Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5071-09.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայությունը կազմակերպում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542 , 1549 , 310.1, 314.2, 314.3 հոդվածներով  նախաքննություն:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով  սույն մասի 1-ին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ' Օրենսգիրք) 190-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը սահմանում է. «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542 , 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:»:

Նշված նորմում գործածվում է «կամ» շաղկապը, որն, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, հանդիսանում է դրանից առաջ եւ հետո նշված պայմաններն առանձնացնող արտահայտություն:

Մասնավորապես` նշված օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով,(...):»:

Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Այսպիսով, Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ նաեւ` Ծառայություն) քննիչները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542 , 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախաքննությունը:

Այս նորմի տառացի մեկնաբանման արդյունքում ներկայումս Ծառայությունը քննում է ինչպես պաշտոնեական դիրքի հետ կապված, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից կատարվող, սակայն պաշտոնեական լիազորությունների կատարումից չբխող հանցագործություններ, որոնց բաժինը քննված ընդհանուր հանցագործությունների թվում այնքան էլ փոքր չէ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում Ծառայության քննիչների կողմից քննված` անձի պաշտոնեական դիրքի հետ չկապված հանցագործությունների մասին գործերը կազմել են ընդհանուր գործերի շուրջ 20%-ը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության` որպես անկախ, որեւէ գերատեսչական շահով չկաշկանդված կառույցի ստեղծումը, պայմանավորված էր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների անաչառ, անկաշկանդ, անկողմնակալ, անկախ եւ արդյունավետ քննության անհրաժեշտությամբ:

Ի սկզբանե, երբ 2007 թվականին ստեղծվեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, պահանջ կար նաեւ ապահովելու պաշտոնատար անձանց բավականին լայն շրջանակի պաշտոնեական դիրքի հետ չկապված հանցագործությունների քննության անկախությունն ու անկողմնակալությունը: Ուստի, այդ ժամանակ, Ծառայության քննիչների կողմից նմանատիպ գործերի քննությունը նպատակահարմար էր այն առումով, որ Ծառայությունը միակ մարմինն էր, որը չէր գտնվում որեւէ կառույցի ենթակայության տակ:

Հետագայում ստեղծվեց նախաքննություն իրականացնող մյուս անկախ մարմինը` ՀՀ քննչական կոմիտեն, սակայն Ծառայությունը շարունակեց նախաքննություն իրականացնել պաշտոնատար անձանց լայն շրջանակի` պաշտոնեական դիրքի հետ կապված եւ չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով: Դրան զուգահեռ էապես աճեց Ծառայությունում քննվող գործերի քանակը, հետեւաբար` քննիչների ծանրաբեռնվածությունը (2012 թվականի համեմատ Ծառայության քննիչի ծանրաբեռնվածությունն ավելացել է ավելի քան չորս անգամ):

Բացի այդ, հարկ է նշել, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը 2017-2018թթ.-ին լրացվել է, ինչի արդյունքում Ծառայության քննչական ենթակայությանն է անցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314.2, 314.3, 310.1 հոդվածներով գործերի նախաքննությունը, իսկ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում նման լրացում չի կատարվել:

Հարկ է նշել նաեւ, որ Oրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ «Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն»:

Այսպես, Օրենսգրքի քննարկվող նորմում գործածվում է «դրա փաստական հանգամանքներով պայմանավորված» արտահայտությունը:

Ղեկավարվելով իրավական նորմի տառացի մեկնաբանման պահանջով` հարկ է նկատել, որ նման ձեւակերպման պայմաններում ցանկացած փաստական հանգամանք կարող է քննչական ենթակայության փոփոխման հիմք հանդիսանալ, եթե առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն երաշխավորելու անհրաժեշտություն:

Քննարկվող նորմում նշված չէ նույնիսկ փաստական հանգամանքների մոտավոր շրջանակ, որի առկայության պարագայում կառաջանա ՀՀ գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով իրեն վերապահված իրավունքի իրացման հնարավորությունը:

Հատկանշական է, որ քրեական գործի քննության բազմակողմանիության, լրիվության եւ օբյեկտիվության երաշխավորման պահանջը համընդհանուր եւ պարտադիր բնույթ է կրում բոլոր նախաքննական մարմինների համար, եւ այն` որպես քննչական ենթակայության փոփոխման հիմք նախատեսելը, խնդրահարույց է:

Քննչական ենթակայությունը փոխելու հիմք կարող է հանդիսանալ այնպիսի իրավիճակը, երբ նախաքննական մարմնում այլեւս կոնկրետ գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը ապահովելու հնարավորությունը բացակայում է` պայմանավորված այնպիսի հանգամանքով, որպիսին հնարավոր չէ վերացնել դատավարական գործող կառուցակարգերի շրջանակներում: Այսինքն` խոսքը գնում է կոնկրետ գործի քննության շրջանակներում թույլ տրված այնպիսի խախտումների կամ այլ հիմքերի առկայության մասին, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը: Այլ դեպքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով իրեն վերապահված լիազորության իրականացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ քննիչին վարույթից հեռացնելու հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական այլ լծակներ են առկա (Օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մաս, ինչպես նաեւ 53-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 10-րդ կետեր):

Քննարկվող նորմը գործնականում ունի լայն կիրառություն, ինչի մասին են փաստում վիճակագրական տվյալները: Մասնավորապես` 2015-2018թթ ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությամբ Ծառայություն է ուղարկվել շուրջ 400 քրեական գործ, որը կազմում է նշված ժամանակահատվածում քննված գործերի շուրջ 20%-ը:

Հետեւաբար, անհրաժեշտ է սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները` իրավունք վերապահելով Ծառայությանը փոխանցել այն քրեական գործերը, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական ծառայություն իրականացնող անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է, որպեսզի նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542 , 1549 , 310.1, 314.2, 314.3 հոդվածներով իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները:

Հարկ է ընդգծել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումների պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված եւ չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն շարունակելու են իրականացնել Հատուկ քննչական ծառայության քննիչները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը 2017-2018թթ.-ին լրացվել է, ինչի արդյունքում Ծառայության քննչական ենթակայությանն է անցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314.2, 314.3, 310.1 հոդվածներով գործերի նախաքննությունը, Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում:

Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները` իրավունք վերապահելով Ծառայությանը փոխանցել այն քրեական գործերը, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական ծառայություն իրականացնող անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:

«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենսգրքում նույնաբովանդակ փոփոխություններ կատարելու առաջարկով եւ բխում է այս երկու իրավական ակտերի համապատասխանեցման պահանջից:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում զգալիորեն կթեթեւանա Ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ջանքեր եւ ժամանակ ուղղել իրենց ենթակայությանը վերապահված քրեական գործերի քննությանը, ինչպես նաեւ  առավել կհստակեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

27 փետրվարի 2020 թվականի  N 209 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 28
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

6 մարտի 2020 թվականի  N 303 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 6
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 27-ի N 209-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Հարգանքով`                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ