Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-485-24.02.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 4-րդ մասում «678» թիվը փոխարինել «682» թվով:

Հոդված 2. Օրենսգրքի 609-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 628-րդ հոդվածում «ֆինանսական վարձակալություն» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

««6. ԼԻԶԻՆԳ

Հոդված 677. Lիզինգ

1. Լիզինգի պայմանագրով՝ լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից եւ վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը: Այդ դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի եւ վաճառողի ընտրության համար:

2. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի եւ ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է լիզինգատուն:

3. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը, անցնում է լիզինգառուի սեփականությանը՝ վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

4. Լիզինգատուն, լիզինգառուի համար գույք ձեռք բերելիս վաճառողին ծանուցում է, որ գույքը նախատեսված է որոշակի անձի լիզինգով տրամադրելու համար:

5. Լիզինգի տարատեսակներն են հետադարձ լիզինգը, երկրորդային լիզինգը:

6. Լիզինգայի գործունեություն կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով նման գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպությունները:

Հոդված 678. Լիզինգի պայմանագրով վաճառողի եւ լիզինգատուի պատասխանատվությունը

1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու եւ վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնել նրա եւ լիզինգատուի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, լիզինգառուն ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները եւ կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրն առանց լիզինգատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:

2. Լիզինգառուն եւ լիզինգատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365):

3. Եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, լիզինգատուն լիզինգառուի առջեւ պատասխանատվություն չի կրում առուվաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է լիզինգատուի վրա: Վերջին դեպքում լիզինգառուն իրավունք ունի իր ընտրությամբ առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնել ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ լիզինգատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում լիզինգառուի առջեւ:

4. Լիզինգառուի փոփոխության դեպքում, լիզինգի առարկայի նկատմամբ վաճառողին պահանջ ներկայացնելու իրավունքները անցնում են նոր լիզինգառուին: Այս դեպքում լիզինգատուն տանսհինգօրյա ժամկետում պարտավոր է գրավոր ծանուցել վաճառողին նոր լիզինգառուի մասին:

Հոդված 679. Հետադարձ լիզինգ

1. Հետադարձ լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որով լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռքբերված գույքը:

2.  Հետադարձ լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչեւ դրա լրանալը, կրկին անցնում է  լիզինգառուի սեփականությանը՝ վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

Հոդված 680. Երկրորդային լիզինգ

1. Երկրորդային լիզինգը՝ լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման արդյունքում լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնումն է նոր լիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը: Երկրորդային լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:

2. Երկրորդային լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է՝ լիզինգատուի եւ լիզինգառուի միջեւ:

3. Երկրորդային լիզինգի ժամանակ լիզինգառուին է անցնում վաճառողին եւ լիզինգատուին լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը՝ սույն օրենսգրքի 678-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 681. Ենթալիզինգ եւ վարձակալություն

1.    Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու է հանդիսանում սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունը, լիզինգառուն /ենթալիզինգատուն/ իրավունք ունի լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցել  այլ անձի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը: Լիզինգի առարկան ենթալիզինգի հանձնման դեպքում վաճառողին պահանջի ներկայացման իրավունքն ըստ ենթալիզինգի պայմանագրի անցնում է ենթալիզինգառուին:

2.  Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:

3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:

4.  Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

5.  Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

6. Լիզինգառուն, որը չի հանդիսանում սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտացված կազմակերպություն, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության, միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմաններին պահպանման պարագայում:

Հոդված 682. Լիզինգի պայմանագրի ձեւը

1. Լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր սույն օրենսգրքի 450 հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

2. Անշարժ գույքի լիզինգի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 683. Lիզինգի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը

1.  Անշարժ գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

2. Շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են  գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 684. Լիզինգի պայմանագրի առարկան

1.  Լիզինգի պայմանագրի առարկա կարող է լինել, լիզինգի պայմանագրով հստակ եւ որոշակի սահմանված, ցանկացած չսպառվող գույք:

2.  Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում, լիզինգատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում նաեւ ենթալիզինգի եւ ենթավարձակալության դեպքում:

Հոդված 684.1. Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը

1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգատուի սեփականությունը:

2. Լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 684.2. Լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելը

1.  Լիզինգատուն պարտավոր է լիզինգի առարկան լիզինգառուին տրամադրել լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան:

2.  Լիզինգի առարկան տրամադրվում է լիզինգով դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր եւ այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 684.3. Լիզինգային վճար

1.  Լիզինգային վճարը այն գումարն է, որը վճարվում է լիզինգառուի կողմից լիզինգային պայմանագրով սահմանված չափով եւ ժամկետներում, որը բաղկացած է՝

1) լիզինգի առարկայի արժեքից (այդ թվում մինչեւ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը կատարված նախնական վճարից) եւ պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է լիզինգի առարկային սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին;

2) կամ լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով չի նախատեսվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:

Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը եւ բարելավումները

1. Լիզինգի պայմանագիրը օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքն լիզինգառուի կողմից ստացված վիճակում՝ բնականոն մաշվածության հաշվառմամբ:

2.  Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը եւ ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաեւ կատարել լիզինգի առարկայի հիմնական եւ ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

3.  Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված է չէ պայմանագրով:

4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:

Հոդված 684.5. Լիզինգի պայմանագրի լուծումը

1.  Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝

1) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը,

2) եթե լիզինգառուն սահմանափակում է լիզինգատուի հսկողության իրավունքը լիզինգի առարկայի նկատմամբ,

3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել հերթական լիզինգային վճարը:

2.  Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝

1) Լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե կետանցը առաջացել է լիզինգատուի մեղքով, ինչպես նաեւ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.

2) Լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե համաձայն օրենքի կամ պայմանագրի դա վերջինիս պարտականություն է:

3. Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

4. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում պայմանագրի միակողմանի լուծման դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում՝ ապամոնտաժման, ապահովագրության եւ փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում՝ լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

5.  Սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով սահմանված դեպքում լիզինգառուն իրավունք ունի պահանջել հատուցելու վնասները, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:

Հոդված 684.6. Լիզինգի առարկայի բռնագանձումը

1. Եթե լիզինգի առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքով, ապա լիզինգի առարկայի բռնագանձնման դեպքում լիզինգառուն լիզինգի առարկայի նկատմամբ պահպանում է իր իրավունքները լիզինգի պայմանագրում նշված ծավալով եւ ժամկետներում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ՀՀ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ՓՄՁ խորհրդին աջակցող Վերակառուցման եւ զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ լիզինգի՝ որպես ֆինանսական գործիք ՀՀ-ում կիրառության եւ տարածվածության վերաբերյալ:

Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը եւ զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ տարածքում լիզինգային գործունեություն են իրականացնում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ՈՒՎԿ-ներից՝ 3-ը, գործող 21 առեւտրային բանկերից՝ 5-ը: Լիզինգի հիմնական ուղղություներն են՝ տրանսպորտային միջոցների, արտադրական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը, հանքաարդյունաբերությունը, շինարարական տեխնիկայի լիզինգը:

Լիզինգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի 677-684-րդ հոդվածներով, որոնք հիմնականում վերաբերվում են միայն ֆինանսական վարձակալությանը /լիզինգին/:

Ըստ էության Քաղաքացիական օրենսգրքը որեւէ կերպ չի կարգավորում լիզինգի մյուս տեսակները, որոնք իրենց բնույթով հանդիսանում են երկկողմանի գործարքներ, ի տարբերություն ֆինանսական վարձակալության /լիզինգի/: Հստակ կարգավորված չէ նաեւ ֆինանսական վարձակալության /լիզինգի/ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները:

Լիզինգի կիրառության խոչընդոտներից է հանդիսանում՝

ԱԱՀ չհաշվարկվող գործարքներով լիզինգի առարկայի ձեռքբերման համար լիզինգատուի կողից ԱԱՀ հաշվարկումը եւ վճարումը:

Լիզինգային գործունեության խոչընդոտներից է հանդիսանում նաեւ լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման արդյունքում լիզինգատուին պարտավորությունների ներկայացումը, այլ ոչ թե լիզինգառուին: Մասնավորապես՝ ավտոմեքենաների լիզինգի դեպքում վճարովի կայանատեղերի տուգանքները, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը եւ  տեխնիկական զննությունը, անշարժ գույքի եւ ավտոմեքենաների գույքահարկի վճարների պահանջները ներկայացվում են լիզինգատուին որպես գույքի սեփականատեր: Նշվածը խնդիրներ է առաջացնում լիզինգատուի եւ լիզինգառուի միջեւ՝ իրավական առումով, որպես գույքի սեփականատեր, լիզինգատուն է պատասխանատու վերոհիշյալ պարտավորությունների կատարման համար: Լիզինգ տրամադրող բանկերը եւ վարկային կազմակերպությունները հաճախ ինքնուրույն են կատարում նշված վճարումները եւ գույքահարկի վճարը, որպեսզի չխախտեն սահմանված վերջնաժամկետները՝ հետագայում ժամանակ եւ ռեսուրս ծախսելով լիզինգառուից փոխհատուցում ստանալու համար:

Լիզինգառուին գույքահարկ վճարող սահմանելը կնպաստաի նաեւ համայնքային բյուջեների հավասար բաշխմանը, քանի որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները գտնվում են Երեւան համայնքում, իսկ լիզինգի առարկան, մասնավորապես տրանսպորտային միջոցները փաստացի կարող է օգտագործվել Երեւան համայնքից դուրս:

Գույքահարկի խնդրից ելնելով, ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Մասնավորապես ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի օրենսդրությունները սահմանում են, որ անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների լիզինգով տարամադրման դեպքում գույքահարկ վճարող է ճանաչվում լազինգառուն, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը սահմանում է, որ գույքահարկի վճարման պարտավորությունը սահմանվում է պայմանագրով կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում գույքահարկ վճարող է համարվում լիզինգատուն:

Ներկայացված խնդիրների ամբողջությունը դարձնում են վարկը առավել գրավիչ ֆինանասական գործիք, քան լիզինգը, թե լիզինգատուների, թե լիզինգառուների տեսանկյունից, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է լիզինգի զարգացմանը:

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների խրախուսմանը, ընթացակարգերի հստակեցմանը եւ պարզեցմանը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծմանը, որոնց համար մեծ նշանակություն ունեն լիզինգային գործարքները:

4.  Առաջարկվող լուծումները

Օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, բաղկացած է Քաղաքացիական օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերից, որոնց կարգավորվում, պարզեցվում եւ հստակեցվում է լիզինգին առնչվող քաղաքացիաիրավական հարաբերությունները, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծից, որով կարգավորվում, պարզեցվում եւ հստակեցվում են հարկային հարաբերությունները:

Քաղաքացիական օրենսգրքի Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել.

-  լիզինգի տեսակները՝ հետադարձ լիզինգ, երկրորդային լիզինգ, ինչպես նաեւ տրվել է դրանց մանրամասն նկարագիրը եւ կիրառման առանձնահատկությունները /գործող Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է միայն լիզինգի հասկացություն/,

-  կարգավորվել են ենթալիզինգի հարաբերությունները,

-  լիզինգի յուրաքանչյուր տեսակի պայմանագրի առանձնահատկությունները,

-  լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելու գործընթացը,

-  լիզինգի առարկայի բարելավումների հետ կապված կարգավորումներ,

-  լիզինգի պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը,

-  լիզինգատուի պարտավորությունների դիմաց, լիզինգի առարկայի նկատմամբ բռնագանձնման դեպքում լիզինգային պայմանագրով լիզինգառուի իրավունքների պահպանումը նույն պայմաններով, քանի որ իրականում լիզինգի առարկան ձեռք է բերվում լիզինգառուի համար, սակայն մնում է որպես լիզինգատուի սեփականություն:

Հարկային օրենսգրքի Նախագծով առաջարկվում է.

- լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի համար վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա լիզինգատուին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկան օտարել կամ երկրորդայի լիզինգով տրամադրել իրական արժեքին մոտ արժեքով,

- Սահմանել լիզինգի առարկայի մատակարարման փաստաթղթավորումը,

- ԱԱՀ չնախատեսող գործարքներով ձեռքբերվող լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել: Ներկայումս լիզինգային ընկերությունները նման գործարքների դեպքում, վճարում եմ ԱԱՀ, ինչը արհեստականորեն բարձրացնում է լիզինգի առարկայի արժեքը եւ անմրցունակ դարձնում լիզինգը վարկի նկատմամբ,

- Լիզինգառուներին լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման ժամանակահատվածում համարել գույքահարկ վճարող,

- Սահմանել պետական մարմինների միջեւ գույքահարկի հաշվարկման համար տեղեկությունների փոխանակման կարգը՝ լիզինգային գործարքների համար:

Այլ օրենքներում առաջարկվում է

- Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի պատասխանատու (վճարող)  ճանաչել լիզինգառուին (Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին ՀՀ օրենք),

- Տրանսպորտային միջոցների վարչական իրավախախտումների դեպքում պատասխանատու (վճարող) ճանաչել լիզինգառուին (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք):

Միաժամանակ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է «ֆինանսական վարձակալություն» տերմինը փոխարինել «լիզինգ» տերմինով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումներով լիզինգը հանդիսանում է լիզինգի տարատեսակներից մեկը: Այդ նպատակավ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ «Բանկերի եվ բանկային գործունեության մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում:

5. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:

Նախագծերի ընդունումը՝ համաձայն ոլորտում գործող ֆինանսավարկային կազմակերպությունների, դրականորեն կանդրադառնա ոչ միայն լիզնգային գործարքների դինամիկայի եւ լիզինգի պորտֆելի աճի տեսանկյունից, մասնավորապես.


Համաձայն ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների, փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ լիզինգի պորտֆելը կավելանա 2 անգամ՝ մինչեւ 2023 թվականը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Նախագծի կարգավորումներից բխող գործնական կիրառությունը եւ դրանց ազդեցությունը քննարկվել եւ համաձայնեցվել է նաեւ «ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի եւ «ԱԳՐՈ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի ղեկավարների եւ մասնագետների հետ: Նախագծերը էլ. փոստով ծանուցվել են մի շարք տնտեսավարող սուբյեկտների:

7. Ակնկալվող արդյունքը

Lիզինգային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի հստակեցում, լիզինգային գործարքների ծավալների ավելացում, արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացում՝ սարքավորումների արդիականացման միջոցով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԲԱՆԿԵՐԻ  ԵՎ   ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈ ՒՄ

13 փետրվարի 2020 թվականի  N 167-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ              Տ. ԱՎԻՆՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

20 փետրվարի 2020 թվականի  N  216 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 167-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Հարգանքով՝   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ