Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-473-07.02.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248  քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով.

«4) սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:»:

Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, որը կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների հետ կապակցված:»:

Հոդված 3. Օրենսգրքի 136-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշում է գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:»:

Հոդված 5. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:».

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման եւ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ նշանակելու մասին որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել գրավը կամ երաշխավորության գումարը մուծելով մեղադրյալին ազատել կալանքից.

12) կալանքից անմիջապես ազատել անձին, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:»:

Հոդված 8. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) անձին կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:»:

Հոդված 9. Օրենսգրքի 143-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձեւով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

2. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

3. Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:

4. Մինչեւ գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից եւ այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:

6. Սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետեւանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելու դեպքում դատարանն իրավասու է նաեւ նվազեցնել գրավի չափը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի կողմից գրավի չափը նվազեցնելու եւ այն փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո մեղադրյալը երկօրյա ժամկետում պարտավոր է մուծել դատարանի կողմից սահմանված գրավը, իսկ չմուծելու դեպքում քրեական հետապնդման մարմնի միջնորդության հիման վրա կարող է կալանավորվել:

8. Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ՝ դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ նաեւ դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

9. Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:»:

Հոդված 10. Օրենսգրքի 147-րդ հոդվածը՝

1) լրացնել նոր՝ 2.1-րդ  եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Երաշխավորողի կողմից դրամական գումարը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա  ժամկետում դատարանի կամ դատախազության դեպոզիտ:

2.2. Մինչեւ երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից եւ այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը դատարանի որոշմամբ՝ մինչդատական վարույթում դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ նաեւ դատարանի նախաձեռնությամբ, վերածվում է պետության եկամուտի, եթե երաշխավորողը`

1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու իր պարտավորությունը.

2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:»:

Հոդված 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կամ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառել սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներն ապահովելու համար անհրաժեշտ եւ պիտանի խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Կալանավորման ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել եւ վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաեւ դատախազի կողմից:

Դատարանի կողմից ընտրված սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող են վերացվել դատախազի կողմից:»:

Հոդված 12. Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ինչպես նաեւ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը, եթե այդպիսին առկա է:»:

Հոդված 13. Օրենսգրքի 285-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացնելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն:».

2) լրացնել նոր՝ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում գրավը կամ երաշխավորության գումարը մուծվում է դատարանի դեպոզիտ:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

30 հունվարի 2020 թվականի  N 103 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 5
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

7 փետրվարի 2020 թվականի  N 159   - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 7
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 103-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Հարգանքով`                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ