Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-465-04.02.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում ավելացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝

 «Կշռափաթեթավորում՝ ապրանքատեսակի գնման/վաճառքի, սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորում:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ  մասով՝

«2.1. Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մանրածախ առեւտուր իրականացնող վաճառողի կողմից Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 3923 ապրանքային դիրքում գտնվող (բացառությամբ՝ 3923 29 900 0 ծածկագրին դասվող)` թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը) արգելվում է:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաuտանի Հանրապետության «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ:

Հանրապետությունում առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների  լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են եւ չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետեւանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը  10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Միջազգային գիտահետազոտական կառույցների կողմից արդեն իսկ հրապարակվել են տվյալներ, որոնք փաստում են միկրոպլաստիկի առկայությունը ոչ միայն ջրային եւ հողային ռեսուրսներում, այլ նաեւ  կենդանի օրգանիզմներում եւ սննդամթերքի մեջ:Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրեւի կաթիլների մեջ:Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաեւ պոլիէթիլենային փաթեթներով եւ դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,  հանգստավայրերին եւ զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով եւ (կամ) դրանց մնացորդներով աղտոտված են Երեւանի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում  գտնվող տարածքները, որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ, հանգստավայրերին եւ զբոսաշրջության վայրերին կից բնական օբյեկտները եւ տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:

Առկա վիճակը պայմանավորված է նաեւ հասարակության մոտ բնապահպանական մշակույթի անբավարար ձեւավորմամբ, եւ սույն նախաձեռնությամբ, նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը սպառողին կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր եւ տոպրակներ:

Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների (բնապահպանական հարկեր, վճարներ, նվազագույն գնի սահմանում եւ այլն) կիրառմամբ: Բնապահպանական հարկի կիրառմամբ խնդրի կարգավորումը  Հայաստանի Հանրապետությունում նպատակահարմար չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ հարկի դրույքաչափ կարող է կիրառվել միայն կոնկրետ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի նշումով, սակայն գործող ծածկագրերով հնարավոր չէ առանձնացնել ապրանքատեսակները ըստ թաղանթի հաստության եւ ըստ վերջնական սպառման ոլորտի:Նախագիծը, նպատակ ունենալով կրճատել շրջակա միջավայրի եւ մարդու կյանքի ու առողջության համար վնասակար ապրանքների կիրառման ծավալները, ուղղված չէ տնտեսվարողների համար հարկային բեռի ավելացմանը:Հետեւաբար, նպատակահարմար է մանրածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տվյալ ապրանքների տրամադրման արգելք:Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների կիրառման սահմանափակումների մասով արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար անհրաժեշտ պայման է նաեւ «կշռափաթեթավորում» հասկացության հստակեցումը, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել համապատասխան մարմինների կողմից վերահսկողության իրականացման ընթացքում ի հայտ եկող անորոշությունները եւ դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերը:Երկրորդային հումքի ցանկն արդեն իսկ սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N136-Ն որոշմամբ:

2. Ֆինանսական գնահատականը

Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձիք 44-ն են, որոնցից 29-ի արտադրական կարողություններն են ամբողջությամբ ուղղված թիրախային խմբի ապրանքների արտադրությանը:Ըստ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների՝ հանրապետությունում տարեկան  արտադրվում է մոտ 12 000 տոննա  պոլիէթիլենային փաթեթ:Հանրապետությունում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա  պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը կազմում է  հանրապետությունում տարեկան կտրվածքով  արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 %-ը: Նշված թիրախային քանակությունը հնարավոր է փոխարինել այլընտրանքային արտադրանքով:Ելնելով վերոգրյալից գումարային առումով ոլորտի տնտեսավորղների մոտ կառաջանա արտադրության ծավալների մոտ 30 % կրճատում:

Հաշվի առնելով այն փաստը, որ արգելքի կիրառման սկիզբը նախատեսված է 2 տարի հետո, թիրախային ոլորտի արտադրողներին  հնարավորություն է տրվում՝ հումքի եւ արտադրանքի պաշարների սպառման,  վերապրոֆիլավորելու, հումքի փոփոխության (կենսաքայքայվող հումքով փոխարինելով) հնարավորինս արդյունավետ կազմակերպում:

Նախագծի ընդունումից հետո արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով կառաջանա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան գործիքների (միկրոմետրների) ձեռքբերման անհրաժեշտություն, ինչը, սակայն համայնքային բյուջեների ծախսային մասի էական ավելացում չի ենթադրում:

Նախագծի ընդունումը  կբերի սպառողների վարքագծի փոփոխության՝ մասնավորապես  առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում այլընտրանքային (շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկերի եւ տոպրակների օգտագործման մշակույթի ձեւավորմանը/վերականգնմանը:  Հարկ է նշել նաեւ Շրջակա  միջավայրի նախարարության կողմից զուգահեռաբար տարվում են նաեւ այլ աշխատանքներ՝ պլաստիկ թափոնների կառավարման ոլորտի զարգացման ուղղությամբ,  այդ թվում նաեւ այլնտրանքային հումքի օգտագործման խթանման նպատակով:

Պլաստիկարտադրանքով շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման եւ/կամ վերացման միջոցառումների համար անհրաժեշտ ֆինասական ծախսերը մի քանի հարյուր անգամ գերազանցում եմ խնդրի կանխարգելման հետ կապված ծախսերը:Կարեւոր է նաեւ նշել, որ խնդրի կարգավորումը ունի երկարաժամկետ արդյունք եւ շատ կարեւոր է շրջակա միջվայրի եւ մարդու առողջության անվտանգության տեսանկյունից եւ արտադրատեսակների արգելման հետ կապված կանխատեսվող ծախսերը անհամեմատելի են դրանց հետ:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-180) 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ,  որով 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը):

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, խուսափելով պոլիմերային հիմքով մեծաքանակ ապրանքների անհարկի թանկացումից՝  նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

3 փետրվարի 2020 թվականի  N 111 - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 3
           Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

23 հունվարի 2020 թվականի  N  48    - Ա


«ԱՌԵՎՏՐԻ  ԵՎ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  ՄԱՍԻՆ
 


 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետու՟թյան սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենս՟դրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնու՟թյունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 23
          Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                                                                                                      պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 48-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ