Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Սույն օրենսգրքի 300.1, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:»
Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Վաղեմության ժամկետները չեն կիրառվում սույն օրենսգրքի 300.1, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ:»
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:»
ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:»
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»
ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք՝ իր հոլովաձեւերով) 75-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում է անձը ազատվում քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով, միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասում նախատեսելով այն դեպքերը, երբ վաղեմության ժամկետն անցնելու փաստը (հիմքը) հաշվի չի առնվում անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս:
Օրենսգրքի 81-րդ հոդվածը համանման մոտեցում է ցուցաբերում մեղադրական դատավճռի ի կատար ածման վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատժից ազատման հարցում՝ նշելով նաեւ այն հանցագործությունները, որոնք համար նշված հոդվածը կիրառելի չէ: Դրանք մարդկության անվտանգության եւ խաղաղության դեմ ուղղված, ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններն են, որոնք իրենցից ներկայացնում են համամարդկային սպառնալիք:
Նշված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառումն ամրագրված է ՄԱԿ-ի 1968թ նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայով եւ դրան հաջորդած մի շարք բանաձեւերով:
Միաժամանակ, Կոնվենցիայով որոշված արարքների շրջանակը չի արգելում պետություններին՝ իրենց ներքին օրենսդրութամբ ընդարձակել այն արարքների ցանկը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում տվյալ պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար:
Հիշյալ արարքների նկատմամբ վաղեմութան ժամկետ չկիրառելու մոտեցման հիմքում ընկած է դրանց վտանգավորությունը մարդկության եւ պետությունների համար, առաջացրած հետեւանքների ծանրությունը, մարդկության բնակակոն զարգացման գործում հարցուցված տեւական ու անհաղթահարելի խոչընդոտները, երկրի բնակչության սոցիալական եւ ժողովրդագրական վիճակի նկատմամբ խիստ բացասական ազդեցությունը եւ այլն: Մեր կարծիքով, այդ նույն տրամաբանությամբ ընդհանուր հանցավորությունից պետք է առանձնացնել նաեւ այլ հանրավտանգ արարքներ, որոնք լրջորեն վնասում են պետության իրավական, սոցիալական, ժողովրդագրական անվտանգությունը, սասանում իրավական եւ ժողովրդավարական պետության հիմքերը, իջեցնելով երկրում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքների մակարդակը՝ սրանցից բխող ամենատարբեր հետեւանքներով:
Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Դա պետք է ընկած լինի բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման ու դրանց պաշտոնատար անձանց եւ, առաջին հերթին, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործելակերպի հիմքում: Որեւէ պաշտոնյա չպետք է հնարավորություն ունենա որեւէ պատճառաբանությամբ թույլ տալ կամ հանդուրժել սահմանադրական կարգի դեմ որեւէ գործողություն: Առավելեւս, արտաքին մարտահրավերներով լեցուն պետություններում այս պահանջի պահպանումը խիստ կարեւոր է: Տնտեսական զարգացում, հասարակական առաջընթաց, սոցիալական ճիշտ քաղաքականության իրագործում, մշակութային կյանքի վերելք եւ այլ ցանկալի նպատակները չեն կարող կյանքի կոչվել, եթե երկրում հետեւողականորեն չի պահպանվում (տապալվում է) սահմանադրական կարգը:
Այս առումով գտնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 75-րդ եւ 81-րդ հոդվածները պետք է լրացնել քրեական պատասխանատվության եւ մեղադրական դատավճռի վաղեմությունից անկախ անձին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ընձեռող իրավադրություվ՝ այնպիսի արարքի համար, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը.
Նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ