«Գլուխ 22.1 Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթը
Հոդված 203.1 Հայցադիմումը վարույթ ընդունելը
1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:
Հոդված 203.2 Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթի ժամկետները.
1. Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման հայցերը առաջին ատյանի դատարանում քննվում եւ լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ՝ երկամսյա ժամկետում:
2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում եւ որոշում է կայացնում երկամսյա ժամկետում:
3. Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունված բողոքը քննում եւ լուծում է երկամսյա ժամկետում:
Հոդված 203.3 Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը:
1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում: »
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:»:
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու արժանապատվությունն անխախտելի է:»: Սահմանադրական դրութների համակարգային մեկնաբանությունից բխում է, որ մարդու իրավունքները եւ ազատություններն ամենից առաջ սկսվում են նրա արժանապատվությունից: Անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Մինչդեռ, առկա իրավակարգավորումը, փաստորեն, չի նպաստում նման պահանջների արագ քննությանն ու լուծմանը, ինչի արդյունքում գրեթե վերանում է հիշյալ պանաջներով դատական հայցեր ներկայացնելու եւ խախտվածշ իրավունքը պաշտպանելու՝ անձի մտադրությունը: Երբեմն տարիներով ձգձգվող դատավարությունների արդյունքում, փաստորեն, հնչեցված զրպարտության կամ վիրավորանքի տեքստը շրջանառվում է զանգվածային լրատվության միջոցներով, եւ անձը ստիպված է լինում պարբերաբար լսել իր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունները, նյութերը, հրապարակումները եւ տեւական ժամանակ մնալ դրանց հոգեբանական ազդեցության ներքո: փաստորեն, գործող օրենքով նախատեսված ժամկետները չեն նպաստում խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությանը:
Պատվի եւ արժանապատվության պաշտպանությունն իրականացվում է միայն դատական կարգով: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ չեն գնում իրենց պատիվը եւ արժանապատվությունը դատական կարգով պաշտպանելու ճանապարհով՝ դրա երկար քննության պատճառով: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Պետությունը չի ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի մարդն իր անօտարելի արժանապատվության պաշտպանությունը իրականացնի արժանապատիվ պայմաններում: Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթները, ըստ էության, չեն իրականացվում բարդ ընթացակարգով: Հայցվորը հայցում ներկայացնում է դեպքը, կցում է ապացույցներ, դատարանը գնահատում է ապացույցները եւ կայացնում վերջնական դատական ակտ: Սույն գնահատողական գործընթացը տեւում է ամիսներ, նույնիսկ՝ տարիներ, ինչի արդյունքում մարդիկ նպատակահարմար չեն գտնում դիմել դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար:
Նախագծով առաջարկվում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման վարույթն ընդգրկել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ