Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-482-20.02.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ժառանգատուն, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ պետական արդյունավետ հովանավորություն տարածելու անհրաժեշտությամբ: Խնդրո առարկա հոդվածում տարբերակում չի դրվում Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների քաղաքացիների նկատմամբ ժառանգական իրավունքի կիրառման հարցում: Սակայն անհրաժեշտ է ամրագրել այն կանխավարկածը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ժառանգության նկատմամբ պետք է կիրառվի Հայաստանի Հանրապետության իրավունքը, եթե այլ պետության իրավունքի կիրառման վերաբերյալ ուղղակիորեն նշում չկա կտակում:

Գործող տրամագծորեն հակառակ կանխավարկածը 1998 թվականին ընդունված օրենսգրքի հիմքում ընկած ԱՊՀ մոդելային օրենսգրքի ադապտացիայի հետեւանքն է, որը միջազգային մասնավոր իրավունքի ասպարեզում քաղաքացիական օրենսդրության այլ փիլիսոփայություն է ունեցել, այդ թվում՝ եղել է նախորդ՝ Խորհրդային Միության քաղաքացիական օրենսդրության անուղղակի ազդեցության տակ: Այս մոտեցումը չի համընկնում ժամանակակից հայկական միջավայրում առկա առանձնահատկությունների հետ, քանի որ մեր պարագայում մեր քաղաքացիներն ավելի մեծ քանակությամբ են մշտական կամ ժամանակավոր կացություն հաստատում այլ երկրներում, ձեռք բերում շարժական եւ անշարժ գույք՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը եւ շարունակելով Հայաստանի Հանրապետությունում ունենալ շարժական եւ անշարժ գույք:

Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժառանգության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավունքի առաջնահերթության կանխավարկածից հրաժարվելն առնվազն անտրամաբանական է:

Ավելին, գործող կարգավորման պայմաններում ստացվում է, օրինակ, մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իր կյանքի վերջին հատվածն ապրելով այլ պետությունում եւ այդ պետությունում ունենալով շարժական եւ անշարժ գույք, եթե իր կտակում չի նշում, որ իր գույքի նկատմամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում առկա) տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը, կամ կտակ ընդհնարապես չի գրում, ապա նրա ամբողջ գույքի նկատմամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում առկա) գործում է այլ պետության իրավունքը:

Բնակչության հոսունություն ունեցող պետություններում եւ հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային իրավունքի առաջնահերթությունը պետք է արտահայտված եւ ընդգծված լինի ամբողջ օրենսդրությունում, ինչը նաեւ ապահովում է իրավունքի դաստիարակչական գործառույթի իրականացումը, եւ Հայաստանի Հանրապետությունում առկա Հայաստանի Հանրապետության քաղաքացու գույքը զերծ է պահում այլ պետությունների իրավունքի ներգործությունից: Իսկ եթե ինքը՝ քաղաքացին, այլ կերպ ցանկանա, այդ պայմաններում պետք է գործի այլ պետության իրավունքը:

Այս մոտեցումը որդեգրված է զարգացած իրավունքի ավանդույթներ ունեցող շատ պետություններում, որոնք արժեւորում են սեփական քաղաքացիների եւ նրանց գույքի նկատմամբ սեփական իրավունքի տարածման առաջնահերթությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Ո Ր Ո Շ Ու Մ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի փետրվարի 18-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:





Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 05 թերթ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ