3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ եւ 280-րդ հոդվածներով նախատեսված՝ քննչական գործողությունների կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) եւ այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան եւ հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով:
Հոդված 2. Օրենսգրքի 283-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
7. Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է քննիչին ուղարկվել էլեկտրոնային եղանակով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերոնշյալ փոփոխությունները միտված են նվազեցնելու ՀՀ քննչական կոմիտեի քննիչների անտեղի ծանրաբեռնվածությունը, որի հետեւանքով հնարավոր կլինի բարձրացնել քննիչի վարույթում քննվող քրեական գործերով քննչական գործողությունների եւ ընդհանրապես ամբողջ նախաքննության արդյունավետությունը: Քննիչների աշխատանքային ժամերից զգալի մասը ծախսվում է միջնորդություններ ներկայացնելու նպատակով մի քանի անգամ դատարան գնալու համար: Մասնավորապես՝ քննիչի մեկ անգամ գնում է դատարան ներկայացնելու միջնորդությունը եւ կից փաստաթղթերը՝ թղթային տարբերակով, երկրորդ անգամ գնում է դատարան դատական նիստին մասնակցելու համար, իսկ երրորդ անգամ՝ դատարանի կողմից կայացված որոշումը վերցնելու նպատակով: Երեւան քաղաքում ներկայումս առկա խցանումների պայմաններում դա կազմում է զգալի ժամանակի կորուստ, որը աշխատանքի նման ծանրաբեռնվածության պայմաններում ստեղծում է լրացուցիչ խնդիրներ եւ անհարկի ձգձգում անհապաղ կատարվելիք քննչական գործողությունների իրականացումը: Այդ պատճառով առաջարկվում է միջնորդությունները եւ կից փաստաթղթերը դատարան ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ սկանավորված վիճակում, իսկ որոշումների ստացման մասով՝ որոշ դեպքերում որոշումները նույնպես էլեկտրոնային տարբերակով ուղղարկվի քննչական բաժին /օրինակ՝ հեռախոսազանգերի մուտքային եւ ելքային վերածնումները ստանալու կամ նամակագրան, հեռագրական եւ այլ հաղորդումները հսկելու միջնորդությունները քննարկելու մասին որոշումները կամ միջնորդությունները մերժելու մասին որոշումները/:
Սույն փոփոխությունները նպատակ է հետապնդում նաեւ նվազեցնելու անհարկի փաստաթղթաշրջանառությունը թղթային տարբերակով: Մեկ քրեական գործով տարաբեր քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ կարող են ներկայացվել բազմաթիվ միջնորդություններ հարուցելու մասին որոշումներ եւ յուրաքանչյուր որոշմանը կից անհրաժեշտ է լինում ներկայացնել հիմնավորող փաստաթղթերը, որոնք շատ դեպքերում լինում են միեւնույն փաստաթղթերը /օրինակ՝ քրեական գործ հարուցելու մասին եւ/կամ քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում, ականատես վկայի ցուցմունք եւ այլն/, այն դեպքում երբ ներկայացված միջնորդություն հարուցելու մասին որոշումները եւ կից փաստաթղթերը դատարանների գրասենյակներում կրկին թվայնացվում են եւ կցվում համապատասխան էլեկտրոնաին թղթապանակին, իսկ ՀՀ քննչական կոմիտեում 2016 թվականից սկսած բոլոր քրեական գործերի նյութերը թվայնացվում են: Ստացվում է մի իրավիճակ երբ քրեական գործի նյութերից որոնք թվայնացվում են պատճենահանվում են նույն փաստաթղթից մի քնաի օրինակով կցվում են միջնրոդություններ հարուցելու մասին որոշումներին, ներկայացվում են դատարանի գրասենյակ, որտեղ նույն փաստաթղթերը կրկին անգամ թվայնացվում են եւ կցվում էլէկտրոնային թղթապանակին, որը հանգեցնում է անհարկի թղթի օգտագործման:
Կարեւորագույն հարցերից է նաեւ այն, որ գիտատեխնիկական առաջընթացը պետք է թույլատրվի օրենքով: Հանրապետության բոլոր քննչական մարմինները, քննիչները, դատարանները, դատախազությունը եւ դատախազները ապահոված են համակարգչային տեխնիկայով եւ ունեն էլեկտրոնային հասցեներ:
Աշխատանքի թղթաշրջանառության եղանակից էլեկտրոնայինի անցման պարագայում կունենանք ժամանակի զգալի խնայողություն եւ դա, բնականաբար, կհանգեցնի եւ՛ ծանրաբեռնվածության նվազմանը, եւ՛ գործը օպերատիվ կատարելուն:
Ի վերջո, պետությունը մեծ ծավալի ծախսեր է կատարում իրավապահ մարմիններին համակարգչային տեխնիկայով ապահովելու համար եւ դրանք իրենց նպատակին չծառայեցնելը որեւէ կերպ արդարացված չի կարող լինել:
Դեռեւս՝ 14.11.2019թ-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածում կատարվել է փոփոխություններ, որով նախատեսված էր դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելը:
Տվյալ պարագայում բաց է մնացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողություններ կատարելու մասին միջնորդությունները դատարան եւ դատախազին ուղարկելու կարգը էլեկտրոնային եղանակով սահմանելը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«03» մարտի 2020թ.
Հարգելի' պարոն Միրզոյան,Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կից ներկայացնում ենք՝
1) օրենքի նախագիծը
2) օրենքի նախագծի ընդունման հիմանվորումը
3) գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացումներ եւ փոփոխություն:
Նախագծի հիմնական զեկուցողն է Սերգեյ Ատոմյանը:
Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 6 էջ:
Հարգանքով՝ |
ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ |
ՍԵՐԳԵՅ ԱՏՈՄՅԱՆ |