Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ՝ 4-րդ մաս.
«4. Արբիտրաժային տրիբունալի կողմից քննության եւ լուծման ենթակա չեն այն վեճերը, որոնցում որպես կողմ հանդես է գալիս տվյալ արբիտրաժային տրիբունալի հիմնադիրը կամ նրա հետ փոխկապակցված անձը (ներառյալ` իրավահաջորդները եւ իրավանախորդները):
Սույն մասի կիրառության իմաստով` արբիտրաժային տրիբունալի հիմնադրի հետ փոխկապակցված են համարվում արբիտրաժային տրիբունալի հիմնադիր իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմնադրված իրավաբանական անձը, արբիտրաժային տրիբունալի հիմնադիր իրավաբանական անձի մասնակիցը, հիմնադիրը, բաժնետերը կամ անդամը, արբիտրաժային տրիբունալի հիմնադիր ֆիզիկական անձի ամուսինը, հիմնադիր ֆիզիկական անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, հիմնադիր ֆիզիկական անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինը, ինչպես նաեւ փոխկապակցված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմնադրված կամ նրան ամբողջությամբ կամ մասամբ պատկանող իրավաբանական անձը:»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը լրացնել նոր բովանդակությամբ`«ե» ենթակետ.
«ե) վիճարկվող վճռով արբիտրաժային տրիբունալի կողմից լուծված վեճը սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով ենթակա չէր տվյալ արբիտրաժային տրիբունալի քննությանը եւ լուծմանը, կամ»:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր բովանդակությամբ` «զ» ենթակետ.
«զ) Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված վճռով արբիտրաժային տրիբունալի կողմից լուծված վեճը սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով ենթակա չէր տվյալ արբիտրաժային տրիբունալի քննությանը եւ լուծմանը, կամ»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության վկայակոչված ու մեջբերված իրավանորմերից հետեւում է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես իրավական պետություն, սահմանադրական մակարդակով ամրագրել ու երաշխավորել է յուրաքանչյուր անձի արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքները` որպես հիմնական իրավունք: Անվիճելիորեն, դատական արդյունավետ պաշտպանության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքները կլինեն պատրանքային եւ իրագործելի չեն լինի, եթե պետության համակարգում առկա չլինեն անձի գործը լուծելու իրավասությամբ օժտված անաչառ մարմիններ, օրինակ` դատարաններ:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով դատարանում գործերի լուծման միջին տեւողությունը, օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված` գործերի ձգձգումները եւ կայացված վճիռների բողոքարկման հնարավորությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից դեռեւս 2007 թվականին ընդունվել է «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը, որը միտված է եղել որոշակի բնույթի վեճերի քննությունը եւ լուծումը իրավահարաբերության կողմերի համաձայնությամբ դատարանների փոխարեն արբիտրաժային տրիբունալների իրավասությանը հանձնելու հնարավորություն տրամադրելուն եւ այդպիսով վեճերի արագ ու առանց ձգձգումների լուծման հնարավորություն ապահովելուն: Ընդ որում, քննարկվող օրենքի ընդհանուր ուսումնասիրությունից ակնհայտ է, որ արբիտրաժային համաձայնությունը այն կնքած անձանց միջեւ վեճի դեպքում որպես ընդհանուր կանոն բացառում է վեճն առանց մյուս կողմի համաձայնության ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս փաստել, որ արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում դրա կողմերը բազմաթիվ դեպքերում ըստ էության հրաժարվում են վեճի ըստ էության քննությունն ընդհանուր իրավասության դատարանին հանձնելու իրենց իրավունքից, եւ այդ դեպքերում կողմերի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իրականացնող անկախ ու անաչառ մարմին է հանդիսանում արբիտրաժային տրիբունալը, ուստի վերջինս պետք է համապատասխանի անկախության ու անաչառության որոշակի չափորոշիչների, լինի ու երեւա անկողմնակալ` նպաստելով արբիտրաժային տրիբունալի նկատմամբ կողմերի վստահության ձեւավորմանն ու ամրապնդմանը:
Վերոգրյալի պայմաններում առաջանում է արբիտրաժային տրիբունալների վստահելիության, անկախության եւ անաչառության հանդեպ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների վստահությունը բարձրացնելու անհրաժեշտություն, որի շրջանակներում սույն նախագծով առաջարկվում է բացառել այնպիսի իրավիճակները, երբ արբիտրաժային տրիբունալի կողմից քննության են առնվում եւ լուծվում են այնպիսի գործեր, որին որպես կողմ հանդես եկող անձանց շրջանակը բացառում է տվյալ արբիտրաժային տրիբունալի` առնվազն անաչառ ու անկողմնական երեւալու հնարավորությունը եւ յուրաքանչյուր այդպիսի դեպքում առաջացնում է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման իրական վտանգ: Այլապես, առկա իրավակարգավորումների պայմաններում ստացվում է, որ առեւտրային յուրաքանչյուր ոլորտի որոշ մասնակիցներ կամ բոլորը միասին կարող են ՀՀ օրենսդրության սահմաններում ստեղծել արբիտրաժային տրիբունալ եւ իրենց կողմից կնքվող պայմանագրերում համապատասխան դրույթների ներառման միջոցով իրենց մասնակցությամբ բոլոր վեճերը դարձնել իրենց իսկ կողմից ստեղծված արբիտրաժային տրիբունալում քննության ենթակա, ինչը պարունակում է բազմաթիվ անձանց արդար դատաքննության իրավունքի խախտման վտանգներ եւ չի ապահովում անձի` սեփական իրավունքներին վերաբերող գործն անաչառ ու անկողմնակալ մարմնի կողմից լուծվելու իրավունքի իրականացման հնարավորությունը:
Այսպիսով, նախագծով առաջարկվող լրացումների նպատակն է բացառել արբիտրաժային տրիբունալի կողմից այնպիսի գործերի քննությունը եւ լուծումը, որին որպես կողմ մասնակցող անձանց շրջանակը թույլ է տալիս առնվազն օբյեկտիվ կասկած տածել վեճը լուծող արբիտրաժային տրիբունալի անկախության ու անաչառության հանդեպ: Միեւնույն ժամանակ, որպես նորմատիվ իրավական ակտի լրացվող դրույթի կատարումն ապահովող միջոց, նախագծով առաջարկվում է սահմանել, որ արբիտրաժային տրիբունալի կողմից իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ գործի քննությունը հիմք է տվյալ գործով կայացված վճիռը չեղյալ ճանաչելու, ինչպես նաեւ դրա ճանաչումը եւ հարկադիր կատարումը մերժելու համար:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. Օրենքի նախագիծը
2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` __ թերթ:
Հարգանքով` Նազելի Բաղդասարյան