Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-450-21.01.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) Որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որոշումը ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15) Որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որոշումը ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
 

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

Ներկայումս կարեւորագույն խնդիր է հանդիսանում հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտությունների կրճատումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի, ըստ ռիսկայնության աստիճանի՝ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների, վերջիններիս մոտ ստուգումներ կարող են իրականացվել  նաեւ քննիչի կողմից նշանակված ստուգման որոշումների հիման վրա:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ համալիր հարկային ստուգումը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաեւ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ստուգումն է:

Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ եւ 338-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ համալիր հարկային ստուգումներն (վերստուգումներն) իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի եւ ժամանակաշրջանի շրջանակներում:

Վերոգրյալ իրավական նորմի վերլուծությունից բխում է, որ համալիր հարկային ստուգումը կարող է իրականացվել քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա՝ դրանում նշված ժամանակաշրջանների եւ առաջադրված հարցերի շրջանակներում:

Սակայն, ՀՀ ՊԵԿ ներկայացվող համալիր հարկային ստուգում իրականացնելու մասին որոշումներ շատ դեպքերում ստուգում իրականացնելու առումով պատճառաբանված չեն՝ բացակայում են որոշմամբ նշված հարկ վճարողի մոտ համալիր հարկային ստուգում (վերստուգում) կատարելու հիմքերը, հիմնավորումները: Այսինքն՝ նշված որոշումներում ներկայացվում են քրեական գործ հարուցելու հիմքերը, հիմնավորումները, այնուհետեւ՝ առաջադրվում է հարկային մարմնի կողմից պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը՝ առանց անդրադառնալու այն պատճառահետեւանքային կապին, որը կարող է առկա լինել հարկային ստուգմամբ պարզաբանման ենթակա հանգամանքների եւ այդ քրեական գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ հանգուցալուծման միջեւ, կամ՝ քննիչի որոշմամբ առաջարկվում է ստուգում կատարել նաեւ այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք որոշակի կապ ունեն տվյալ քրեական գործով  անցնող անձանց հետ, սակայն նշված ընկերությունների կողմից հարկային խախտումներ կատարված լինելու մասին, որեւէ տվյալ առկա չէ գործում: Այս դեպքում եւս պարզ չէ, թե դրանք ինչքանով առնչություն ունեն տվյալ քրեական գործի հետ եւ առաջարկվող ստուգմամբ բացահայտված հանգամանքները ինչ էական ազդեցություն կարող  են ունենալ տվյալ քրեական գործի համար:

Միեւնույն ժամանակ, հանդիպում են դեպքեր, երբ օրինակ քննիչի կողմից ստուգման որոշմամբ պահանջվում է պարզել շահաբաժին բաշխել-չբաշխելու եւ համալիր հարկային ստուգման շրջանակներից չբխող հարցեր:

Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 551-ին հոդվածի կանոկակարգումը, համաձայն որի՝ քննիչի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, այդ որոշումները, ներկայացվում են կատարման, սակայն վերջիններիս՝ Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ եւ 338-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի համաձայն պատճառաբանված չլինելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ հետագայում քննիչի որոշման հիման վրա իրականացված հարկային ստուգման (վերստուգման) արդյունքում կայացված ստուգման ակտի՝ նշված հիմքերով ոչ իրավաչափ ճանաչման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ եւ 57-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ համաձայն որոնց՝ հետաքննության մարմինը եւ քննիչը լիազորված են որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որոշումը ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ նշված օրենսդրական ամրագրումը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց բնականոն գործունեությունն իրականացնելու տեսանկյունից, քանի որ կկրճատվեն հարկային մարմնի կողմից վերջիններիս գործունեության անհարկի միջամտությունները՝ հաշվի առնելով այն, որ այսուհետ ստուգումներ (բացի, ըստ ռիսկայնության աստիճանի՝ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների) կիրականացվեն միայն քննիչի կողմից ստուգման անհրաժեշտությունը պատճառաբանելու եւ հիմնավորելու պարագայում:

Նշվածի հետ կապված առկա է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ ՍԴՈ-836 որոշում, որով նշվել է, որ չի կարող ստուգումների՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգը մեխանիկորեն տարածվել քրեադատավարական գործընթացների վրա` առանց հաշվի առնելու դրանց առանձնահատկությունները, անձանց իրավունքների իրացման ու պաշտպանության երաշխիքների ապահովումը, մյուս կողմից` խոչընդոտներ ստեղծել պետական իշխանության մարմինների գործառույթների լիարժեք իրականացման համար:

Այս պարագայում հնարավոր կլինի բացառել հարկային մարմնի հաճախակի միջամտությունները տնտեսվարող սուբյեկտի գործունեությանը: Գործի քննության շրջանակներում քննիչի մոտ հարուցված հիմնավոր կասկածի դեպքում տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունները քննիչը կարող է փոխանցել այն հարկային մարմնին, որտեղ հաշվառված է տնտեսվարող սուբյեկտը, որից հետո հարկային մարմինը հարկ վճարողի գործունեությունից, գործողություններից կամ անգործությունից եւ հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների ու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող ռիսկերի բնորոշման հիման վրա, ըստ ռիսկայնության աստիճանի, կգնահատի ու կդասակարգի հարկ վճարողին եւ դրա հիման վրա կներառի համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում:

Ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը եւ (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը, կազմում է հարկային ստուգումների տարեկան ծրագիր եւ վերջինիս հիման վրա իրականացնում ստուգումներ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Վերոնշյալ հարցերը կանոնակարգելու նպատակով՝ Նախագծով նախատեսվել է  ստուգում (վերստուգում) նշանակելու մասին որոշումների՝ վերահսկող դատախազի կողմից վերանայելու հնարավորություն, մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետը, հսկող դատախազը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրավունք կունենա վերացնել այն որոշումները, որոնք չենք համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին (քրեական գործի հանգուցալուծման տեսանկյունից չհիմնավորված, չպատճառաբանված՝ հարկային մարմնի կողմից պարզաբանման ենթակա հարցերի անհստակությամբ եւ(կամ) բացակայությամբ):

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում կընդունվի որոշում կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ նշանակելու մասին որոշում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ  ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ
 

26 դեկտեմբերի 2019 թվականի  N 1929 - Ա
 
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 27
         Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1929-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ