված հանցագործություն - Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարք, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 125.1-րդ հոդվածով, 132-րդ հոդվածով, 1322 -րդ հոդվածով, 154.2-րդ հոդվածով, 154.9-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 3-րդ մասով, 189.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 3-րդ մասով, 189.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, 195-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, 190-րդ հոդվածով, 191-րդ հոդվածով, 200-րդ հոդվածով, 201-րդ հոդվածով, 202-րդ հոդվածով, 214-րդ հոդվածով, 215.1-րդ հոդվածով, 217 -րդ հոդվածով, 2171 - րդ հոդվածով, 222-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ հոդվածի 3-րդ մասով, 233-րդ հոդվածով, 235.1-րդ հոդվածով, 261-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով, 266-րդ հոդվածով, 267.1-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 308-րդ հոդվածով, 309-րդ հոդվածով, 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածով, 311-րդ հոդվածով, 3111 -րդ հոդվածով, 3112 -րդ հոդվածով, 312-րդ հոդվածով, 3121 -րդ հոդվածով, 312.2-րդ հոդվածով, 313-րդ հոդվածով, 314-րդ հոդվածով, 314.2-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածով, 332-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածով կամ 375-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները:
5) Անձին պատկանող գույք -
ա) գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ անձին, գտնվում է անձի եւ իր ամուսնու կամ այլ անձի հետ համատեղ սեփականության ներքո, կամ պատկանում է անձի անչափահաս երեխային,
բ) գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը,
գ) գույքը, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց.
6) Իրական շահառու - ֆիզիկական անձ, ում անունից, օգտին կամ ում հաշվին իրականացվել է գործարքը (գործողությունը), կամ ֆիզիկական անձ, ով վերահսկում է գործարքը (գործողությունը) կամ այն անձին, ում անունից կամ օգտին իրականացվել է գործարքը (գործողությունը).
7) Փոխկապակցված անձ - անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձ, մերձավոր ազգական, ժառանգ կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ տվյալ անձը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք.
8) Փոխկապակցված իրավաբանական անձ - «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-26-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող իրավաբանական անձ.
9) Մերձավոր ազգական - ընտանիքի անդամը, չափահաս զավակը, ծնողը, քույրը, եղբայրը (այդ թվում՝ համահայր կամ համամայր), տատը, պապը, թոռները, հորեղբայրը, մորաքույրը, հորաքույրը, մորեղբայրը կամ նրանց ընտանիքի անդամները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը.
10) Ընտանիքի անդամ - ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը կամ ուսումնասիրվող ժամանակահատվածում տեւական ժամանակ, բայց ոչ պակաս քան մեկ տարվա ընթացքում 180 օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ.
11) Պաշտոնատար անձ - ուսումնասիրությունը սկսելու պահին գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձ: Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթների նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձը ուսումնասիրությունը սկսելու պահին գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով համարվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ.
12) Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ - ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրավասու մարմնի կողմից նախաձեռնված ընթացակարգ, որը սկսվում է հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշման կայացմամբ, իր մեջ ներառում է գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցումը եւ ավարտվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով.
13) Հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն կամ ուսումնասիրություն - ընթացակարգ, որն ուղղված է ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների եւ շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն.
14) Շուկայականից էականորեն ցածր գին - գործարքի հատուցման արժեք, որը 80 եւ ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի օտարման գործարքների իրական արժեքից.
15) Իրավասու մարմին - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանում.
16) Շահագրգիռ անձ - անձ, ում իրավունքների եւ պարտականությունների վրա առերեւույթ կարող է ազդել գույքի բռնագանձումը.
ԳԼՈՒԽ 2. ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ
Հոդված 4. Ուսումնասիրություն սկսելու պարտականությունը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի առնչությամբ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի առնչությամբ համապատասխան միջոցառումներն իրականացրած մարմինը պարտավոր են ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության մասին իրենց հայտնի դառնալու պահից տասնօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին եւ փոխանցել այն բոլոր փաստաթղթերը եւ տվյալները, որոնք կարող են վերաբերել սույն օրենքով սահմանված ուսումնասիրություն սկսելու հիմքերին: Սույն մասով նախատեսված գործընթացի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակման:
2. Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին:
3. Իրավասու մարմինը սկսում է ուսումնասիրություն ներկայացված նյութերի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, եթե.
1) առկա է ուսումնասիրություն սկսելու սույն օրենքով նախատեսված հիմքերից առնվազն մեկը,
2) առկա չեն սույն հոդվածի 5-րդ մասում նկարագրված հանգամանքները:
4. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը կայացման պահից անհապաղ ուղարկվում է Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, ով ստացման պահից յոթնօրյա ժամկետում իրավասու է վերացնել կայացված որոշումը:
5. Իրավասու մարմինը չի նախաձեռնում ուսումնասիրություն, եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքն իր շուկայական արժեքով չի կարող գերազանցել սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շեմը: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է վերադաս դատախազին, ով ուսումնասիրություն սկսելու հիմքերը բավարար համարելու դեպքում յոթնօրյա ժամկետում վերացնում է կայացված որոշումը եւ հանձնարարում սկսել ուսումնասիրություն:
6. Եթե դիմումին կցված նյութերը բավարար են սույն օրենքով նախատեսված կարգով հայցի հարուցման համար, եւ չկան պարզման ենթակա այլ հանգամանքներ, իրավասու մարմինը կարող է ուսումնասիրությունը սկսելուց անմիջապես հետո ամփոփել ուսումնասիրության նախնական արդյունքները, որից հետո իրավասու մարմինը կազմում է ամփոփագիր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
Հոդված 5. Ուսումնասիրություն սկսելու հիմքերը
1. Սույն օրենքով նախատեսված կարգով իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.
1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարումը, եւ տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.
2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման համար, եւ առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.
3) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետեւյալ հիմքերից մեկով.
ա) ընդունվել է համաներման մասին օրենք.
բ) անցել են վաղեմության ժամկետները.
գ) անձը մահացել է.
դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
4) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկով.
5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:
2. Ուսումնասիրության շրջանակներում ներառված գործողությունները կարող են ձեռնարկվել նաեւ սույն օրենքով նախատեսված կարգով միջազգային փոխօգնության տրամադրման անհրաժեշտություն առաջանալու դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ուսումնասիրություն կարող է սկսվել նաեւ օտարերկրյա դատարանի կողմից կայացված մեղադրական դատական ակտիառկայության դեպքում, եթե այն ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունում:
Հոդված 6. Ուսումնասիրություն սկսելը
1. Իրավասու մարմինը սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում կայացնում է ուսումնասիրություն սկսելու մասին որոշում՝ նշելով դրա հիմքում ընկած փաստական տվյալները եւ սույն օրենքի 5-րդ հոդվածում նախատեսված այն հիմքը, որի հիման վրա սկսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը: Իրավասու մարմինը ուսումնասիրություն սկսելու մասին որոշմամբ նաեւ նշում է այն անձի տվյալները, ում ենթադրաբար պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:
2. Նույն գույքի առնչությամբ ուսումնասիրություն կարող է սկսվել, եթե առկա է նախորդող ուսումնասիրության հիմքերից տարբերվող հիմք, որը հայտնի չէր եւ չէր կարող հայտնի լինել իրավասու մարմնին նախորդ ուսումնասիրությունը սկսելու պահին:
3. Իրավասու մարմինը կարող է վերսկսել ավարտված ուսումնասիրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն դատական ակտի վերանայման բողոք նախապատրաստելու եւ ներկայացնելու նպատակով:
Հոդված 7. Ուսումնասիրության սահմանները
1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով իրավասու մարմինը հավաքում է նյութեր հետեւյալ հարցերի առնչությամբ.
1) անձին պատկանող գույքը, դրա գտնվելու վայրը, ձեռքբերման աղբյուրները,
2) գույքի շուկայական արժեքը դրա ձեռքբերման պահի եւ ուսումնասիրության իրականացման դրությամբ,
3) գույքի վերափոխումը այլ տեսակի գույքի եւ գույքի օգտագործումից ստացվածը,
4) գույքը ձեռք բերողի հայտնի եկամուտները եւ ծախսերը, այդ թվում՝ ապրուստի միջին ամսեկան ծախսերը,
5) գույքի առնչությամբ կնքված գործարքները,
6) գույքի ծանրաբեռնվածությունը այլ անձանց իրավունքներով:
2. Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատված:
Հոդված 8. Ուսումնասիրության իրականացման ժամկետները
1. Ուսումնասիրությունը կարող է տեւել առավելագույնը երկու տարի, որն իրավասու մարմնի կողմից կարող է երկարացվել մինչեւ մեկ տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցության կարգով ուղարկված խնդրանքի կատարման կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտությամբ:
Հոդված 9. Ուսումնասիրության գաղտնիությունը
1. Ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ եւ դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են հրապարակման բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ եւ կարող են տրամադրվել շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով: Իրավասու մարմինը նախազգուշացնում է շահագրգիռ անձանց, նրանց ներկայացուցիչներին, փորձագետներին, մասնագետներին, թարգմանիչներին եւ այլ ներգրավված անձանց ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության եւ համապատասխան պարտականությունը խախտելու համար վրա հասնող պատասխանատվության մասին:
Հոդված 10. Քրեական վարույթին զուգահեռ ուսումնասիրություն իրականացնելու առանձնահատկությունները
1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում արված հայտարարությունները եւ տրված ցուցմունքները քրեական դատավարության կանոններին համապատասխան չեն կարող օգտագործվել դրանք տված անձի կամ վերջինիս մերձավոր ազգականների դեմ քրեական գործի շրջանակներում՝ բացառությամբ սուտ ցուցմունք տալու կամ սուտ մատնության դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով կամ եթե անձն ինքն է ներկայացնում իր ցուցմունքը կամ հայտարարությունը որպես ապացույց քրեական գործով:
2. Փոխկապակցված գործերով զուգահեռ ընթացող քրեական դատավարությանը մասնակցող անձինք սույն օրենքի հիման վրա իրականացվող բռնագանձման վարույթին մասնակցելիս օգտվում են քրեական գործի քննության ընթացքում իրենց նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցներից:
3. Նախնական ապահովման միջոցների կիրառումից, իսկ կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումից անմիջապես հետո իրավասու մարմնի որոշմամբ հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության ընթացքը կասեցվում է, եթե հայցի հիմքում դրվելու են նախնական քննության տվյալներ, որոնք չեն հրապարակվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: Սույն հոդվածի հիման վրա ուսումնասիրության ընթացքի կասեցման որոշում կայացնելու դեպքում կասեցվում են ուսումնասիրության ընթացքի հետ կապված բոլոր ժամկետները: Նախնական քննության ավարտից հետո կասեցված ժամկետների ընթացքը շարունակվում է ժամկետի մնացած մասով:
4. Սույն օրենքով նախատեսված վարույթին զուգահեռ ընթացող քրեական գործի վարույթի ավարտվելը, այդ թվում՝ արդարացման դատավճռի կայացումը, կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելը կամ քրեական հետապնդումը դադարեցնելը, հիմք չէ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի դադարեցման համար:
Հոդված 11. Իրավասու մարմնի լիազորություններն ուսումնասիրություն իրականացնելիս
1. Ուսումնասիրություն իրականացնելու եւ հայց հարուցելու նպատակով իրավասու մարմինն իրավունք ունի`
1) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կամ համայնքային, ինչպես նաեւ պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու ուսումնասիրություն իրականացնելու եւ հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ, այդ թվում՝ հարկային կամ մաքսային գաղտնիք համարվող տեղեկություններ, նախնական քննության տվյալներ.
2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջելու եւ ստանալու իրենց տիրապետության ներքո գտնվող տեղեկություններ եւ փաստաթղթեր, գործով տեղեկություններ ունեցող անձանց հարցման ենթարկելու՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ այդ մասին կազմելով արձանագրություն.
3) անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային).
4) պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության).
5) որոշակի փաստերի հաստատման կամ հերքման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հանձնարարելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար` իրական շահառուների, փոխկապակցված անձանց շրջանակը եւ գույքի ծավալը պարզելու նպատակով: Սույն կետով սահմանված միջնորդության հիման վրա չեն կարող իրականացվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 16-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
6) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով օգտվելու անհրաժեշտ տվյալներ պարունակող առցանց բազաներից եւ տեղեկատվության տրամադրման խնդրանք ուղարկելու օտարերկրյա պետության իրավասու մարմիններին` Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով կամ տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
2. Իրավասու մարմինը կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սույն օրենքով նախատեսված կարգով տրամադրված հայտարարագրի վերլուծություն իրականացնելու համար եւ ստանալ վերլուծության արդյունքները:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված կարգով հայցվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման համապատասխան հարցումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում:
Հոդված 12. Տեղեկությունների ստացումը եւ գաղտնիությունը
1. Ուսումնասիրության իրականացման ընթացքում իրավասու մարմինը կարող է հավաքել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Իրավասու մարմինը ձեռնարկում է ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված եւ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ:
3. Իրավասու մարմինը կարող է դիմել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առեւտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն ստանալու դիմում:
4. Դատարանը դիմումը քննում է առանց նիստ հրավիրելու եւ շահագրգիռ անձանց ծանուցելու այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
5. Դատարանը դիմումի հիման վրա որոշում է կայացնում հայցվող տեղեկությունները տրամադրելու վերաբերյալ, եթե դիմումում պատշաճ կերպով հիմնավորված է, որ տվյալներն անհրաժեշտ են ուսումնասիրության համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար: Դատարանի որոշումը անհապաղ ուղարկվում է դիմումը ներկայացրած անձին:
6. Դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Ներկայացված բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու եւ առանց շահագրգիռ անձանց ծանուցելու, միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
7. Դատարանի որոշման հիման վրա իրավասու մարմինը կարող է դիմել եւ ստանալ որոշման ծավալում ներառված տեղեկությունները դրանք տիրապետող անձանցից:
8. Անձինք, որոնք սույն հոդվածի հիման վրա իրավասու մարմնին տրամադրում են հայցվող տեղեկատվությունը, պարտավոր են պահպանել այդ տվյալների տրամադրման գաղտնիությունը եւ չբացահայտել ուսումնասիրության առկայության կամ տվայլների տրամադրման փաստը, այլ անձանց, այդ թվում՝ իրենց հաճախորդներին:
Հոդված 13. Ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումը
1. Ուսումնասիրության նախնական արդյունքներով իրավասու մարմինը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր, որով որոշում է՝
1) դադարեցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը, կամ
2) ձեռնարկել միջոցներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ:
2. Իրավասու մարմինը կարող է ձեռնարկել սույն օրենքում նախատեսված միջոցներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ ներկայացնելու ուղղությամբ, եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքը ուսումնասիրության տվյալներով գերազանցում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շեմը:
3. Այն դեպքում, երբ ամփոփագրի հիման վրա հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույք, իրավասու մարմինը որոշում է կայացնում բռնագանձման վարույթը դադարեցնելու վերաբերյալ: Բռնագանձման վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշումն անհապաղ ուղարկվում է Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, ով որոշման անհիմն կամ ապօրինի լինելու դեպքում իրավասու է վերացնել այն եւ իրավասու մարմնին հանձնարարել միջոցներ ձեռք առնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ:
Հոդված 14. Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառումը
1. Նախնական ուսումնասիրության արդյունքներով ամփոփագիրը կազմելուց հետո իրավասու մարմինը կարող է դատարան ներկայացնել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմում, որը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների քննության կարգով՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:
2. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
3. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումում նշվում են`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
2) դիմողի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից), դիմումը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը,
3) այն անձի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ում գույքի առնչությամբ ներկայացվում է դիմումը,
4) ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գտնվելու վայրի հասցեն, որքանով հայտնի է,
5) հարուցվելիք հայցի առարկան, որի կապակցությամբ պետք է կիրառվի հայցի նախնական ապահովում,
6) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
4. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումին կցվում են՝
1) դիմողի անձը եւ զբաղեցրած պաշտոնը հավաստող փաստաթղթերի պատճենները,
2) դիմումի հիմքում դրված փաստաթղթերը:
5. Սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելիս դիմողն ազատված է պետական տուրքի, ինչպես նաեւ հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու պարտականությունից:
6. Հայցի առարկայի եւ հայցի ապահովման դիմումի առարկայի մասնակի կամ ամբողջական համընկնումը հիմք չէ դիմումը մերժելու համար:
7. Սույն օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցադիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն ստացել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը: Եթե իրավասու մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով կայացրել է ուսումնասիրության ընթացքը կասեցնելու որոշում, սույն մասով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է հայցի նախնական ապահովման միջոցը կիրառած դատարանի կողմից կասեցման որոշումը ստանալու պահից: Ուսումնասիրությունը վերսկսելուց անմիջապես հետո այդ մասին տեղեկացվում է հայցի նախնական ապահովման միջոցը կիրառած դատարանը, իսկ հայցադիմումի ներկայացման ժամկետի ընթացքը շարունակվում է մնացած մասով:
8. Դիմողի առնչությամբ չեն կարող կիրառվել հակընդդեմ ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը:
9. Կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է մասնակիորեն վերացվել դատարանի կողմից՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, ում գույքի նկատմամբ կիրառվել է ապահովման միջոցը, եթե վերջինս հիմնավորում է, որ գույքի մի մասը արգելանքից ազատելն անհրաժեշտ է իր փաստաբանի ծախսերը, իր կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ողջամիտ ծախսերը հոգալու, ալիմենտի եւ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումներ կատարելու համար: Ներկայացված դիմումը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
Հոդված 15. Ապացույցների ապահովումը
1. Ուսումնասիրության արդյունքներով իրավասու մարմինը կարող է մինչեւ հայցի ներկայացումը դատարան ներկայացնել ապացույցների նախնական ապահովման դիմում, եթե գտնում է, որ հակառակ դեպքում անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ: Ներկայացված դիմումը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ապացույցների ներկայացման դժվարությունը՝ դատարանը կարող է կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապացույցների նախնական ապահովում իրականացնելու վերաբերյալ՝ վկաներին, մասնագետին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, փորձագետին հարցաքննելով: Դատարանի որոշումը տրամադրվում է դիմումատուին, ինչի հիման վրա նախաձեռնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս որոշման կատարման առնչությամբ անհրաժեշտ միջոցներ:
Հոդված 16. Շահագրգիռ անձանց ծանուցումը
1. Նախնական ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառելուց, իսկ այդպիսի միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության դեպքում ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինը ծանուցում եւ հրավիրում է ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց՝ ուսումնասիրության արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու եւ ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու:
2. Իրավասու մարմինը ծանուցում է անձին, ում գույքի ծագման օրինականության առնչությամբ իրականացվել է ուսումնասիրությունը եւ հրավիրում ծանուցումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում մեկ ամսվա ընթացքում ներկայացնելու հայտարարագիր, որը ներառում է հետեւյալ տվյալները.
1) անձին եւ նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը.
2) հայտարարագրի ներկայացման պահին անձի եւ նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց եւ երրորդ անձանց նկատմամբ.
3) հայտարարագրի ներկայացման պահին անձի եւ նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս.
4) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի եւ նրա ընտանիքի անդամների եկամուտները եւ դրանց աղբյուրները.
5) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի եւ նրա ընտանիքի անդամների գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները եւ դրանց ֆինանսավորման աղբյուրները.
6) ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ:
3. Հայտարարագրերի նմուշային ձեւը եւ լրացման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Շահագրգիռ անձինք ծանուցումը ստանալու պահից իրավունք ունեն ծանոթանալ ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը:
5. Անձի կողմից հայտարարագիր կամ դիրքորոշում ներկայացնելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել եւ օգտագործվել իր կամ իր ընտանիքի անդամների դեմ: Հայտարարագիր ներկայացնելու դեպքում, դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
Հոդված 17. Շահագրգիռ անձանց ծանուցելու կարգը
1. Իրավասու մարմինը պարտավոր է պատշաճ կերպով ծանուցել ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց:
2. Շահագրգիռ անձանց ուղարկվում է պատվիրված նամակ՝ հանձնման մասին ծանուցմամբ, որը պետք է պարունակի տվյալներ հրավիրող մարմնի եւ հասցեատիրոջ վերաբերյալ, այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իրավասու մարմնին հիմք են տալիս ենթադրելու, որ ուսումնասիրված գույքի բռնագանձումը կարող է ազդել հրավիրվող անձի իրավունքների կամ պարտականությունների վրա, գործի նյութերին ծանոթանալու, հայտարարագիր, դիրքորոշում ներկայացնելու իրավունքի եւ դրա իրացման եղանակների եւ ժամկետների վերաբերյալ:
3. Պատվիրված նամակով ծանուցումն ուղարկվում է իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կանոնների կիրառմամբ:
4. Իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության եւ դրա շրջանակներում ներառված գույքի վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով շահագրգիռ անձանց ծանոթանալու գործի նյութերին եւ ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Հայտարարության տեղադրման պահից մեկ ամիս հետո բոլոր շահագրգիռ անձինք համարվում են պաշտոնապես ծանուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության մասին:
5. Սույն հոդվածով նախատեսված ծանուցման իրականացմանը զուգընթաց իրավասու մարմինն իրեն հայտնի շահագրգիռ անձանց կարող է ծանուցել նաեւ հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային նամակ ուղարկելու միջոցով:
6. Սույն հոդվածով նախատեսված կարգով ծանուցված շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ իրավասու մարմնի մոտ առկա ուսումնասիրության նյութերին:
Հոդված18. Ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփումը եւ հայցի նախապատրաստումը
1. Շահագրգիռ անձանց ներկայացրած նյութերի եւ հավաքված ապացույցների հիման վրա իրավասու մարմինը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:
2. Եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքը ուսումնասիրության տվյալներով գերազանցում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շեմը, իրավասու մարմինը կազմում է եզրակացություն, որը ներառում է՝
1) տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի եւ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ,
2) սույն օրենքի իմաստով անձին պատկանող գույքի համադրումը այդ գույքի ձեռքբերման համար օգտագործված՝ իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների հետ,
3) գույքը տիրապետող անձանց կողմից դրա ապօրինի ծագման մասին տեղեկացված լինելու վերաբերյալ տվյալներ,
4) ապացույցների ցանկ, որոնց վրա հիմնվում է եզրակացությունը,
5) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու կամ հաշտության համաձայնություն կնքելու մասին որոշում:
3. Այն դեպքում, երբ հավաքված նյութերով հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույք, իրավասու մարմինը կայացնում է ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշում, որոշման մեջ պարտադիր կերպով անդրադարձ կատարելով սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերում նախատեսված տվյալներին: Ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, ով որոշման անհիմն կամ ապօրինի լինելու դեպքում իրավասու է երկշաբաթյա ժամկետում հանձնարարություն տալ դատախազին շարունակել ուսումնասիրությունը կամ հայց ներկայացնել դատարան:
4. Ուսումնասիրությունը կարող է ավարտվել հաշտության համաձայնության կնքմամբ, որը պետք է համապատասխանի սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պայմաններին եւ հաստատվի դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 39-րդ գլխով նախատեսված կարգի կիրառմամբ: Հաշտության համաձայնություն կնքելու կարգը սահմանվում է Գլխավոր դատախազի հրամանով:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 19. Հայցի ներկայացումը
1. Հայցադիմումում պարտադիր նշվում են`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը,
2) դիմողի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից), հայցը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,
4) գույքը, որի առնչությամբ ներկայացվում է հայցը, դրա գտնվելու վայրը, որքանով հայտնի է, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու անհնարինության դեպքում՝ դրամական պահանջը, որը հավասար է հայցի ներկայացման պահին գույքի շուկայական արժեքին,
5) շահագրգիռ անձանց տվյալները, որքանով դրանք հայտնի են հայցվորին,
6) հայցի փաստական եւ իրավական հիմքերը,
7) ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու վերաբերյալ պահանջը,
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի եւ ապացույցների ցանկը:
2. Հայցադիմումի մեջ որպես պատասխանող է նշվում այն անձը, ում պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը:
3. Հայցադիմումը ներկայացվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ հայցադիմումի պատճենն ուղարկվում է Գլխավոր դատախազին:
4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին հայցը կարող է ներկայացվել մինչեւ սույն օրենքի 8-րդ հոդվածում նախատեսված ժամկետի ավարտը:
5. Հայցադիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացրած անձը կամ տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
6. Եթե հայցի քննության ընթացքում պարզ է դառնում, որ ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով կամ այն անհնար է առանձնացնել կամ բռնագանձել, ապա հայցվորը փոփոխում է հայցի առարկան եւ ներկայացնում է հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումարի բռնագանձման պահանջ:
Հոդված 20. Ապացուցումը
1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը ենթակա են ապացուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ փաստական տվյալների հետազոտման եւ գնահատման հիման վրա՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:
2. Դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում՝ հիմք ընդունելով սույն օրենքի 4-րդ գլխում նախատեսված կանոնները: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ անձը, ում պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, չի ապացուցել գույքի ձեռքբերման օրինականությունը:
Հոդված 21. Հաշտության համաձայնությունը
1. Վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, որը ձեւակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք եւ ներկայացվում է դատարանի հաստատմանը:
2. Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը: Ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին գույքի շուկայական արժեքի հիման վրա: Հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվում է բնեղենով, իսկ եթե այդպիսի գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով կամ այն անհնար է առանձնացնել կամ բռնագանձել, ինչպես նաեւ եթե այդպիսի առաջարկով է հանդես գալիս անձը, ում պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվում դրա շուկայական արժեքը դրամով:
3. Դատարանը հաստատում է հաշտության համաձայնությունը, եթե առկա չեն դատարանի կողմից հաշտության համաձայնությունը չհաստատելու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերը:
ԳԼՈՒԽ 4. ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
Հոդված 22. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի կայացումը
1. Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով:
2. Հայցվորի կողմից անձանց իրական շահառու կամ փոխկապակցված անձ հանդիսանալու հանգամանքը վկայակոչելու դեպքում, հայցվորը նաեւ կրում է այդ հանգամանքների ապացուցման պարտականությունը:
3. Պատասխանողը կարող է վիճարկել գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ:
4. Այն դեպքերում, երբ փաստերը, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն գրավոր ապացույցներով, անձը չի կրում իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետեւանքները, եթե ապացուցում է, որ գրավոր ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով:
5. Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է քսանհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:
Հոդված 23. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը գույքը ձեռք բերողից
1. Երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ.
1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, եւ
2) գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ:
2. Գույքը ենթակա չէ բռնագանձման նաեւ այն դեպքում, եթե անձը ապացուցում է, որ գույքը ձեռք բերելու պահին չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին եւ գույքը փոխանցվել է նրան որպես կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցում, ալիմենտ կամ տրամադրվել է նրան բարեգործական նպատակներով:
3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված անձանցից (բարեխիղճ ձեռք բերողներ) այլ անձի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի օտարման գործարքները համարվում են առոչինչ: Այդ գործարքների առնչությամբ իրավասու մարմինը գույքի բռնագանձման պահանջի ներկայացման հետ միասին դատարանին խնդրում է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետեւանքներ:
4. Պատասխանողին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի գույքային իրավունքները, բացառությամբ սեփականության իրավունքի, պահպանվում են, եթե հայցվորի կողմից չի ապացուցվում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին: Եթե գույքը ծանրաբեռնված է փոխկապակցված անձանց գույքային իրավունքներով կամ եթե տվյալ գույքային իրավունքների իրական շահառու է հանդիսանում պատասխանողը, այդ իրավունքները դադարում են գույքի բռնագանձմամբ:
Հոդված 24. Բռնագանձվող գույքը
1. Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության:
2. Բռնագանձված գույքը կարող է սույն օրենքի 30րդ հոդվածի կանոնների կիրառմամբ վերադարձվել այդպիսի գույքի նկատմամբ հիմնավոր պահանջ ունեցող օտարերկրյա պետությանը:
ԳԼՈՒԽ 5. ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 25. Պետության տիրապետությանը հանձնված գույքի կառավարումը
1. Կողմի միջնորդությամբ դատարանը, առաջնորդվելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններով, կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված ապահովման միջոցներից մեկը:
2. Եթե բացառիկ դեպքերում գործի քննության առանձնահատկություններից ելնելով՝ դատարանը, կիրառելով հայցի ապահովում, որոշում է կայացնում գույքը հանձնել պետության տիրապետությանը, տվյալ գույքի կառավարումը եւ պահպանումն իրականացնում է պետությունը:
3. Գույքը որպես հայցի ապահովում կարող է հանձնվել պետությանը, եթե.
1) առկա է հավանականություն, որ հակառակ դեպքում գույքի արժեքը կարող է էականորեն նվազել.
2) առկա է հավանականություն, որ գույքը կարող է օգտագործվել հանցագործության կատարման համար.
3) գույքի կամ դրա օգտագործման առանձնահատկությամբ պայմանավորված առկա է հավանականություն, որ այն պատասխանողի մոտ թողնելը կարող է անհնարին դարձնել կամ էականորեն դժվարացնել գույքի հետագա բռնագանձումը:
4. Գույքը իրավասու մարմնի կողմից կարող է հանձնվել գույքի պահպանության համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ եւ հատուկ որակավորում ունեցող աշխատակազմ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաեւ պետական (պետական մասնակցությամբ) կազմակերպություններ:
5. Եթե գույքի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում, պետությունը կարող է տվյալ գույքը հանձնել հավատարմագրային կառավարման:
6. Գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը, ինչպես նաեւ հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Գույքի պահպանման եւ կառավարման հետ կապված անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից:
Հոդված 26. Պետության տիրապետությանը հանձնված գույքի օտարումը
1. Եթե պետության տիրապետությանն անցնում է շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող շարժական գույք, իրավասու մարմինը կարող է դիմել դատարան՝ խնդրելով թույլատրել գույքի օտարումը:
2. Գույքի օտարումը թույլատրելու հարցը քննելու համար հրավիրվում է դատական նիստ, որի մասին ծանուցվում են միջնորդությունը ներկայացրած անձը եւ գույքի հայտնի սեփականատեր(եր)ը, որոնց չներկայանալն արգելք չէ միջնորդության քննարկման համար:
3. Միջնորդության վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում՝ հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը եւ գույքի պահպանման առանձնահատկությունները:
4. Գույքի օտարումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա, գույքի իրացումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Գույքի օտարումից ստացված գումարները պահվում են պետության տիրապետության ներքո մինչեւ ապահովման միջոցների վերացումը:
ԳԼՈՒԽ 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 27. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով հաղորդակցումն իրականացնող մարմինը
1. Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է այլ պետությունների հետ վերջիններիս կողմից իրականացվող հետաքննությունների եւ ընթացակարգերի շրջանակներում, որոնք ուղղված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը՝ անկախ տվյալ պետության կողմից օգտագործվող օրենսդրական ձեւակերպումներից:
2. Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելու եւ դրա բռնագանձման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից օտարերկրյա պետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելու եւ դրա բռնագանձման հարցերով հաղորդակցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով:
3. Հայաստանի Հանրապետությունը փոխօգնության ոլորտում փոխադարձության հիման վրա կատարում է այլ պետության կողմից ստացված խնդրանքը, եթե դրա կատարումը չի հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:
Հոդված 28. Օտարերկրյա պետություններից ստացված խնդրանքներին ներկայացվող պահանջները
1. Սույն օրենքով նախատեսված հաղորդակցման հիմքն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի առնչությամբ խնդրանքն է (այսուհետ՝ խնդրանք):
2. Եթե այլ բան նախատեսված չէ հայցող պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող միջազգային պայմանագրով, խնդրանքը պետք է պարունակի.
1) դիմող մարմնի անվանումը,
2) խնդրանքի վերնագիրը,
3) խնդրանքի առարկայի հետ առնչվող անձանց եւ գույքի վերաբերյալ բավարար տեղեկություններ,
4) խնդրանքի էությունը եւ այն իրավական հիմքերը, որոնք հիմնավորում են դիմող մարմնի իրավասությունը՝ ուղարկելու տվյալ խնդրանքը:
3. Եթե խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա դատարանի վճռի, հրամանի կամ ապահովման միջոցի մասին որոշման կատարմանը, խնդրանքին կցվում է այն ներկայացնող պետության դատական ակտի հաստատված պատճենը, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ նյութեր:
Հոդված 29. Օտարերկրյա պետություններից ստացված խնդրանքի կատարման կարգը
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, օտարերկրյա պետության համապատասխան մարմնից ստանալով գույքի հայտնաբերման եւ տեղեկատվության տրամադրման խնդրանք, կարող է ձեռնարկել սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներում նախատեսված միջոցները հայցվող տեղեկատվությունը ստանալու եւ տրամադրելու նպատակով:
2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ դրա առնչությամբ կիրառված ապահովման միջոցների մասին օտարերկրյա դատարանի ակտերը ճանաչվում են փոխադարձության հիման վրա, որը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստանալով գույքի բռնագանձման, դատական հրամանի կամ գույքի առնչությամբ ապահովման միջոցների կիրառման խնդրանքը եւ այդպիսի օտարերկրյա դատական ակտի ճանաչման եւ կատարման համար անհրաժեշտ տվյալները եւ փաստաթղթերը, հայցվող դատական ակտը ճանաչելու եւ դրա կատարումը թույլատրելու մասին դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխով սահմանված կարգով:
4. Կայացված որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անհապաղ հայտնում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնին:
5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենքին համապատասխան՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված խնդրանքի կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին կամ այլ պատճառներով անհնար է, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը ծանուցվում է խնդրանքի կատարման անհնարինության եւ դրա պատճառների մասին:
Հոդված 30. Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը եւ բաշխումը
1. Բռնագանձված գույքը հայցող պետությանը վերադարձնելու եւ գույքի բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով եւ շահագրգիռ պետությունների հետ կնքված առանձին համաձայնագրերով կամ իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությամբ:
Հոդված 31. Ուղարկվող խնդրանքի կատարման կարգը
1. Օտարերկրյա պետության տարածքում գտնվող գույքի առնչությամբ տեղեկատվություն ստանալու, դրա վրա արգելանք դնելու, գույքի կամ ապացույցի ապահովման միջոցներ կիրառելու կամ գույքի բռնագանձման մասին խնդրանքը եւ կից փաստաթղթերն օտարերկրյա պետության իրավասու մարմնին է ուղարկում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:
Հոդված 32. Միջազգային համագործակցությունը դատարանի կողմից գործի քննության ընթացքում
Իրավասու մարմնի հայցի հիման վրա քաղաքացիական գործի հարուցումից հետո իրավական օգնության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
ԳԼՈՒԽ 7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 33. Հաշտության համաձայնության պայմանների խախտմամբ պետությանը պատճառված վնասը
1. Եթե առկա են տվյալներ ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին, սույն օրենքի հիման վրա հաշտության համաձայնություն կարող է կնքվել, միայն եթե անձը, ում պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է սույն օրենքով նախատեսված հայտարարագիր:
2. Հայտարարագիրը կցվում է հաշտության համաձայնությանը, իսկ հաշտության համաձայնությունը պարունակում է հայտարարագիր կազմած անձի հայտարարությունն առ այն, որ հայտարարագրում պարունակվող տվյալները հավաստի են, այնքանով, որքանով դա հայտնի է ներկայացնող անձին:
3. Այն դեպքում, երբ անձը խախտում է հաշտության համաձայնության պայմանները, իրավասու մարմինը կարող է դիմել դատարան՝ համաձայնության խախտման արդյունքում պատճառված վնասների հատուցման պահանջով: Պատճառված վնասի չափը ներառում է նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի այն մասը, որը հայտնաբերվել էր իրավասու մարմնի կողմից մինչեւ հաշտության համաձայնության կնքումը, բայց սույն օրենքով թույլատրելի ծավալներով չէր ներառվել հաշտության համաձայնության առարկայում:
4. Այն դեպքում, երբ համաձայնագրի խախտումը կատարվել է հայտարարագրում ոչ հավաստի տվյալների ներառմամբ, վնասի չափը ներառում է նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի այն ծավալը, որն անձը թաքցրել էր հայտարարագիր ներկայացնելիս:
5. Իրավասու մարմինը կարող է վերսկսել ավարտված ուսումնասիրությունը սույն հոդվածով նախատեսված հիմքերով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու նպատակով այդպիսի պահանջ ներկայացնելու հիմքերի առկայության դեպքում:
Հոդված 34. Օրենքի կիրառման արդյունքների ամփոփում
1. Իրավասու մարմինը նախաձեռնված բռնագանձման վարույթների եւ դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակում է տարեկան հաշվետվություն՝ պահպանելով սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը:
Հոդված 35. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 4-րդից 34-րդ հոդվածներն ուժի մեջ է մտնում մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նյութերն իրավասու մարմնին ուղարկելու պարտականությունը ծագում է, եթե սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքն առկա է սույն օրենքի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու դրությամբ մինչդատական կամ դատական վարույթում գտնվող գործով կամ ի հայտ է եկել սույն օրենքի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո:
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրություն սկսելու ժամկետն ուժի մեջ է մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից վեց ամիս անց: Մինչ այդ ուսումնասիրություն նախաձեռնելու հիմքերի առկայության ստուգման համար գործում է մեկամսյա ժամկետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1973-Ա
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. դեկտեմբերի 30
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2020 թվականի N 14-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հունվարի 9
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1973-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ