Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-375-15.11.2019,02.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Դատավարական գործողությունների ընթացքը եւ արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում (բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի), որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:»:

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Դատավարական  գործողությունները  արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված եւ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները (բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի), շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի չորրորդ նախադասության մեջ «արձանագրությունում:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Այս կարգը չի կիրառվում սույն հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

2) լրացնել նոր բովանդակությամբ 3.1-րդ մասով`

«3.1. Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները եւ քննիչը չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում` հարցերը եւ պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Այս դեպքում առարկությունների բացակայության մասին նշում է կատարվում արձանագրությունում, տեսաձայնագրառումը ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է եւ կարող է բացվել դատարանում` սույն օրենսգրքի 337-րդ եւ 342-րդ հոդվածներով նախատեսված դեպքում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործվել քննիչի կամ դատախազի կողմից` իրենց դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը դատավարության մասնակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրվում է՝ քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:»:

3) 5-րդ մասում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ` «Սույն հոդվածի 3.1-րդ մասում նախատեսված դեպքերում հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը, ինչի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ 2.1 մասով.

«2.1. Եթե քննչական գործողության մասնակիցները եւ քննիչը չեն առարկում, ապա առերեսումը կատարվում է սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 337-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման» բառը,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Չի թույլատրվում ցուցմունքների տեսաձայնագրառման կամ ձայնագրառման, վերարտադրությունն առանց նախապես հրապարակելու մեղադրյալի, ամբաստանյալի այն ցուցմունքները, որոնք պարունակվում են համապատասխան հարցաքննության արձանագրությունում կամ դատական նիստի արձանագրությունում: Սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասում նախատեսված դեպքերում դատարանը բացում է հարցաքննության տեսաձայնագրառման կնքված նյութական կրիչը եւ վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 342-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման եւ» բառերը,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Վկայի ցուցմունքների տեսաձայնագրառման կամ ձայանգրառման, վերարտադրումը հնարավոր է միայն նրա հարցաքննության արձանագրությունը կամ դատական նիստի արձանագրության այն մասը հրապարակելուց հետո, որտեղ ամրագրված են վկայի ցուցմունքները: Սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասում նախատեսված դեպքերում դատարանը բացում է հարցաքննության տեսաձայնագրառման կնքված նյութական կրիչը եւ վերարտադրում է տեսաձայնագրառումը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: