Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-483-20.02.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.

«4. Անչափահաս ծնողները լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ «Քաղաքացիական օրենսգիրք») 24-րդ հոդվածում նոր 4-րդ մասի ներառումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ «Ընտանեկան օրենսգիրք») 50-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորմամբ: Ըստ վերջինի՝ ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաեւ նրանց մայրությունը եւ (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:

Սակայն իրավունքների ինքնուրույն իրականացման համար պարտադիր է անձի գործունակ լինելը:

Գործունակության հասկացության եւ այն ձեռք բերելու վերաբերյալ դրույթներն ամրագրված են Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածում:

Ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու եւ իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից: Սա գործունակության ձեռքբերման ընդհանուր կանոնն է:

Կան նաեւ այլ կանոններ, որոնք բացառություններ են ընդհանուր կանոնից եւ որոնցից երկուսը սահմանված են նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում: Իսկ երրորդ բացառությունը բխեցվում է Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասից:

Այսպես՝ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչեւ տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանվում է ամուսնության ավելի ցածր տարիքի հնարավորությունը՝ անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Ինչպես երեւում է, Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածում սպառիչ թվարկված են այն իրավիճակնեըը, երբ անչափահասները կարող են լրիվ գործունակություն ձեռք բերել:

Այս ցանկում ներառված չեն այն անչափահասները, ում ամուսնությունը չի գրանցվել, բայց նրանք երեխա են ունեցել, ինչպես նաեւ նրանք, ովքեր երեխա են ունեցել մինչեւ 16 տարեկան լրանալը: Իհարկե, նման դեպքերը ցանկալի չեն եւ ըստ էության անթույլատրելի, սակայն երբ արդեն գործ ունենք փաստի հետ, պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով: Իսկ երեխայի լավագույն շահը պահանջում է, որ նրա ծնողները 16 տարին լրանալու ուժով եւ ծնող լինելու փաստի ուժով գործունակ դառնան, որպեսզի կարողնանան իրականացնել երեխայի լավագույն շահից բխող անհրաժեշտ գործարքները:

Գործող իրավակարգավորումը հնարավորություն չի տալիս նրանց գործունակ ճանաչել եւ ծնողական իրավունքներն ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չի նախատեսում: Այնինչ, Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասն անչափահաս ծնողների համար նախատեսում է ծնողական իրավունքների ինքնուրույն իրականացման հնարավորություն:

Ուստի, Ընտանեկան օրենսգրքի նշյալ կարգավորման գործնական կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսել անչափահասներին գործունակ ճանաչելու եւս մեկ հնարավոր եղանակ, այն է՝ անչափահաս ծնողները լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի փետրվարի 18-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 05 թերթ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ