Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4572-30.01.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածի՝

1. 1-ին մասից հանել «Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ» բառերը:

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը, Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՕ-9-Ն, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-42-Ն ԵՎ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-155-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այս օրենսդրական նախաձեռնության նպատակը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման կարգավորումները ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 86 հոդվածի 2-րդ մասը նոր մասով լրացնելու անհրաժեշտության մասին

Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում:

ՀՀ Սահմանադրության 168-րդ «Սահմանադրական դատարանի լիազորությունները» հոդվածի 2-րդ կետը սահմանում է «2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»: Նախ հարկ է նկատել, որ վերը նշված լիազորությունը Սահմանադրությունում ավելացվել է 2015 թվականին: Հին խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ-ն նման լիազորությամբ օժտված չի եղել, 2005 եւ 2015 թվականներին սահմանադրական փոփոխության գործընթացին ՍԴ-ն որեւէ առնչություն չի ունեցել:

Միայն այն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ի՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները՝ առանց ՍԴ-ի լիազորության իրացման չեն կարող տեղի ունենալ:

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Որպեսզի ՍԴ լիազորության իրացումը լիներ պարտադիր, ՍԴ դիմող սուբյեկտի համար պետք է սահմանվեր դիմումի պարտադիրության պայման կամ ՍԴ կողմից դրական ակտի բացակայության հետեւանք, ինչպես դա առկա է նույն լիազորության իրավակարգավորման շրջանակներին վերաբերվող մնացած դեպքերում:

Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ի լիազորության շրջանակներում է քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված հանրաքվեի դրվող օրենքի նախագծի սահմանադրականության ստուգման հարցը: ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով ՍԴ է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

Սահմանադրության 15-րդ գլխի 204-րդ հոդվածի 1-ին մասը, քաղաքացիական նախաձեռնությամբ օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար սահմանում է ՍԴ կողմից դրական ակտի առկայության հստակ պայման «...նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող»: Եթե ինքնին ենթադրվեր, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ի լիազորությունը պարտադիր է այդ նորմի իրավակարգավորման տիրույթում գտնվող բոլոր դեպքերի համար, ապա Սահմանադիրը նման տարանջատում չէր անի քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող եւ ԱԺ կողմից ընդունվող կամ հանրաքվեի դրվող նախագծերի ընդունման ընթացակարգերի միջեւ:

Նույն մոտեցումն է նաեւ Սահմանադրության 15-րդ գլխի 206-րդ հոդվածում, ըստ որի, օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումն ընդունվում է այդ նախագծի Սահմանադրության համապատասխանության մասին ՍԴ-ի որոշումից հետո:

Սահմանադրության փոփոխություններ կատարելու ԱԺ լիազորությունը (կլինի հանրաքվեով, թե առանց) նախատեսված է Սահմանադրության 15-րդ գլխով: Այդ լիազորությունը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ: Եթե բոլոր դեպքերում, առանց տարանջատման, Սահմանադրության փոփոխությունները պայմանավորում ենք գործող Սահմանադրության համապատասխանությամբ, ապա դա նշանակում է 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը հռչակել անփոփոխելի: Հակաժողովրդավարական է պնդել, թե Սահմանադիրը 2015 թվականի խմբագրության Սահմանադրությունը հռչակել է անփոփոխելի:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի կարգավորումները պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին:

Բոլոր այն դեպքերում, երբ ԱԺ-ի լիազորության իրացման համար Սահմանադրությունը սահմանել է ՍԴ-ի կողմից սահմանադրականության ստուգման պարտադիր պահանջ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի մոտեցումը նույնն է, ԱԺ-ն քվեարկության է դնում համապատասխան հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագիծ, եթե որոշումը չի ընդունվում, ապա հարցը շրջանառությունից հանվում է:

Օրինակ՝ ԱԺ-ն երկու երրորդով ընդունված որոշմամբ կարող է պաշտոնանկ անել Հանրապետության նախագահին: Բայց մինչ նախագահի պաշտոնանկության մասին ԱԺ որոշումը քվեարկության դնելը քվեարկության է դրվում այդ հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագիծը («Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք 151 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Եթե ՍԴ դիմելու որոշումը չի ընդունվում, ապա Նախագահի պաշտոնանկության մասին նախագիծը շրջանառությունից հանվում է: Այս կարգավորման պատճառն այն չէ, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ մասով ՍԴ-ին տրված է լիազորություն «եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին»: Պատճառն այն է, որ նախագահի պաշտոնանկ անելու ԱԺ-ի լիազորության իրականացումը Սահմանադրության 141 հոդվածի 3-րդ մասում պայմանավորված է ՍԴ կողմից այդ հարցի վերաբերյալ դրական եզրակացության առկայությամբ. «Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

Այսինքն, Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու որոշման ընդունման համար ՍԴ-ի եզրակացության պարտադիր լինելը պայմանավորված է ոչ թե նրանով, որ ՍԴ-ն նման լիազորություն ունի, այլ Սահմանադրության 141 հոդվածի 3-րդ մասի ուղղակի պահանջով: Տես նաեւ ստորեւ բերված աղյուսակը:


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՈՐՄԵՐԻ ՀԵՏ
 

ՍԴ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Սահմանադրության 168 հոդված 7-րդ մաս.
եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
Սահմանադրության 141 հոդված.
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Սահմանադրության 168 հոդված 8-րդ մաս.
որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.
Սահմանադրության 143 հոդված.
...Սահմանադրական դատարանը
Կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Սահմանադրության 168 հոդված 10-րդ մաս լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը Սահմանադրության 164 հոդված 9-րդ մաս.
Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ ... դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու...:
Սահմանադրության 168 հոդված 11-րդ մաս.
լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
Սահմանադրության 164 հոդված 3-րդ մաս.
Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:  
Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից,
Սահմանադրության 168 հոդված 12-րդ մաս.
օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ
Սահմանադրության 46 հոդված 4-րդ մաս.
Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Ի դեպ, կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով ՍԴ դիմելու լիազորություն ունեն ԱԺ-ն եւ կառավարությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ գլուխը սահմանում է այն կարգավորումները, երբ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ-ի որոշումն ընդունվում է: Անհրաժեշտ է, որպեսզի սահմանվեն նաեւ ՍԴ դիմելու մասին որոշման չընդունվելու կարգավորումները: Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով: Ուստի, ՍԴ դիմելու որոշման չընդունման հետեւանքը պետք է հստակ սահմանված լինի, որպեսզի պատգամավորը համապատասխան վարքագիծ դրսեւորելու հնարավորություն ունենա:

ՍԴ-ի համար ընդունելի կարող են լինել միայն Սահմանադրության փոփոխության այն նախագծերը, որոնք իրենցից ներկայացնում են գործող Սահմանադրության լրացումներ, առկա սահմանումների հստակեցում եւ այսպես շարունակ: Սահմանադրության փոփոխության նման նախագծերի դեպքում ԱԺ-ն եւս շահագրգռված կլինի ՍԴ-ի կարծիքը պարզելու հարցում, որպեսզի զերծ մնա Սահմանադրությունում հակասություններ ներդնելու հեռանկարից:

Հանրապետության նախագահի՝ ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու լիազորության մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն:

Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Տե՛ս ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասը: Օրենքով ՀՀ նախագահին չի  կարող տրվել այնպիսի լիազորություն, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ:

Սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու լիազորություն ՀՀ նախագահին Սահմանադրությամբ տրված չէ: Սահմանադրության փոփոխությունների ընդունված տեքստը ստորագրելու լիազորություն Սահմանադրությամբ տրված չէ ոչ մի պաշտոնատար անձի: Ուստի, նման լիազորությամբ չի կարող օժտվել որեւէ պաշտոնատար անձ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքից հանել Սահմանադրության փոփոխությունների տեքստի ստորագրմանը վերաբերվող կարգավորումները:

«Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


«29» հունվարի 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

1) օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան).

2) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքների  լրացվող եւ փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ  օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով՝

ՀՀ ԱԺ պատգամավոր  
Վահագն Հովակիմյան