Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում.
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:».
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց ներկայացնելու հիմքեր:»,
3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8) Եթե սույն հոդվածով սահմանված են այլ կարգավորումները, քան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի հարուցումը եւ քննությունն իրականացվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.
1) 1-ին մասի 5-րդ կետում «երկու տարվա փորձառություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:
2) լրացնել 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձը: »:
Հոդված 3. Օրենքում լրացնել 38.1 հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 38.1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով զբաղվող ստորաբաժանման համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթը
1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվում է բաց մրցույթ՝ սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված բաց մրցույթի անցկացման կանոններով: Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:
2. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում: Ցուցակում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն արդարադատության ակադեմիայում անցնում է համապատասխան ուսուցում»:
Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածում.
1) լրացնել 3.1 մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում նշանակումներն արվում են սույն օրենքի 38.1-րդ հոդվածով նախատեսված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք ավարտել են համապատասխան ուսուցումն արդարադատության ակադեմիայում:»:
2) 4-րդ մասում վերջակետից առաջ ավելացնել «, բացառությամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, որի կազմում սույն մասով նախատեսած կարգով նշանակում կատարվում է միայն այն դատախազների թվից, որոնք անցել են սույն օրենքի 38.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսուցումն արդարադատության ակադեմիայում» բառերը:
Հոդված 5. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով զբաղվող ստորաբաժանման կազմում դատախազներ նշանակելու նպատակով Օրենքի 38.1 հոդվածով նախատեսված առաջին բաց մրցույթը անցկացվում է եւ դատախազների թեկնածությունների ցուցակը կազմվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում: