Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) 8-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 200.000 ՀՀ դրամ»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2020 թվականին լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը: Ի թիվս նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների մեր երկիրը նույնպես իր մեծ ավանդն է ունեցել այդ՝ մարդկության պատմության ամենադաժան պատերազմում տարած հաղթանակում: Ավելին, մարդկային մեծ ռեսուրսներ չունեցող մեր պետությունից ռազմաճակատ է մեկնել մոտ 300.000 մարդ, որն այդ ժամանակ կազմել է բնակչության 22 %-ը: Ներկայումս ՀՀ-ում ապրում են 276 վետերան, որոնք ունեն մեծ ուշադրության կարիք՝ այդ թվում նաեւ նյութական առումով:
Ներկայումս վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ եւ այդ պատվովճարի չափն ըստ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորման սահմանում է ՀՀ Կառավարությունը: Նախ կարծում ենք, որ պատվովճարի չափը պետք է սահմանված լինի օրենքով, ինչով առաջին հերթին կապահովվի օրենքով շահառու հանդիսացող անձի ակնկալվող պատվովճարի չափի կանխատեսելիությունը եւ վերջինս ստիպված չի լինի սպասել Կառավարության կողմից պատվովճարի հնարավոր բարձրացմանը: Բացի այդ կարծում ենք, որ նշված գումարը ակնհայտ բավարար չի վերջիններիս նվազագույն կարիքները հոգալու ու արժանապատիվ կյանք վարելու համար եւ այդ գումարի չափը յուրաքանչյուր տարի պետք է բարձրացվի՝ ապրանքների գների աճին զուգահեռ: Ուստի նախագծով առաջարկում ենք վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանել 200.000 ՀՀ դրամ: Եվ սա ոչ միայն կլինի ՀՀ-ում ապրող 276 վետերանի կյանքի ֆինանսական կողմի բարելավում, այլեւ առնվազն փոքր հատուցում նրանց անձնանվեր գործի համար:
Ընդ որում ուսումնասիրել ենք նաեւ վետերաններին աջակցություն ցուցաբերելու միջազգային փորձը եւ ակնհայտ է դարձել, որ վերջիններս մի շարք այլ երկրներում ունեն բավականին մեծ արտոնություններ՝ ի տարբերություն ՀՀ-ում ապրող վետերանների:
Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում, ի թիվս այլ արտոնությունների (վճարված հարկի վերադարձ, բջջային ծառայությունների փոխհատուցում եւ այլն), վետերանները ստանում են մոտ 300.000 դրամ եւ նախատեսվում է դրա բարձրացում 9.500 ռուբլու՝ մոտ 67.000 ՀՀ դրամի չափով: Ավելին ՌԴ-ում Հայրենական պատերազմի 75 ամյակի կապակցությամբ նախատեսվում է վետերաններին միանգամյա պարգեւատրում 75.000 ռուբլու կամ մոտ 525.000 ՀՀ դրամի չափով:
Ղրղզստանում 2020թ. Հայրենական պատերազմի 75 ամյակի կապակցությամբ նույնպես նախատեսվում է պատվովճարի բարձրացում, ինչպես նաեւ միանվագ վճար՝ 75.000 սոմի կամ 520.000 ՀՀ դրամի չափով:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վետերանների աջակցության դեպարտամենտը 1.228 դոլար (մոտ 590.000 ՀՀ դրամ) աջակցություն է տրամադրում միայնակ վետերանի դեպքում եւ 2.226 դոլար (մոտ 1.000.000 ՀՀ դրամ)՝ զույգ վետերանների դեպքում: Միեւնույն ժամանակ տրամադրում է հատուկ կացարաններ, առողջական ամբողջական ապահովագրություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հաշմանդամների համար նախատեսված պարագաներ:
Մեծ Բրիտանիայում վետերաններին վճարվում է թոշակ, որի չափը կախված զինվորական աստիճանից տատանվում է: Ամեն դեպքում նվազագույն թոշակի չափը կազմում է մոտ 1.000.000 ՀՀ դրամ: Այրի վետերանները ստանում են հավելյալ գումար՝ մոտ 290.000 ՀՀ դրամի չափով:
Իսրայելում վետերանների թոշակները սկսում են մոտ 700.000 ՀՀ դրամից:
Ֆրանսիայում վետերանները միջինում ստանում են 1.600.000 ՀՀ դրամին համարժեք թոշակ:
Վստահ ենք, որ մեր երկրում ապրող վետերանները, որոնց թիվը ցավոք սրտի օր օրի նվազում է, եւս պետք է ապրեն եւ վարեն արժանապատիվ կյանք: Պետք է չմոռանանք, որ խոսքը գնում է տարիքային բարձր շեմ ունեցող մարդկանց մասին, ովքեր հենց տարիքով պայմանավորված ունեն բժշկական ծառայություններից առավել հաճախ օգտվելու կարիք, մինչդեռ ակնհայտ է, որ որակյալ բժշկական ծառայությունները բավականին թանկ են, շատերի համար անգամ անհասանելի: Նման պայմաններում ակնհայտ է, որ խնդրի լուծման միակ տարբերակը ֆինանսական պատշաճ աջակցությունն է:
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխության արդյունքում կբարձրացվի Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը` նրանց բարեկեցությունն ապահովելու համար: Նախագծի ընդունումն ըստ էության միտված է նաեւ նշված անձանց անձնազոհ աշխատանքի, վաստակի եւ անբասիր ծառայության գնահատմանը: