Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-297-25.09.2019,17.01.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել նոր՝ 15.1-ին կետ.

«15.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից.

Քաղվածքում ներկայացվում են, նաեւ էլեկտրական  էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները.»։

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2.1-ին մաս.

«2.1 Սույն  հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ  էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի  համար դիմողը ներկայացնում է իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս.

«3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմին է ներկայացնում իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո 14 օրվա ընթացքում փոփոխության մասին տեղեկացնում է լիազոր մարմնին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»:

Հոդված 4. Օրենքի 30.1-ին հոդվածում՝

1. Լրացնել նոր՝ 1.1-ին կետ,

«1.1. լիցենզավորված անձի լիցենզիան կասեցվում է, եթե բացահայտման օրվանից հետո 10-օրյա ժամկետում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզավորված անձը չի ներկայացրել սույն օրենքի 24-ր հոդվածի 2.1-ին մասով պահանջվող իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»:

2. 2-րդ մասում լրացնել նոր՝ «ե» կետ.

«ե) սույն հոդվածի 1.1-ին խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին թույլ տալու դեպքում:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի իմաստով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձինք իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր են ներկայացնում ոչ ուշ, քան մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացած անձինք պարտավոր են իրական սեփականատերերի վերբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը հանձնաժողով են ներկայացնում եռամսյա ժամկետում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ