Հոդված 1.
1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին » 2014 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-1-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած» բառերը հանել:
2.Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 7.2-րդ կետով.
«7.2) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը' 65 տարին լրանալու դեպքում.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի նպատակը
Նախագծի նպատակներն են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների կենսագործումը, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների կենսաթոշակային իրավունքների իրացման պայմանների իրավաչափության ու սոցիալական արդարության ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային իրավահարաբերությունների կիրարկման հարաբերությունների հստակեցումը:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Լրանում է ՀՀ Գերագույն խորհրդի 30-ամյակը՝ պատեհ առիթ արձանագրելու, որ գործող պետական կենսաթոշակային եւ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությամբ ՀՀ անկախությունը եւ Հայաստանի երրորդ հանրապետության պաշտոնական մեկնարկը հռչակած խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, որոնք օբյեկտիվ պատճառներով լրիվ 5 տարի չեն աշխատել Գերագույն խորհրդում, զրկվել են պատգամավորների համար նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից:
Այսպես, Գերագույն խորհրդի գործունեության ժամանակ չի գործել ՀՀ սահմանադրությունը (այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին), հետեւաբար ՀՀ ԳԽ պատգամավորների նկատմամբ «սահմանադրական ժամկետ» իրավանորմը կիրառելի չէ: Մյուս կողմից, ՀՀ ԳԽ պատգամավորները ՀՀ սահմանադրության ուժով իրավունք ունեն կենսաթոշակային իրավունքից օգտվել նրանց կենսաթոշակային իրավունքը հասնելու օրվանից: Սակայն գործող օրենսդրությամբ ՀՀ ԳԽ պատգամավորներին թույլատրվում է կենսաթոշակ ստանալ ՀՀ ԳԽ պատգամավորի 5 տարվա ստաժի դեպքում, ինչը, մեր կարծիքով,արդար չէ:
Պակաս կարեւոր չենք համարում այն հանգամանքը, որ Գերագույն խորհրդի պատգամավորները, ի տարբերություն ԱԺ պատգամավորների, չեն վարձատրվել այն տրամաբանությամբ, որ այդ խորհրդարանը չի եղել արհեստավարժ, եւ պատգամավորները վարել են տարբեր պաշտոններ այլ կառույցներում: ԳԽ պատգամավորներն իրենց լիազորություններն իրացրել են՝ օգտվելով համեստ գործառութային վճարներից եւ ճանապարհածախսից, որոնք համարժեք չէին ոչ կառույցի կոչմանն ու կարեւորությանը, ոչ էլ աշխատանքի այն իրական ծավալներին, որ կատարվում էր նորանկախ երկրի օրենսդրությունը նոր իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Կարծում ենք, որ օրենսդրության մեջ պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք բխեն ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների ու ազատությունների համընդհանուր հռչակագրով» եւ ՀՀ սահմանադրությամբ հռչակված ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներից ու թավշյա հեղափոխության հռչակած արժեքներից:
Սույն նախագծի շահառուներ, տարբեր հաշվարկներով, կարող են լինել մեկ տասնյակից ոչ ավելի քաղաքացիներ, ինչը, ըստ էության, պետական բյուջեի վրա մեծ բեռ չի ենթադրում:
Առաջարկվող օրենսդրական լուծումները
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին » օրենքում սահմանել դրույթ, համաձայն որի ԳԽ պատգամավորները, 65 տարին լրանալու դեպքում հնարավորություն ունենան օգտվել օրենքով պետական պաշտոն զբաղեցրած անձանց համար սահմանված արտոնյալ կենսաթոշակ ստանալու իրավունքից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իրացնել ՀՀ սահմանադրությամբ սահմանված երկրի սոցիալական պետության դրույթը, իրավահավասարության ու խտրականության բացառման սկզբունքները:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
03.03.2020թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Վարդեւան Գրիգորյան ),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ ենք:
Ազգային ժողովի պատգամավորներ՝ | Վարդեւան Գրիգորյան |
Հովիկ Աղազարյան | |
Միքայել Մելքումյան |