Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-509-09.03.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՉՈՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

«1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Արձանագրությունն ստորագրվել է կարեւորելով 2000 թվականի հունիսի 20-ին ստորագրված՝ 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի իրագործման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:

Արձանագրությունն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում:

Արձանագրությամբ նախատեսվում է դյուրացնել Կողմերի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում արտոնյալ պայմաններով, ձեռք բերումն, ինչպես նաեւ ձեռք բերման մեխանիզմը:

Արձանագրության վավերացումը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության ազգային զինված ուժերը, այլ զորքերը, զինվորական կազմավորումները, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները եւ զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորումները սպառազինելու եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ընթացքում հետեւել գնագոյացմանը, ինչպես նաեւ սպառազինությունն եւ ռազմական տեխնիկան ձեռք բերել մատակարարող Կողմի՝ ինչպես սեփական ազգային զինված ուժերի համար գնագոյացումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Արձանագրությամբ լրացում եւ փոփոխություն է կատարվում Համաձայնագրի 2-րդ հոդվածում:

Արձանագրությամբ կատարվող փոփոխությունների նպատակն է հստակեցնել եւ ավելի դյուրին դարձնել Համաձայնագրի իրագործումը:

Հաշվի առնելով վերոնշյալը, նաեւ այն, որ Համաձայնագրով նախատեսված է փոփոխությունների մասին արձանագրությունները պետք է ուժի մեջ մտնեն նույն ընթացակարգով /ԱԺ վավերացմամբ/, պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում սկսել Արձանագրության վավերացման նպատակով սահմանված ընթացակարգերը:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՉՈՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չորրորդ արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Չորրորդ արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների հիմքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության՝  Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող  դրույթներ առկա չեն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ մասին

«1992թ. մայիսի 15-ի՝  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության նախագծի մշակման հարցը քննարկվել է 2015թ. սեպտեմբերի 10-ին Նիժնի Տագիլում կայացած ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Քննարկումների արդյունքում Հանձնաժողովը հավանության է արժանացրել Արձանագրությունը եւ որոշում կայացրել ներկայացնել ՀԱՊԿ անդամ պետությունների ներպետական համաձայնեցմանը:

Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կողմից:

Արձանագրության նպատակը Համաձայնագրի շրջանակներում ռազմական արտադրանքի մատակարարման հայտերի քննարկման ժամկետի կրճատումն է, ինչպես նաեւ այն արտադրանքի գնագոյացման մեխանիզմի հստակեցումը, որը չի գնվում մատակարարող Կողմի զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների համար, այլ նախատեսված է մատակարարել ՀԱՊԿ այլ անդամ պետություններ: Ավելին, ռազմական արտադրանքի այսպիսի մատակարարումների վրա տարածվում են նույն դրույթները, որոնք վերաբերում են արտոնյալ պայմաններով ռազմական արտադրանքի մատակարարումներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «1992թ. մայիսի 15-ի՝  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Դ. ՏՈՆՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Տոնոյան,

Ի պատասխան Ձեր 2019 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ՊՆ/510/2150-2019 գրության՝ հայտնում եմ, որ հաշվի առնելով բերված պարզաբանումները, «1992 թվականի մայիսի 15-ի՝ հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության վավերացման հետ կապված առարկություններ չունեմ, միաժամանակ առաջարկում եմ ԲՏԱ նախարարության նախորդ առաջարկները դիտարկել ապագայում:

Հարգանքով՝      Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Տոնոյան,

Ի պատասխան Ձեր 2019 թվականի փետրվարի 21-ի թիվ Պն/510-270 գրության՝ հայտնում եմ, որ «1992 թվականի մայիսի 15-ի՝ հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման, Հանրապետության նախագահի հրամանագրի, ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Հարգանքով՝   Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Տոնոյան

Ի պատասխան Ձեր գրության՝ «1992 թվականի մայիսի 15-ի՝ հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությամբ ներկայացված ՀՀ կառավարության որոշման, Հանրապետության նախագահի հրամանագրի, ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության որոշման  նախագծերի վերաբերյալ հայտնում եմ հետեւյալը.

Չորրորդ արձանագրության Հոդված 1-ի վերջին պարբերությամբ առաջարկվում է սահմանել, որ «արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմը, անհրաժեշտության դեպքում, ռազմական արտադրանքի ձեռք բերմամբ շահագրգիռ կողմի հարցմամբ, տրամադրում է համաձայնագրի դրույթներով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար պայմանագրի (պայմանագրի նախագծի) պայմանների համապատասխանության մասին, այդ թվում՝ գների կազմավորման մասով, լիազորված մարմնի գրավոր հաստատումը»:

Տվյալ մասում ընդգծվում է անհրաժեշտության դեպքում պայմանագրի նախագծի պայմանների համապատասխանության մասին, այդ թվում՝ գների կազմավորման մասով  լիազորված մարմնի գրավոր հաստատումը, այսինքն՝ գրավոր գնագոյացման հիմնավորվածության եւ վերլուծություն, որն իր հերթին գույքային պարտավորություն չի կրում:

Միաժամանակ ընդգծվում է նաեւ ռազմական նշանակության արտադրանք արտադրողի երկրի սեփական կարիքների համար գնագոյացումը կարգավորող օրենսդրությունը:

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ըստ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է ռազմարդյունաբերական պետական կոմիտե, որը ըստ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դ. ենթակետի՝ մասնակցում է ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման մեթոդների, դրանց կիրառման մեխանիզմների եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագծերի մշակմանը, որը եւս հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկ է նշել նաեւ, որ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գույքային աջակցությունն իրականացվում է անշարժ կամ շարժական պետական գույքը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին անհատույց օգտագործման իրավունքով կամ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով, որոնք պետք է օգտագործվեն ըստ նպատակային նշանակության՝ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներն են իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ռազմարդյունաբերական գործունեություն:

Հատկանշական է նաեւ «արտոնյալ  պայմաններով ռազմական նշանակության արտադրանք մատակարարող արտադրանք մատակարարում» արտահայտությունը, երբ չի հստակեցվում, թե ինչ արտոնություններ կարող են լինել:

Հարգանքով՝     ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 մայիսի 2019թ.

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Է. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աղաջանյան

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին դրույթով, կից ներկայացնում եմ 2017 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի՝ հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը (այսուհետ Արձանագրություն)  վավերացնելու մասին օրենքի նախագծի փաթեթը (սահմանված՝ Օրենքի 11-րդ հոդվածով) վավերացման ներկայացնելու նպատակով:

Վերոնշյալ Արձանագրության կատարման համար պատասխանատու մարմին է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Արձանագրությունը Սահմանադրական դատարանում եւ Ազգային ժողովում ներկայացնելու համար Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի թեկնածությունը:

Հարգանքով՝         Դ. ՏՈՆՈՅԱՆ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒ Մ

6 մարտի 2020 թվականի  N 300 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 6
 Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

5 դեկտեմբերի 2019 թվականի  N  1738  - Ա

«1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ   ՀԻՄՆԱԿԱՆ   ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ  ՄԱՍԻՆ   ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՉՈՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հավանություն տալ 2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 9
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Հարգանքով՝                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ