Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել խմբագրությամբ.
«4. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձեւավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):».
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Ազգային ժողովի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է խմբակցությունների համախոհությամբ (կոնսենսուսով): Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարություն, Ազգային ժողովի խմբակցություններ, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Փաստաբանների պալատ` յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար:».
3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Եթե սույն հոդվածի իմաստով Խորհրդի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրում, ապա նույն մարմինը թեկնածու է առաջադրում տասնօրյա ժամկետում:».
4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 8-րդ մասի «նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով` 10-օրյա ժամկետում, դիմում է իրավասու մարմիններ` նոր մրցութային խորհուրդ ձեւավորելու նպատակով» բառերով.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի թեկնածուի ընտրության համար ձեւավորվում է նոր Խորհուրդ, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի թափուր պաշտոններ համալրելու նպատակով, որի պարագայում մրցույթն անցկացնում է միեւնույն Խորհուրդը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Խորհրդի գործառույթները եւ գործունեության կազմակերպումը
1. Խորհուրդը`
1) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների եւ ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.
2) սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ).
4) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքում ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածուների.
5) հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է`
ա. թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած հարցարանը (այսուհետ` Հարցարան),
բ. Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը,
գ. առավելագույն միավորի բաշխումը` ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների,
դ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները,
ե. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը` համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում,
զ. գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.
6) հարցազրույցի փուլի ավարտից հետո կազմում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը.
7) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ:
2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի` նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:
3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհուրդն իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում:
4. Խորհրդի նիստերն արձանագրվում են:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.2-րդ հոդվածով.
«Հոդված 10.2. Մրցույթի անցկացումը
1. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ` աշխատակազմ) մրցույթը հայտարարում է Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում:
2. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքերում (այսուհետ` պաշտոնական կայքեր):
3. Հայտարարությունը պետք է պարունակի հետեւյալ տվյալները.
1) թեկնածուին ներկայացվող պահանջները.
2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում` բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը.
3) մրցույթի անցկացման պայմանները, Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը` ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը` համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.
4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը եւ վայրը:
4. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ` հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), այդ թվում` բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը, ինչպես նաեւ իր բնակության եւ էլեկտրոնային փոստի հասցեները:
5. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով:
6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան:
7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալը:
8. Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում` իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:
9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ` փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը` հարցազրույցի:
10. Փաստաթղթային ստուգման փուլում Խորհուրդը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում` նաեւ փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Խորհրդի որոշման հիման վրա աշխատակազմի միջոցով ստացվում են նաեւ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Խորհրդի որոշման հիման վրա պարզվում է աշխատակազմի միջոցով: Բարեվարքության լրացված հարցաթերթիկով ներկայացված տվյալները Խորհուրդը ստուգում է աշխատակազմի միջոցով` սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգին համապատասխան:
11. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդին այդ մասին ծանուցում է աշխատակազմը մեկ օրվա ընթացքում` աշխատակազմի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:
12. Փաստաթղթերի թերությունները հավակնորդը կարող է վերացնել փաստաթղթերը ներկայացնելու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում:
13. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված գործողությունների արդյունքում Խորհուրդը կազմում է հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցուցակը: Խորհուրդը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ հարցազրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
14. Հարցազրույցի նպատակն է Հանձնաժողովի անդամի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը:
15. Հարցազրույցը կազմված է երկու մասից`
1) հավակնորդի մասնագիտական փորձի, անձնական որակների եւ հմտությունների ուսումնասիրություն.
2) Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության ուսումնասիրություն:
16. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-ին կետով նախատեսված ուսումնասիրության ընթացքում Խորհրդի անդամներից մեկը հանդես է գալիս հավակնորդի վերաբերյալ զեկույցով: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում առկա տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու, Հանձնաժողովի անդամ դառնալու շարժառիթն ու ակնկալիքը պարզելու նպատակով Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին: Խորհուրդն իրավասու է նաեւ հավակնորդից պարզաբանումներ պահանջելու բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների վերաբերյալ:
17. Սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է հրապարակված Հարցարանի հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով:
18. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տեւողությունը մեկուկես ժամ է:
19. Հարցազրույցի ժամանակ Խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են սույն հոդվածով սահմանված գնահատման ենթակա հատկանիշները: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի` նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:
20. Հաղթող է ճանաչվում խորհրդի անդամների` մասնակիցներին տրված միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավոր ստացած հավակնորդը:
21. Եթե հավակնորդների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթող թեկնածուին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն հավակնորդի օգտին:
22. Քվեարկության ժամանակ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
23. Քվեարկության արդյունքներով ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում` տարիքով ավագին:
24. Խորհուրդը հարցազրույցի արդյունքների ամփոփման հիման վրա կազմում է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը` դրանում ներառելով Հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով:
25. Խորհուրդը ցուցակը կազմելուն հաջորդող օրը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է թեկնածուների ցուցակը:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.3-րդ հոդվածով.
«Հոդված 10.3. Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը
1. Խորհուրդը ցուցակը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
2. Ցուցակին կից ներկայացվում են Խորհրդի նիստերի արձանագրությունները, մրցույթի ընթացքում ներկայացված փաստաթղթերը:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.4-րդ հոդվածով.
«Հոդված 10.4. Նոր մրցույթի անցկացումը
1. Նոր մրցույթ հայտարարվում է, եթե`
1) Ազգային ժողովը չի նշանակում թեկնածուին.
2) հավակնորդների թիվը պակաս է թափուր տեղերի քանակից.
3) ի հայտ են եկել սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1.3-5-րդ կետերով նախատեսված հանգամանքներ, թեկնածուի մոտ Կառավարության սահմանած ցանկով նախատեսված` դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն, կամ առկա են թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:
2. Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքի մասին տեղեկանալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:
3. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:»:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:»:
Հոդված 8.
Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը`
ա. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում կարգապահական վարույթ է հարուցում դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ, ինչպես նաեւ դիմում է Ազգային ժողովի խմբակցություններ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ.»,
բ. 20-րդ կետից հանել «, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ» բառերը,
գ. 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«21) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական եզրակացություններ.»,
դ. «19) ընդունում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները (կանոնագիրքը).
20) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.
21) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման եւ կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.
22) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաեւ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:» բառերը փոխարինել «22) ընդունում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները (կանոնագիրքը).
23) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.
24) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման եւ կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.
25) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաեւ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:» բառերով.
2) 1.1-ին եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու եւ ստանալու (այդ թվում` էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաեւ վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.
«2.1. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով պահանջելու եւ ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց բանկային պահատուփերի առկայության, հաշիվների առկայության, հաշվի մնացորդի, հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաեւ պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն մուտքի եւ համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն` հարցման մեջ նշելով անձի տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի եւ հանձնաժողովի համատեղ իրավական ակտով: Հանձնաժողովն իրավասու է նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու օտարերկրյա բանկերից, ինչպես նաեւ օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերից կամ ներկայացուցչություններից:
2.2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալուց հետո Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից պահանջելու ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում` նյութերն ուղարկելու գլխավոր դատախազություն:».
4) 3-րդ մասի «հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի» բառերը փոխարինել «հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի» բառերով.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ մասերով.
«6.1. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ:
6.2. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, նյութերն ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ:».
6) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է`
1) հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր` դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը` 30 օր ժամկետ.
2) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որի սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջելու ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Սույն կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում` նշելով այն հանգամանքները, որոնք կարող են պարզվել իրավիճակային հայտարարագիրը ներկայացնելով:».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին եւ 9.2-րդ մասերով.
«9.1. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ:
9.2. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, դրանք ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.
«Հոդված 26.1. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը
1. Հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ եւ 22-րդ կետերով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:
2. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներն են`
1) թեկնածուի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության` գույքի եւ եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
2) թեկնածուի կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` ուսումնական հաստատության, աշխատավայրի (նախկին եւ ներկա) անվանումը (անվանումները), զբաղեցրած պաշտոնը (պաշտոնները).
3) քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկատվություն.
4) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ եւ խնամիությամբ կապված լինելու վերաբերյալ տեղեկատվություն:
3. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը համարվում է տեղեկացված Հանձնաժողովի` սույն օրենքով նախատեսված մարմիններից եւ անձանցից սույն օրենքով նախատեսված տեղեկություններ պահանջելու եւ ստանալու լիազորության մասին:
4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը, ինչպես նաեւ բարեվարքության ուսումնասիրության գործընթացի մանրամասները սահմանում է Հանձնաժողովը:
5. Սույն օրենքի իմաստով բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է`
1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում.
2) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում` կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների ուսումնասիրություն.
3) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն.
4) անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաեւ նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն.
5) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.
6) անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն:
6. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված անձի բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է համապատասխան օրենքներով նախատեսված ժամկետներում:
7. Հանձնաժողովը բարեվարքության ուսումնասիրության գործընթացում իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու եւ ստանալու (ներառյալ` էլեկտրոնային հարցման եղանակով) Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անձանց վերաբերյալ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաեւ վարկային բյուրոյից` վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:
8. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացին Հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել նաեւ միջազգային փորձագետներ:
9. Հանձնաժողովը տեղեկատվության ուսումնասիրության եւ ամփոփման արդյունքում կազմում եւ իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն:
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանձնաժողովը քննության է առնում սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը, եթե այն ներկայացվել է խախտման կատարման պահից մեկ տարվա ընթացքում:»:
Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վարույթի շրջանակում Հանձնաժողովն իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու եւ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն, ինչպես նաեւ իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ եւ ներկայացնելու դրանց արդյունքները:»:
Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածում`
1) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաեւ 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:».
2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ:»:
Հոդված 14. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հնգամսյա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարագրերը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է դատավորների հայտարարագրերը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հանձնաժողովը եւ Կենտրոնական բանկը համատեղ իրավական ակտով հաստատում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հանձնաժողովը հաստատում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը: