Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 141-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «հերթական» բառը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՕ-9-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը: Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:
Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձեւական կարգավորումներով պայմանավորված:
«11» փետրվարի 2020թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
1) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան).
2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.
3) գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր | Վահագն Հովակիմյան |