Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-362-13.11.2019,17.01.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 931 -րդ հոդվածով.

«Հոդված 931   Օրինական ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը

1. Խնամակալության եւ հոգաբարձության մարմնից նշանակված անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական ներկայացուցիչը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝

1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, ով մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.

2) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ.

3) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ:

2. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական ներկայացուցիչ չեն կարող մասնակցել նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, եթե նրանք նույն քրեական գործով հանդիսանում են քրեական դատավարությանը մասնակցող անձ։»:

Հոդված 2. Օրենսգրքի 2051 -րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «վեց» բառը փոխարինել «չորս» բառով.

2) 3-րդ մասում «բժշկի» բառից հետո լրացնել «կամ հոգեբանի» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 207-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «մանկավարժի» բառից հետո լրացնել «կամ հոգեբանի» բառերը.

2) 3-րդ մասում «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «եւ մանկավարժին կամ հոգեբանին» բառերը.

3) լրացնել նոր բովանդակությամբ 5-9-րդ մասերով.

«5. Քննիչի հանձնարարությամբ, ելնելով երեխայի լավագույն շահերից, անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին կարող է հարցեր տալ հոգեբանը:

6. Անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին հարցերը հոգեբանի կողմից, որպես կանոն, տրվում են հետեւյալ դեպքերում՝

1) սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.

2) ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ գործերով.

3) երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ գործերով.

4) անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի մտավոր զարգացման մեջ հետ մնալու կամ հոգեկան խանգարում ունենալու դեպքում.

5) մինչեւ 14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննության դեպքում:

7. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կարող է տեսաձայնագրառվել: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառումը պարտադիր է:

8. Հարցաքննության տեսաձայնագրառման վերաբերյալ  քննիչը լսում է հարցաքննության մասնակիցների կարծիքները՝  հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննության մասնակիցների կարծիքներն արտացոլվում են արձանագրության մեջ: Մասնակիցները հարցաքննության առձայնագրման վերաբերյալ կարծիք չեն հայտնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:

9. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության վայրի ընտրությունն իրականացվում է ելնելով երեխայի լավագույն շահերից, հարմարավետությունից ու նրա տարիքին եւ զարգացվածությանը համապատասխանող պայմանների առկայությունից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով.

«8. Սույն օրենքի 207-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում հարցաքննության արձանագրությունում պարտադիր արտացոլվում է, որ հարցերը տրվել են հոգեբանի կողմից:»:

Հոդված 5. Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով.

«8. Անչափահաս տուժողի կամ վկայի մասնակցությամբ առերեսումները՝ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ, եթե դա է պահանջում երեխայի լավագույն շահը, իրականացվում են միջնորդավորված՝ տեսաձայնագրառման եւ տեխնիկական այլ միջոցների  օգնությամբ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 341-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 341. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը դատարանում հարցաքննվում է, եթե նրա հարցաքննությունը չի տեսաձայնագրառվել նախնական քննության ընթացքում: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառումը վերարտադրվում է դատական նիստերի դահլիճում: Տեսաձայնագրառման վերարտադրումից հետո առաջացած հարցերն այլ եղանակով չփարատելու դեպքում, անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը ցուցմունք տալու նպատակով հրավիրվում են դատարան:

2. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը՝ նրա ցանկությամբ, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի ցուցմունքները, եւ նրան հնարավորություն է ընձեռնվում տվյալ վկային կամ տուժողին տալ հարցեր կամ տալ ցուցմունքներ` վկայի կամ տուժողի հաղորդած տվյալների վերաբերյալ:

3. Սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կատարվում է ամբաստանյալի բացակայությամբ՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգը:

4. Դատարանում մինչեւ 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի կամ հոգեբանի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

5. 16 տարին չլրացած տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը, մանկավարժը, հոգեբանը կարող են դուրս գալ դատական նիստերի դահլիճից անչափահաս տուժողի հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ տուժողի հետագա ներկայությունը:

6. Դատարանը՝ կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, իրավունք ունի անչափահաս տուժողին թույլ տալ ժամանակավորապես դուրս գալ դատական նիստերի դահլիճից, եթե ապացույցների հետազոտմանը ներկա գտնվելը նրա վրա կունենա բացասական ազդեցություն: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո անչափահաս տուժողի համար հակիրճ հրապարակվում են ապացույցների հետազոտման արդյունքները:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ