Armenian ARMSCII Armenian
Կ-465-04.02.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«կշռափաթեթավորում` ապրանքատեսակի գնման (վաճառքի), սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորում:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին  մասով.

«2.1. Առեւտրի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերի միջոցով, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում մանրածախ առեւտուր իրականացնելիս ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 ապրանքային դիրքում գտնվող (բացառությամբ 3923 29 900 0 ծածկագրին դասվող)` թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը) արգելվում է:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: