Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-463-04.02.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  393-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաեւ  ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ նրանում դեղի հերթական համարը»:

Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ մասում «համարին» բառից հետո լրացնել «,իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում՝ նաեւ ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին եւ նրանում դեղի հերթական համարին» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների)  դրոշմապիտակները պետք է հնարավորություն ընձեռեն տեսանելի դարձնելու նաեւ դեղի ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ նրանում դեղի հերթական համարը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունից:

Դեղերի շուկայում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության եւ Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում (ընդ որում էական չէ՝ զուգահեռ, թե ուղիղ եղանակով), ազատորեն դրոշմապիտակավորում եւ իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության եւ արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաեւ հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ եւ հսկվող դեղեր:

Ըստ այդմ, առանց Առողջապահության նախարարության կողմից որեւէ տեսակի փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով՝ դեղերը միանգամից (ի տարբերություն 3-րդ երկրներից կատարվող ներմուծումների, երբ առանց Առողջապահության նախարարարության թույլտվության դեղերը չեն կարող մաքսազերծվել) տեղափոխվում են սեփական պահեստներ կամ ուղղակի դրոշմապիտակավորվելով անհայտ պայմաններում եւ հասցեներում, հաշիվ-ապրանքագրերով իրացվում են:

Բացի նախատեսված պետական տուրքերի եւ փորձաքննության համար նախատեսված գումարները չվճարվելուց, վտանգի տակ է դրվում նաեւ բնակչության առողջության պահպանումը, պետության կողմից սահմանված դեղի գրանցման եւ ներմուծման ընթացակարգերի ամբողջ ինստիտուտը:

Տեսչական մարմնի ներկայիս վերահսկողական գործիքակազմը թույլ չի տալիս ապահովել դեղերի շրջանառության ոլորտում արդյունավետ եւ կանխարգելիչ վերահսկողություն եւ հետեւաբար չեն կարող երաշխավորել անվտանգ ու վերահսկելի դեղերի շուկա, քանի որ ներմուծման ներկայումս գործող ընթացակարգերը, թույլ են տալիս ոչ բարեխիղճ ներմուծողներին «օգտվել» առկա հնարավորություններց եւ, մոռանալով անվտանգության մասին, առաջնորդվել միայն կոմերցիոն շահերով:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծի նպատակն է վերահսկելի դարձնել դեղերի շուկան, մասնավորապես՝

«Վերո սիսթեմ» եւ «Մեկ պատուհան» համակարգերի ծրագրային փոխկապակցման միջոցով անհնար կդառնա չհավստագրված դեղի դրոշմապիտակավորումը եւ «Վերո սիսթեմ» համակարգ տվյալների մուտքագրումը՝ «Վերագրել դրոշմապիտակներին ապրանքներին» ենթաբաժնում ավելացնելով պարտադիր լրացման ենթակա 2 դաշտ՝ համապատասխանության հավաստագրի եւ այդ հավաստագրով ներմուծված համապատասխան քանակով դեղի հերթական համարները (այդ դեպքում «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված եւ անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, որը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից):

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում կբացառվի ԵԱՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ (երբ բացակայում է մաքսային հսկողությունը եւ դեղերը ազատորեն տեղափոխվում են ընկերության պահեստներ) «Միասնական մեկ պատուհան» համակարգի եւ պետության կողմից սահմանված այլ ընթացակարգերի շրջանցման ակնհայտ հնարավորությունը, որից օգտվում են բազմաթիվ ոչ բարեխիղճ վարքագիծ դրսեւորող ընկերություններ:

Արդյունքում, որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել եւ ազատորեն իրացվել սպառողներին, ինչպես կատարվում է հիմա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» օրենքի նախագծի ընդունումը կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

23 հունվարի 2020 թվականի  N  60 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 23
Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

3 փետրվարի 2020 թվականի  N 113 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 60-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Հարգանքով`           ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ