Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-503-06.03.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին կետը «նշում» բառից հետո լրացնել «, որն առնվազն պետք է ներառված լինի նաեւ պայմանագրի վերջին հատվածում՝ հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝ նույն էջում» բառերով:

2) լրացնել նոր 6-րդ մաս.

«6. Արգելվում է կրեդիտավորման պայմանագրի կնքումը (այդ թվում՝ առցանց եղանակով վարկի հաստատումը) ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով թեեւ նախատեսված է կրեդիտավորման պայմանագրում արդյունավետ տոկոսադրույքի չափը նշելու վերաբերյալ պարտադիր պահանջ, սակայն փաստացի իրավիճակը ցույց է տալիս, որ վարկառուները շատ հաճախ ստորագրելով պայմանագիրը չեն տեղեկանում այդ տոկոսադրույքի չափի մասին՝ պայմանագրի բավական ծավալուն լինելու պատճառով, իսկ  որոշ դեպքերում էլ դրա մասին չեն տեղեկացվում վարկատուների կողմից:

Թեեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը որոշակիորեն նպաստում են սպառողական վարկավորման ոլորտում  քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, սակայնբ պետք է նշել, որ ինչպես քաղաքացիների կողմից վարկավորման գործընթացին ոչ պատշաճ վերաբերմունքը, այնպես էլ վարկատու կազմակերպությունների կողմից ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը շատ հաճախ հանգեցնում են անցանկալի խնդիրների առաջացման, որոնցից հնարավոր կլիներ խուսափել՝ վարկերի փաստացի տոկոսադրույքների մասին վարկառուներին  հստակ տեղեկացման  ապահովման դեպքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացում կատարել, համաձայն որի՝ արդյունավետ տոկոսադրույքի վերաբերյալ նշումն  առնվազն պետք է ներառված լինի նաեւ պայմանագրի վերջին հատվածում՝ հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝  նույն էջում: Սա հնարավորություն կտա վարկառուներին պայմանագրի ստորագրման պահին հստակ տեղեկանալ արդյունավետ տոկոսադրույքի չափի մասին՝ մինչ վարկի ստացման  վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

- Հարկ է նշել նաեւ, որ ինչ-ինչ պատճառներով՝ քաղաքացիները հաճախ դիմում են վարկ ստանալու համար օրվա գիշերային ժամերին, լինելով ոչ սթափ վիճակում, հաճախ  նաեւ տարված  խաղադրույքներ կատարելու եւ մոլեխաղերի մոլուցքով: Արդյունքում, գիշերային ժամերին արագ գումարի հասանելիությունը, հետագայում կարող է լուրջ խնդիրներ  առաջացնել այն ստացող անձանց համար: Ավելին, որոշ դեպքերում էլ գիշերային ժամերին գրավատներում գրավադրվող ոսկյա իրերը կամ կենցաղային տեխնիկան լինում են  գողացված, եւ տվյալ դեպքերում վարկ ստանալը նաեւ գողոնից արագ ազատվելու միջոց կարող է հանդիսանալ: Այսպիսով, ակնհայտ է, որ գիշերային ժամերին սպառողական վարկերով տրամադրված գումարների օգտագործումը չի կարող լինել հիմնավորված, հետեւաբար դրա հնարավորության առկայությունն առաջացնում է հավելյալ սոցիալական ռիսկեր:

Ելնելով վերոգրյալինց, առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ավելացնել նոր դրույթ, համաձայն որի՝ կարգելվի կրեդիտավորման պայմանագրի կնքումը (այդ թվում՝ առցանց եղանակով վարկի հաստատումը) ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն  ընկած  ժամանակահատվածում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 05 թերթ:
 
 

Հարգանքով՝    ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ



ՈՐՈՇՈւՄ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի մարտի 03-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Սպառողական կրադիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
 

126 Է. Մարուքյան
125 Գ. Գորգիսյան
116 Ա. Խաչատրյան
117 Ա. Սամսոնյան
118 Հ. Բաբայան
119 Ա. Եղիազարյան
120 Ա. Կոստանյան
121 Կ. Սիմոնյան
122 Ս. Գրիգորյան
123 Ս. Ալեքսանյան
124 Գ. Բաղդասարյան
127 Մ. Թանդիլյան
128 Է. Անդրեասյան
129 Ռ. Ստեփանյան
130 Տ. Սիմոնյան
131 Հ. Այվազյան
132 Ս. Մինասյան