Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածում`
1) 6-րդ մասում «գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալը» բառերը.
2) 10-րդ մասում «մասնակցությամբ» բառից հետո լրացնել «առանց դատարանի թույլտվության իրականացվող» բառերը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի
ա) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-9-րդ, 11-12-րդ, 15-16-րդ, կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 5-10-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը, որը, պայմանավորված կատարման հանգամանքներով եւ (կամ) առաջացրած հետեւանքներով, համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.».
2) լրացնել նոր` 3.1-ին եւ 3.2-րդ մասեր.
«3.1. Սույն հոդվածի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեեւ տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր եւ պարտավոր էր դա անել:
3.2. Սույն հոդվածի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները դատավորի կողմից խախտվելու հիմքով այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո` բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված խախտումների: Դատավորի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները խախտելու հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել դրանք հայտնաբերելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց երեք տարի հետո:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է`
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց.
2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր` դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի.
3) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն.
4) զերծ մնալ մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց.
5) զերծ մնալ դատավորի մասնագիտական եւ անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.
6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի.
7) զերծ մնալ որեւէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ.
8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսեւորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը եւ անաչառությունը.
9) արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ հայտնել Սահմանադրական դատարանին.
10) հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց.
11) ձեռնպահ մնալ որեւէ մեկից նվեր կամ այլ գույքային առավելություն ընդունելուց կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալուց, եթե դա ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, պահպանել դատավորի` նվեր ընդունելու սահմանափակումներին վերաբերող սույն օրենքով նախատեսված կանոնները.
12) չնախաձեռնել, թույլ չտալ եւ հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա ներկայացուցչի մասնակցության ("ex parte" (էքս պարտե), այսուհետ` ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա ներկայացուցչի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունն այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետեւյալ դեպքերում.
ա. երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ` դատական նիստի ամսաթիվը եւ ժամը համաձայնեցնելու կամ դատավարության կազմակերպման այլ դեպքերում, եւ այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, եւ դատավորն առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին` նրան հնարավորություն տալով արձագանքելու,
բ. երբ դատավորի կողմից միակողմանի շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով.
13) չնախաձեռնել եւ թույլ չտալ այն դատավորի հետ խորհրդակցելը, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ որոշում.
14) կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով խորհրդակցելու համար գործի ելքում չշահագրգռված մասնագետի դիմելիս (բացառությամբ այլ դատավորի, ինչպես նաեւ դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների, որոնց գործառույթը դատավորին արդարադատություն իրականացնելիս օժանդակելն է) կողմերին տեղեկացնել այդ մասնագետի ինքնության, ներկայացված հարցի վերաբերյալ ստացված կարծիքի մասին եւ հնարավորություն տալ նրանց այդ կապակցությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.
15) ներկայացնել գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր` «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.
16) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ, որոնք հաստատում են, որ իր գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական է եւ արժանահավատ է:»:
2. Արդարադատության եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ: Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է`
1) քննել եւ լուծել իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերի.
2) որոշում կայացնելիս լինել ինքնուրույն.
3) լինել անաչառ եւ զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսեւորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց.
4) հարգալից եւ բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի եւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե.
5) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների` իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որեւէ ազդեցություն.
6) արդարադատության եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումից զատ, այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
7) չմիջամտել դատական նիստերի ձայնագրման համակարգի աշխատանքին.
8) զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք նպատակ են հետապնդում ստեղծել գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքեր.
9) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում բացահայտել դրանք.
10) պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջները.
11) դատական նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «դատավոր» բառից հետո լրացնել «, բացառությամբ էական կարգապահական խախտման դեպքի, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային Ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ` սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով».
2) 11-րդ մասում «դատավորի անձը,» բառերից հետո լրացնել «դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը,» բառերը:
Հոդված 7. Օրենքում լրացնել նոր` 84.1.-րդ հոդված.
«Հոդված 84.1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից
1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո:
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից կարճվում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքեր: Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Սահմանադրական դատարանի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը եւ դրանք կատարած անձինք:»:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Կարգապահական պատասխանատվության հիմքերի եւ վարույթի վերաբերյալ սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարույթների նկատմամբ: