Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 225.1-ին հոդվածում՝
1) 6-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-6.4-րդ մասերով.
«6.1. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որեւէ հատկանիշներով պայմանավորված գույքի խմբի մասին, որը հանդիսանալու է ապահովված իրավունքի առարկա: Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է համապատասխանի պայմանագրի կնքման պահին ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքի նկարագրությանը եւ հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնել գույքը դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին:
6.2. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունից բացի պետք է նաեւ նշվի պայմանագրի կնքման պահին ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը: Պայմանագրի գործողության ընթացքում ապահովված իրավունքի առարկայի կազմը կարող է փոփոխվել, ներառյալ՝ ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքը կարող է օտարվել պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ:
6.3. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքն օտարելու պահից այն դադարում է լինել ապահովված իրավունքի առարկա, իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է ապահովված իրավունքի առարկա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
6.4. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գրավի իրավունքը տարածվում է գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքվելիք պայմանագրերի նկատմամբ: