Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության Աշխատանքային 2004 թվականի նոյեմբերի 9-ի oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքի էական պայմանները» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 եւ 2.2-րդ կետերով նախատեսված դեպքերի:» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածը 1-ին մասի 2.1) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1) հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո երեխայի մեկ տարին լրանալը, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.»:

Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հայրության արձակուրդը:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 176.1. հոդվածով.

«Հայրության արձակուրդը

Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի նախագծի ընդունման առաջնային նպատակը Սահմանադրության 16-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչելն է, ըստ որի՝ ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են:

Հարկ է նշել, որ Օրենսգրքի մակարդակով նախատեսվել են երաշխիքներ հղի կանանց եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար: Ստացվում է որ կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը ընդամենը մեկ ամիս է, ինչը բավարար ժամկետ չի կարելի համարել: Հետեւաբար նախագծի փոփոխությունը ապահովում է կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգում մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը:

Ինչպես նաեւ, Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված էական պայմանների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ աշխատանքի էական պայմանների փոփոխությունը եւս կարող է տեղի ունենալ գործատուի նախաձեռնությամբ եւ սուբյեկտիվ պատճառներով, ինչից ապահովագրված չեն հղիության եւ ծննդաբերության արձակուրդից վերադարձող եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձինք: Այսպիսի կարգավորումը խոցելի է դարձնում վերը նշված խմբերի աշխատանքային երաշխիքները եւ չարաշահումների համար սողանցք թողնում անբարեխիղճ գործատուներին: Նմանօրինակ խնդրի արձանագրում կա նաեւ «Գայանե Հայրոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 79-րդ հոդվածի համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշման մեջ: Ուստի, առաջարկվող օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա բացառել նմանօրինակ դեպքերը:

Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին:

Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Համաձայն վերոգրյալի, նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի եւ նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ, որոնց թվին են դասվում Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի Հանրապետությունները եւ Իսպանիայի Թագավորությունը:

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրական դաշտում է՛լ ավելի ապահովել աշխատողների, մասնավորապես՝ կանանց  իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում: 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

«05» Մարտ  2020թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ   ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգարժա'ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Ծովինար Վարդանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր (  ) էջ
 
 
Պատգամավորներ՝ 
Ծովինար Վարդանյան /038/
Սոնա Ղազարյան /024/
Լուսինե Բադալյան /005/
Արմեն Փամբուխչյան /009/
Նարեկ Զեյնալյան  /029/