Հոդված 1.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) խմբակցությունը:»:
2. Ուժը կորցրած ճանաչել նույն հոդվածի 3-րդ մասը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը նախատեսում է այն մարմինների սպառիչ ցանկը, որոնք ունեն խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն: Ի տարբերություն Ազգային ժողովի մշտապես գործող մյուս երկու սուբյեկտների՝ (Ազգային ժողովի նախագահ, մշտական հանձնաժողով) խմբակցության՝ լսումներ հրավիրելու իրավասությունն անհիմն սահմանափակված է: Ընդ որում՝ այդ սահմանափակումը վերաբերում է ինչպես խորհրդարանական լսումների առարկային, այնպես էլ դրանց քանակին:
Հասկանալի է, որ ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանական լսումներ կարող է հրավիրել միայն այն ոլորտների վերաբերյալ, որոնք վերապահվել են իր իրավասությանը, այնինչ խմբակցության համար նախատեսված սահմանափակումն անտրամաբանական է: Խմբակցությունն ունի Ազգային ժողովի քաղաքական կամքի ձեւավորմանը նպաստելու սահմանադրական առաքելություն (Սահմանադրության 105-րդ հոդված), մինչդեռ քննարկվող կարգավորումը սահմանափակում է այդ առաքելության իրացումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ ենք համարում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքից հանել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետու-թյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի փետրվարի 04-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- նախագծի ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են գործող օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 04 թերթ:
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ