Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4855-24.02.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն Հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը իրենց հոլովումներով փոխարինել «լիզինգ (տարատեսակներ)» բառերով համապատասխան հոլովումներով:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 20-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը.».

2) 1-ին մասի 30-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ ակտիվի հաշվեկշռային արժեքը որոշելիս նվազեցվում է նաեւ այդ լիզինգի առարկայի հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումները, հաշվի առած նաեւ մինչեւ լիզինգի առարկան սեփականության իրավունքով լիզինգառուին անցնելը՝ լիզինգառուի կողմից կատարված Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը.».

3) 1-ին մասի 41-րդ կետում լրացնել նոր «դ» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«դ. լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի հանձնումը լիզինգառուին՝ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին».

4) 1-ին մասը լրացնել 69-71-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«69) լիզինգի առարկա՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված լիզինգի առարկան.

70) լիզինգի առարկայի սկզբնական արժեք՝ լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի ստացման փաստաթղթում արտացոլված արժեք, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող եւ Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի եւ վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի եւ (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ.

71) լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեք՝ լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի սկզբնական արժեքի եւ հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում՝ մաշվածության կամ ամորտիզացիայի մասհանումների) տարբերություն՝ հաշվի առած Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը՝ տվյալ ամսվա ընթացքում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափով, եթե սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչեւ ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի՝ սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման պահը՝ լիզինգի առարկայի սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման ամսվա ընթացքում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափով, եթե սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:

Լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված՝ մինչեւ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին՝ մինչեւ այդ պահը ստացված լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին» բառերը փոխարինել «եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին կամ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարների մասով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 55-րդ հոդվածի.

1)  2-րդ մասը լրացնել նոր 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«8) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ:»,

2) 3-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5) 8-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար:»,

3) 5-րդ մասից հետո լրացնել նոր 5.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտում պարտադիր ներառվում են՝

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ամսաթիվը.

4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունով կամ տողով (ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).

5) լիզինգի առարկայի անվանացանկը, քանակը, միավորի գինը ու ընդհանուր արժեքը.

6) լիզինգատուի.

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում՝ նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու եւ գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի առաքման կամ հանձնման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը,

7) լիզինգառուի.

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում՝ նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու եւ գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան եւ (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաեւ գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ լիզինգի առարկան հանձնվում է առաքման կամ հանձնման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա. ապրանքի՝ վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաեւ գույքի լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը՝ տոկոսների մասով,»:

Հոդված 7. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 19-րդ մասի 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում  հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափը եւ հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները, իսկ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները:»:

Հոդված 8. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-ին մասի.

ա) 47-րդ կետի «բ» ենթակետում «փոխառությունների» բառից հետո լրացնել «կամ գույքի լիզինգով (տարատեսակներով)» բառերով,

բ) 47-րդ կետի «ժե» ենթակետում «ավարտին» բառը փոխարինել «ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը» բառերով.

գ) 47-րդ կետի «ժե» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժզ» ենթակետով՝

«ժզ. լիզինգի (տարատեսակների) պայմանագրով՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից այն գույքի լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը,  որի ձեռքբերման ժամանակ գույքի մատակարարման գործարքից ԱԱՀ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվարկվել եւ չի վճարվել:»:

Հոդված 9. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 9-րդ եւ 10-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«9) լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի օտարման գործարքից առաջացած՝ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի եւ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վերաձեւակերպված ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով, եթե այդ լիզինգի առարկան մինչեւ օտարումը տրամադրված է եղել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որով նախատեսված չի եղել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.

10) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթեւ մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար:»:

Հոդված 10. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «տոկոսների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների)»:

Հոդված 11. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված» բառերը փոխարինել «լիզինգով (տարատեսակներով) տրված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին)» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածի

1) 1-ին մասում «ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված» բառերը փոխարինել «լիզինգով (տարատեսակներով) ստացված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին)» բառերով;

2) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ այդ սեփականության իրավունքով անցած ակտիվի՝ ամորտիզացիոն ժամկետի հաշվարկելու նպատակով, ամորտիզացիոն ժամկետի սկիզբ է համարվում այդ լիզինգի առարկայի ամորտիզացիայի հաշվարկման առաջին օրը.»

3)  8-րդ մասից հետո լրացնել նոր 9-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«9. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ծախս է ճանաչվում լիզինգի պայմանագրով նախատեսված լիզինգի առարկայի գծով այդ հաշվետու ժամանակաշրջանում որպես եկամուտ ճանաչված գումարի ու լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի հարաբերության եւ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին լիզինգի  առարկայի հաշվեկշռային արժեքի արտադրյալը:»:

Հոդված 13. Օրենսգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով՝

«5. Եթե հարկման օբյեկտը հանդիսանում է լիզինգի առարկա, ապա անշարժ գույքի հարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:

Հոդված 14. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ եւ 6-րդ կետերով.

«5) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկայի  նկատմամբ լիզինգի իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է լիզինգի (տարատեսակաների) առարկայի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

6) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն չի հաշվարկվում:»:

Հոդված 15. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով՝

«5) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին:»:

Հոդված 16. Օրենսգրքի 240-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով՝

«4. Եթե հարկման օբյեկտը հանդիսանում է լիզինգի առարկա, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:

Հոդված 17. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ եւ 6-րդ կետերով.

«5) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է լիզինգի (տարատեսակաների) առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

6) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն չի հաշվարկվում:»:

Հոդված 18. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով՝

«4) շարժական գույքի  կադաստր վարող մարմինը մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին:»:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 13-18-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հոդված 20. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք հանդիսացող լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է 2021 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 21. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած՝ փոխադրամիջոց հանդիսացող լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է 2021 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 22. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններին:

Հոդված 23. Շարժական գույքի կադաստր վարող մարմինը մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաեւ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման տվյալների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ՀՀ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ՓՄՁ խորհրդին աջակցող Վերակառուցման եւ զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ լիզինգի՝ որպես ֆինանսական գործիք ՀՀ-ում կիրառության եւ տարածվածության վերաբերյալ:

Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը եւ զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ տարածքում լիզինգային գործունեություն են իրականացնում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ՈՒՎԿ-ներից՝ 3-ը, գործող 21 առեւտրային բանկերից՝ 5-ը: Լիզինգի հիմնական ուղղություներն են՝ տրանսպորտային միջոցների, արտադրական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը, հանքաարդյունաբերությունը, շինարարական տեխնիկայի լիզինգը:

Լիզինգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի 677-684-րդ հոդվածներով, որոնք հիմնականում վերաբերվում են միայն ֆինանսական վարձակալությանը /լիզինգին/:

Ըստ էության Քաղաքացիական օրենսգրքը որեւէ կերպ չի կարգավորում լիզինգի մյուս տեսակները, որոնք իրենց բնույթով հանդիսանում են երկկողմանի գործարքներ, ի տարբերություն ֆինանսական վարձակալության /լիզինգի/: Հստակ կարգավորված չէ նաեւ ֆինանսական վարձակալության /լիզինգի/ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները:

Լիզինգի կիրառության խոչընդոտներից է հանդիսանում՝

ԱԱՀ չհաշվարկվող գործարքներով լիզինգի առարկայի ձեռքբերման համար լիզինգատուի կողից ԱԱՀ հաշվարկումը եւ վճարումը:

Լիզինգային գործունեության խոչընդոտներից է հանդիսանում նաեւ լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման արդյունքում լիզինգատուին պարտավորությունների ներկայացումը, այլ ոչ թե լիզինգառուին: Մասնավորապես՝ ավտոմեքենաների լիզինգի դեպքում վճարովի կայանատեղերի տուգանքները, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը եւ  տեխնիկական զննությունը, անշարժ գույքի եւ ավտոմեքենաների գույքահարկի վճարների պահանջները ներկայացվում են լիզինգատուին որպես գույքի սեփականատեր: Նշվածը խնդիրներ է առաջացնում լիզինգատուի եւ լիզինգառուի միջեւ՝ իրավական առումով, որպես գույքի սեփականատեր, լիզինգատուն է պատասխանատու վերոհիշյալ պարտավորությունների կատարման համար: Լիզինգ տրամադրող բանկերը եւ վարկային կազմակերպությունները հաճախ ինքնուրույն են կատարում նշված վճարումները եւ գույքահարկի վճարը, որպեսզի չխախտեն սահմանված վերջնաժամկետները՝ հետագայում ժամանակ եւ ռեսուրս ծախսելով լիզինգառուից փոխհատուցում ստանալու համար:

Լիզինգառուին գույքահարկ վճարող սահմանելը կնպաստաի նաեւ համայնքային բյուջեների հավասար բաշխմանը, քանի որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները գտնվում են Երեւան համայնքում, իսկ լիզինգի առարկան, մասնավորապես տրանսպորտային միջոցները փաստացի կարող է օգտագործվել Երեւան համայնքից դուրս:

Գույքահարկի խնդրից ելնելով, ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Մասնավորապես ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի օրենսդրությունները սահմանում են, որ անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների լիզինգով տարամադրման դեպքում գույքահարկ վճարող է ճանաչվում լազինգառուն, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը սահմանում է, որ գույքահարկի վճարման պարտավորությունը սահմանվում է պայմանագրով կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում գույքահարկ վճարող է համարվում լիզինգատուն:

Ներկայացված խնդիրների ամբողջությունը դարձնում են վարկը առավել գրավիչ ֆինանասական գործիք, քան լիզինգը, թե լիզինգատուների, թե լիզինգառուների տեսանկյունից, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է լիզինգի զարգացմանը:

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների խրախուսմանը, ընթացակարգերի հստակեցմանը եւ պարզեցմանը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծմանը, որոնց համար մեծ նշանակություն ունեն լիզինգային գործարքները:

4.  Առաջարկվող լուծումները

Օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, բաղկացած է Քաղաքացիական օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերից, որոնց կարգավորվում, պարզեցվում եւ հստակեցվում է լիզինգին առնչվող քաղաքացիաիրավական հարաբերությունները, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծից, որով կարգավորվում, պարզեցվում եւ հստակեցվում են հարկային հարաբերությունները:

Քաղաքացիական օրենսգրքի Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել.

-  լիզինգի տեսակները՝ հետադարձ լիզինգ, երկրորդային լիզինգ, ինչպես նաեւ տրվել է դրանց մանրամասն նկարագիրը եւ կիրառման առանձնահատկությունները /գործող Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է միայն լիզինգի հասկացություն/,

-  կարգավորվել են ենթալիզինգի հարաբերությունները,

-  լիզինգի յուրաքանչյուր տեսակի պայմանագրի առանձնահատկությունները,

-  լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելու գործընթացը,

-  լիզինգի առարկայի բարելավումների հետ կապված կարգավորումներ,

-  լիզինգի պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը,

-  լիզինգատուի պարտավորությունների դիմաց, լիզինգի առարկայի նկատմամբ բռնագանձնման դեպքում լիզինգային պայմանագրով լիզինգառուի իրավունքների պահպանումը նույն պայմաններով, քանի որ իրականում լիզինգի առարկան ձեռք է բերվում լիզինգառուի համար, սակայն մնում է որպես լիզինգատուի սեփականություն:

Հարկային օրենսգրքի Նախագծով առաջարկվում է.

- լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի համար վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա լիզինգատուին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկան օտարել կամ երկրորդայի լիզինգով տրամադրել իրական արժեքին մոտ արժեքով,

- Սահմանել լիզինգի առարկայի մատակարարման փաստաթղթավորումը,

- ԱԱՀ չնախատեսող գործարքներով ձեռքբերվող լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել: Ներկայումս լիզինգային ընկերությունները նման գործարքների դեպքում, վճարում եմ ԱԱՀ, ինչը արհեստականորեն բարձրացնում է լիզինգի առարկայի արժեքը եւ անմրցունակ դարձնում լիզինգը վարկի նկատմամբ,

- Լիզինգառուներին լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման ժամանակահատվածում համարել գույքահարկ վճարող,

- Սահմանել պետական մարմինների միջեւ գույքահարկի հաշվարկման համար տեղեկությունների փոխանակման կարգը՝ լիզինգային գործարքների համար:

Այլ օրենքներում առաջարկվում է

- Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի պատասխանատու (վճարող)  ճանաչել լիզինգառուին (Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին ՀՀ օրենք),

- Տրանսպորտային միջոցների վարչական իրավախախտումների դեպքում պատասխանատու (վճարող) ճանաչել լիզինգառուին (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք):

Միաժամանակ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է «ֆինանսական վարձակալություն» տերմինը փոխարինել «լիզինգ» տերմինով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումներով լիզինգը հանդիսանում է լիզինգի տարատեսակներից մեկը: Այդ նպատակավ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ «Բանկերի եվ բանկային գործունեության մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում:

5. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:

Նախագծերի ընդունումը՝ համաձայն ոլորտում գործող ֆինանսավարկային կազմակերպությունների, դրականորեն կանդրադառնա ոչ միայն լիզնգային գործարքների դինամիկայի եւ լիզինգի պորտֆելի աճի տեսանկյունից, մասնավորապես.


Համաձայն ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների, փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ լիզինգի պորտֆելը կավելանա 2 անգամ՝ մինչեւ 2023 թվականը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Նախագծի կարգավորումներից բխող գործնական կիրառությունը եւ դրանց ազդեցությունը քննարկվել եւ համաձայնեցվել է նաեւ «ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի եւ «ԱԳՐՈ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի ղեկավարների եւ մասնագետների հետ: Նախագծերը էլ. փոստով ծանուցվել են մի շարք տնտեսավարող սուբյեկտների:

7. Ակնկալվող արդյունքը

Lիզինգային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի հստակեցում, լիզինգային գործարքների ծավալների ավելացում, արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացում՝ սարքավորումների արդիականացման միջոցով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԲԱՆԿԵՐԻ  ԵՎ   ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈ ՒՄ

13 փետրվարի 2020 թվականի  N 167-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ              Տ. ԱՎԻՆՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

20 փետրվարի 2020 թվականի  N  216 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 167-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Հարգանքով՝   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ