Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-439-10.01.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:

Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:»:

2. 6-րդ մասում «անգամ բանկ ներկայանալու» բառերը փոխարինել «անգամ բանկ հայտարարություն ներկայացնելու» բառերով, իսկ «ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած կարգով անձամբ բանկ ներկայացնել գրավոր հայտարարություն» բառերով,

3. 9-րդ մասը «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 3-րդ պարբերությունում «վճարվում է» բառից հետո լրացնել «անկանխիկ եղանակով,» բառերով, իսկ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային վճարվում է կանխիկ եղանակով:»,

2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա, անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային):»:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ նրան» բառերը փոխարինել «առանձնահատկությունները եւ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «չստորագրելու (բանկ չներկայանալու)» բառերը փոխարինել «չներկայացնելու» բառով, իսկ 4-րդ մասի 3-րդ կետում «ստորագրելու (բանկ ներկայանալու)» բառերը փոխարինել «ներկայացնելու» բառով:

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կանխիկ» բառերը եւ «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» բառերը:

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերով.

«9. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է.

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՝ մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը,

2) այլ քաղաքներում (բացառությամբ՝ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը,

3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը,

4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:

10. Գյուղերի ցանկը՝ ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը՝ մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:

11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով եւ սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները:

12. Մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով.

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՝ 2021 թվականի հունվարի 1-ից,

2) այլ քաղաքներում (բացառությամբ՝ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)՝ 2021 թվականի հուլիսի 1-ից,

3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից,

4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ից:»:

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանված է կենսաթոշակի վճարման կարգը: Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Վերը նշված դրույթի նպատակը կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը հաստատելն է, սակայն բանկ ներկայանալու վերաբերյալ օրենքի պահանջը խոչընդոտում է բանկի տարածքից դուրս խնդրո առարկա հայտարարությունը վերցնելու հնարավորությունը:

Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաեւ կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը:

Օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Նշված ժամկետում թաղման նպաստը չվճարելու (չստանալու) դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

Ընդ որում, գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակի համար սահմանված կարգով է վճարվում նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակները, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարգեւավճարները եւ այլն:

Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով: Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:

Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ (անկախ վճարվող գումարի չափից), իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով:

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարումները անկանխիկ եղանակով կատարելը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը: Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Այդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով, իսկ 28.1-ին հոդվածի 6.1-ին մասի համաձայն` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց (այդ թվում` ծնողի մահվան պատճառով) հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

2. Կարգավորման առարկան

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով: Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետեւյալ դեպքերում.

1) կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է,

2) լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,

3) կենսաթոշակը վճարվում է լիազորագրով,

4) կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ:

Նախատեսվում է նաեւ բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը եւ թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:

Ընդ որում, քանի որ թաղման նպաստը վճարվում է այն նշանակելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, ապա թաղման նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում բացառվում է թաղման նպաստի գումարն ստանալու համար այն նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում կրկին դիմելու անհրաժեշտությունը:

Ըստ այդմ, նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ են կատարել նաեւ օրենքների այլ՝ չվճարված կենսաթոշակի, խնամքի նպաստի եւ թաղման նպաստի վճարմանը փոխկապակցված դրույթներում:

Իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ Կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն:

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:

Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է:

Ինչպես եւ կենսաթոշակների դեպքում, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով:

Հարկ է նշել, որ կենսաթոշակի եւ խնամքի նպաստը լիազորագրով միայն կանխիկ եղանակով վճարելու պահանջը բխում է վճարման գործընթացի առանձնահատկություններից:

Այսպես, եթե լիազորված անձը եւս կենսաթոշակառու է եւ ինքն իր հերթին լիազորում է այլ անձի ստանալու իր կենսաթոշակը, ապա ստացվում է, որ առաջին կենսաթոշակառուին կենսաթոշակը վճարվում է վերալիազորման կարգով տրված լիազորագրով, ինչն ուղղակիորեն հակասում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասին:

Բացի դրանից, հնարավոր է, որ հաշմանդամության կենսաթոշակը կամ նպաստը վճարվի հաշմանդամ չճանաչված անձին: Անկանխիկ վճարման դեպքում այդ գումարի վրա հնարավոր է բռնագանձում տարածել, ինչը հակասում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածին (կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են հաշմանդամներին):

Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, ինչպես նաեւ հաշվի առնելով նաեւ առանձին բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների եւ անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, ապա հաջորդաբար` մնացած քաղաքներում, 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղերում, իսկ վերջում՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում:

Նախատեսվում է նաեւ, որ տվյալ բնակավայրում մինչեւ սահմանված ժամկետները նշանակված կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչեւ սահանված ժամկետում կենսաթոշակ (խնամքի նպաստ) վճարելը վերսկսելու, կենսաթոշակ (խնամքի նպաստ) ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում ներկայացնելը: Ընդ որում, նշված դիմումները չներկայացնելուց հետո եւս 6 ամսվա ընթացքում շահառուն կարող է ներկայացնել կենսաթոշակի (խնամքի նպաստ) վճարման եղանակը փոխելու դիմում: Եթե նշված դիմումները չեն ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով:

Լուծումներ են առաջադրվում նաեւ անցումային շրջանի խնդիրներին:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներն ընդունվելու դեպքում անցում կկատարվի կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը եւ էապես նվազեցնելով առկա ռիսկերը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն եւ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետա՟կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Նախագծերն ընդունելու դեպքում կնվազեն ՀՀ պետական բյուջեի՝ կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարմանն ուղղվող ծախսերը:

Տեղեկանք գործող օրենքի փոփողվող հեդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ

5 դեկտեմբերի 2019 թվականի  N  1749   - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՊԵՏԱԿԱՆ  ՆՊԱՍՏՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը եւ այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 19
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

9 հունվարի 2020 թվականի  N  12  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020թ. հունվարի 9
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաս՟տանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1749-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավա՟րության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ